HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Վաղարշապատում ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 45.12%-ը

20:00-ին Վաղարշապատում քվեարկություն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31 հազար 527 ընտրող։

Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։

Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Էջմիածին քաղաքում՝ 41․3%, որտեղ ընտրության իրավունք ուներ 44 հազար 947 քաղաքացի։ Ամենաակտիվ բնակավայրը եղել է Լեռնամերձը, որտեղ քվերակության իրավունք ուներ 341 անձ, որը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվով ամենափոքրն է՝ համեմատած Վաղարշապատ համայնքի մյուս բնակավայրերի։ Լեռնամերձցիների 63․6%-ը մասնակցել է քվեարկությանը։

Vagharshapat-06 (3).jpg (248 KB)

Այս ընտրությունները, համեմատած Վաղարշապատ համայնքի ավագանու նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների, ավելի ակտիվ էին։ 2021 կայացած ավագանու ընտրություններին (Վաղարշապատ և Խոյ համայնքները միասին, որոնք այժմ միավորվել են) ընտրելու հնարավորություն ունեցողների 28%-ն էր մասնակցել։

Vagharshapat-05 (1).jpg (199 KB)

Հիշեցնենք՝ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:

Այս ընտրություններն արտահերթ են, քանի որ 2025թ. մայիսին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Դրանից հետո նախաձեռնվեցին ավագանու արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Մեր հրապարակումից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեղադրանքներ են առաջադրվել Դիանա Գասպարյանին, ամուսնուն, որը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև սկեսրոջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter