Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի ընտրանուց
Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս խոշոր հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի ընտրանուց։ Մրցակցի դաշտում հանդիպումն ավարտվեց 9-1 հաշվով:
Ինչպես Երևանում, Պորտուում ևս Պորտուգալիան առաջին համարով էր խաղում առաջին իսկ րոպեներից: Արդեն 7-րդ րոպեին պորտուգալացիները բացեցին խաղի հաշիվը․ տուգանայինից հետո գլխի հարվածով դարպասը գրավեց Ռենատու Վեյգան։
18-րդ րոպեին մեր տղաները լավ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց մեր ընտրանու ավագ Էդուարդ Սպերցյանը։
Բաց թողած գնդակից հետո պորտուգալացիները մեծացրին ճնշումը: Հանդիպման 28-րդ րոպեին մեր կիսադաշտում Արթուր Սերոբյանի սխալից հետո գնդակը հայտնվեց Գոնսալու Ռամուշի մոտ, որն էլ մեն-մենակ դուրս եկավ Հենրի Ավագյանի դեմ ու իր թիմին կրկին առաջ մղեց: Վայրկյաններ անց դաշտի տերերը առանց որևէ դժվարության ևս մեկ գնդակ ուղարկեցին մեր դարպասը՝ 3-1: Աչքի ընկավ Ժոաու Նեվեշը։
10 րոպե անց Նեվեշը երկրորդ գոլը խփեց՝ տուգանայինից գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը։
Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Պորտուգալիայի հավաքականը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն էլ հստակ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։ Թիմերն ընդմիջման գնացին 5-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում հիմնական պատկերն առանձնապես չփոխվեց։ 52-րդ րոպեին դուբլ գրանցեց նաև Բրունո Ֆերնանդեշը՝ 6-րդ գնդակն ուղարկելով մեր դարպասը։ 72-րդ րոպեին էլ Ֆերնանդեշը ևս մեկ 11-մետրանոց իրացրեց ու հեթ-տրիկ գրանցեց՝ 7-1։
Իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց նաև Ժոաու Նեվեշը։ Խաղի վերջակետն էլ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին դրեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն՝ 9-1։
Թիմերի միջև նախորդ հանդիպումը ևս ավարտվել էր պորտուգալացիների խոշոր հաշվով հաղթանակով․ Երևանում Հայաստանի ազգային հավաքականը 5 անպատասխան գնդակ էր ընդունել մրցակցի ընտրանուց։
Եվրոպական գոտու ընտրական F խմբում վաստակած 3 միավորով Հայաստանի հավաքականը վերջինն է։ 13 միավորով աղյուսակը գլխավորում է Պորտուգալիայի հավաքականն ու նվաճում Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր։
Երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Իռլանդիայի հավաքականը, որը զուգահեռաբար ընթացող հանդիպման վերջին րոպեին հաղթանակ կորզեց Հունգարիայի ընտրանուց ու 10 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Եվրոպական գոտուց արդեն եզրափակչի ուղեգրեր են նվաճել նաև Անգլիայի, Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել