Մանդատափոխության «կարուսել» Գյումրու ավագանու կազմում
Նոյեմբերի 17-ին թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ էր գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց: Գյումրու՝ 2025թ․-ի մարտի 30-ի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի 9-րդ համարը զբաղեցնող Հասմիկ Մնացականի Խաչատրյանից հանձնաժողովը ստացել էր դիմում՝ ցուցակից դուրս գալու և գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ՝ դիմումը վավերացված էր նոտարի կողմից, նման դեպքերում դիմումատուի չներկայանալը նիստին համարվում է հարգելի: Հանձնաժողովի ներկա անդամները կողմ քվեարկեցին «Մեր քաղաքը» կուսակցություների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածու Հասմիկ Խաչատրյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու օգտին: Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ավագանու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին՝ Արտակ Հովսեփյանին:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ նման դեպքերում, երբ ցուցակում ընդգրկված անձինք ինքնաբացարկ են հայտնում կամ վայր են դնում մանդատը, լրացուցիչ բացատրություններով սովորաբար չեն ուղեկցում իրենց դիմումները: «Անձը պարտավոր չէ բացատրել հանձնաժողովին, թե ինչու է հրաժարվում: Մենք դիմումը ստանում ենք, եթե օրենքի շրջանակներում է, խախտումներ չկան, ընթացք ենք տալիս,- նկատեց Տիգրան Ղազարյանը,- Հասմիկ Խաչատրյանի դեպքում ևս պարզաբանումներ չկային, ուղղակի բանավոր տեղեկություն ունենք, որ անձը հաճախակի է բացակայում երկրից և չի ցանկանում իր բացակայություններով խոչընդոտ լինել ավագանու նիստերին, այդ պատճառով էլ ինքնաբացարկ է հայտնել, որպեսզի հաջորդ համարը կարողանա վերցնել մանդատը»:
Երկրորդ քննարկվող հարցը վերաբերում էր «Կոմունիսական կուսակցության» ավագանու անդամ Տիգրան Ավագյանի մանդատից հրաժարվելու արձանագրությանը, որը ստացվել էր Գյումրու քաղաքապետարանից նոյեմբերի 10-ին: Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրները կալանավորվել էին հոկտեմբերի 30-ին: Եղբայրներից Տիգրան Ավագյանը պետք է ավագանու անդամի մանդատը ստանար Կոմունիստական կուսակցության ավագանու անդամ Սեդրակ Սահակյանի փոխարեն, ով երկու ամսով կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին:
Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովն ըստ կարգի ստացել էր Սեդրակ Սահակյանի դիմումը մանդատը վայր դնելու վերաբերյալ, այնուհետև, սահմանված կարգով այն փոխանցել Տիգրան Ավագյանին: Մանդատի հանձնումը զուգադիպել էր Տիգրան Ավագյանի կալանավորման հետ և քանի որ վերջինս հնարավորություն չէր ունեցել ո՛չ ներկայանալու, ո՛չ ինքնաբացարկ հայտնելու, օրենքի ուժով համարվել էր Կոմկուսի հերթական ներկայացուցիչը Գյումրու ավագանու կազմում:
Նոյեմբերի 10-ին Կոմունիստական կուսակցության ավագանու անդամ Տիգրան Ավագյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումի վերաբերյալ քաղաքապետի պաշտոնակատարի կողմից կազմված արձանագրությունն ուղարկվել էր թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով՝ սահմանված 7-օրյա ժամկետում քննելու համար: Նոյեմբերի 17-ի նիստում հանձնաժողովը՝ հաշվի առնելով ստացած արձանգրությունը, ուժը կորցրած ճանաչեց Տիգրան Բարսեղի Ավագյանի ավագանու անդամի լիազորությունները և մանդատը փոխանցեց Կոմունիստական կուսակցության ցուցակի հերթական՝ 13-րդ համարը զբաղեցնող անձին՝ Արտյոմ Արտուշի Մկրտչյանին: Վերջինս Գյումրու քաղաքապետարանում զբաղեցնում է կոմունալ բաժնի պետի պաշտոնը և մեկամսյա ժամկետում պետք է կամ վերցնի ավագանու անդամի մանդատը, կամ շարունակի պաշտոնավարել:
Ի դեպ, Կոմկուսի ընտրական ցուցակից դուրս գալու ևս մեկ դիմում է ստացել թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը, որը քննելու է նոյեմբերի 19-ի նիստում: Դիմումն ուղարկել է ընտրացուցակի 14-րդ համարը զբաղեցնող Գնել Մանուկյանը: «Հետք»-ի տեղեկություններով վերջինիս առաջարկվել է քաղաքապետարանի Առևտրի և սպասարկմանն բաժնի պետի պաշտոնը: Կոմկուսի թիմը Գնել Մանուկյանին գերադասել է տեսնել գործադիր մարմնում:
Նշենք, որ Կոմունիստական կուսակցության ավագանու անդամներից Գյումրու քաղաքապետի եղբոր թոռան՝ 2 ամսով կալանավորված Գևորգ Ղուկասյանի մանդատն էլ փոխանցվել է Սամվել Էլբակյանին: Մանդատափոխության «կարուսելն» այս պահին շրջանցել է ավագանու «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցություններին: Վերջիններս ավագանու կազմում ներկայացված են համապատասխանաբար 3 և 2 անդամներով: ՔՊ խմբակցության 14 հոգանոց կազմում փոփոխություններ չեն արձանագրվել: «Հետք»-ի տեղեկություններով ՔՊ ցուցակի 83-րդ համարն է դիմում գրել՝ ցուցակից դուրս գալու համար, սակայն հանձնաժողովի կողմից մերժվել է, քանի որ անձն այն չի ներկայացրել պատշաճ կերպով:
Գյումրու ավագանու նոյեմբերի 11-ի հերթական նիստի տապալումից հետո, իշխանական թևը փորձում է մինչև արտահերթ նիստը կայունացնել հատկապես Կոմունիստական կուսակցության ավագանիների թիվը, որպեսզի նիստը քվորում ունենա և կայանա անգամ ՔՊ խմբակցության բացակայության պարագայում, իշխանական կողմին անհրաժեշտ է մաքսիմում 18, մինիմում՝ 17 ավագանու ներկայություն: Նախորդ նիստը տապալվեց, քանի որ ներկա էին 16-ը, բացակայում էր «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանը, իսկ ՔՊ-ն ողջ կազմով ընդհանրապես չէր ներկայացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել