Հավաստագիրը լիցենզիա չէ․ ինչպե՞ս է վերահսկվում բժշկական օգնության որակը Հայաստանում
Բժշկական սխալների մասին հաճախ լսում ենք միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն անդառնալի հետևանքներ են ունենում։
Իսկ ի՞նչ է լինում հետո, երբ բժիշկը զրկվում է լիցենզիայից, կամ նրա գործունեությունը միառժամանակ դադարեցվում է․ հաճախ պատմությունն այստեղ նոր է սկսվում։
50 լրատվամիջոցների լրագրողներ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ աշխատել են՝ բացահայտելու այն բժիշկներին, որոնք տարբեր երկրներում զրկվել են լիցենզիայից, սակայն շարունակում են աշխատել մեկ այլ երկրում։
«Bad Practice» հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես են թերի վերահսկողությունը, տեղեկատվության բացը և երբեմն նաև հենց բժիշկների անպատասխանատվությունը մարդկանց դարձնում անպաշտպան։ Նրանք չգիտեն՝ ում են վստահում իրենց առողջությունը։
Երբ մենք փորձեցինք նման պատմություններ գտնել, պարզվեց, որ Հայաստանում դա գրեթե անհնար է, քանի որ բժիշկների անհատական լիցենզավորում չկա, չկան նաև բավարար հրապարակային տվյալներ, որոնց հիման վրա կարելի կլիներ ուսումնասիրություն կատարել։ Այդ պատճառով պարզապես սկսեցինք մեզ հասանելի օտարերկրյա տվյալների բազաներում փնտրել հայ բժիշկների, ինչպես նաև՝ ուսումնասիրել դատական գործերն ու հավաստագրման ընթացակարգը՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմներով է առողջապահության համակարգը հետևում մասնագիտական որակին և հիվանդների անվտանգության ապահովմանը։
Բժշկական սխալով մահ, բայց առանց մեղավորների
2021-ի դեկտեմբերին Արտաշատի բժշկական կենտրոնում 45-ամյա Նշան Նշանյանը ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել էր գիտակցությունը և մահացել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերջնական եզրակացությունը, որը հրապարակվել է «Հետքի» հոդվածից հետո, հաստատել է՝ Նշանյանի մահը բժշկական սխալի հետևանք է։ Փորձագետների գնահատմամբ՝ անտեսվել էին հիվանդի նախավիրահատական ցուցանիշներն ու անեսթեզիայի անվտանգության կանոնները։ Վիրահատությունն իրականացնող բժիշկը մինչ օրս աշխատում է նույն բժշկական կենտրոնում։
Չնայած եզրակացության հստակ ձևակերպումներին՝ քրեական գործով դեռ արդյունք չկա։ Մահացածի քույրը՝ Լուսինե Ազնաուրյանը, գրեթե չորս տարի սպասում է արդարության՝ նշելով, որ քննությունը դիտավորյալ է ձգձգվում։
Մեկ տարում՝ երկու մահ
56-ամյա Զաբել Կարապետյանը մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ միջամտության ժամանակ, որն իրականացրել է կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Արթուր Սարգսյանը։
Գերմանիայից ժամանած կինը ցանկացել էր հեռացնել ոտքի վրայի փոքրիկ գունդը և որովայնի ճարպը, սակայն, ըստ ամուսնու՝ Զարեհ Կարապետյանի, բժիշկը համոզել է իրականացնել վիրահատություններ մարմնի միանգամից հինգ հատվածներում։ Վիրահատական սեղանին սրտի կանգ է գրանցվել, և Զաբել Կարապետյանը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով։
Զարեհ Կարապետյանը մահվան պատճառ է համարում ընդհանուր անզգայացման մեծ ծավալը, մինչդեռ բժիշկ Սարգսյանը պնդում է, որ նրա կինը չի ունեցել հակացուցումներ, և մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն բժշկի վիրահատությունից հետո մահացել էր 32-ամյա մեկ այլ կին։
2025 թվականի սեպտեմբերին գրավոր հարցմամբ դիմել ենք Քննչական կոմիտե՝ տեղեկանալու նախաձեռնված քրեական վարույթի մանրամասներին։ Մեզ պատասխանեցին, որ «․․․ներկայումս ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցները՝ քրեական վարույթի նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու ուղղությամբ»։
Արթուր Սարգսյանն այս պահին վիրահատություններ չի իրականացնում։
Այս և նմանատիպ այլ դեպքերում քրեական վարույթները նախաձեռնվում են Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»։
Թեև բժշկական սխալների գործերով քրեական վարույթները պարբերաբար նախաձեռնվում են, դրանք հազվադեպ են հասնում մեղադրական դատավճռի։ Բազմաթիվ գործեր տարիներ շարունակ մնում են նախաքննության փուլում, իսկ որոշները՝ փակվում վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։
2020-2024թթ․ 1172 քրեական վարույթ է նախաձեռնվել, նույն ժամանակահատվածում դատարան է ուղարվել՝ 14-ը
2020-2024թթ․ 1172 քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել միայն 14 վարույթ։
Բժշկական սխալի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթները հազվադեպ են հանգեցնում պատասխանատվության: 2020-2024թթ․ մինչև դատարան ուղարկվելը կարճվել է 627 վարույթ, իսկ 5-ը կարճվել է դատարանում։ Նույն ժամանակահատվածում դատապարտվել է 6 անձ, 7 քրեական վարույթով արդարացվել է 9-ը։

Քրեական վարույթերի ընթացքն ամբողջական պատկերացում չի տալիս մասնագիտական որակի վերահսկման իրական մեխանիզմների մասին։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե Հայաստանի առողջապահական համակարգում ինչ ընթացակարգերով է իրականացվում բժշկի մասնագիտական որակավորման վերահսկումը և ինչ գործիքակազմ է օգտագործվում դրա համար։
Հավաստագիրը լիցենզիա չէ
Հայաստանում բուժաշխատողների մասնագիտական գործունեության հավաստագրումն իրականացվում է 2022 թվականից, կանոնակարգվում է Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, որը սահմանում է այդ գործընթացի կազմակերպման և իրականացման կարգը։ Գործընթացի կազմակերպումը կատարում է Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը։
Երկրորդ դեպքում ապահովվում է գործող բուժաշխատողների մասնագիտական գործունեության շարունակությունը։ Ավագ և միջին բուժաշխատողները պետք է ստանան Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որը ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է։ Կարգով սահմանվում է, որ բուժաշխատողը պարտավոր է դիմել հաջորդ հինգ տարվա համար նոր ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով։ Եթե դիմումը ներկայացվում է ուշացումով, մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվելու ռիսկն ամբողջությամբ կրում է հենց բուժաշխատողը։
2022 թվականից մինչեւ 2025 թվականի հունիսի 3-ը ներառյալ հավաստագիր ստացել է 45342 բուժաշխատող, որից 17695-ը ավագ բուժաշխատող է, 23010-ը՝ միջին, 1000-ը դեղագետ է, իսկ 3637-ը՝ դեղագործ։

Հավաստագրի տրամադրումը կարող է մերժվել միայն օրենքով սահմանված հստակ հիմքերով։ Դրանք են, օրինակ, ներկայացված փաստաթղթերի կեղծ լինելը կամ հայտում նշված մասնագիտության ավարտական փաստաթղթին չհամապատասխանելը և այլն։
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշում է, որ հավաստագիրը չի կարող կասեցվել կամ չեղարկվել, քանի որ այն լիցենզիա չէ, այլ կարող է չեղարկվել լիազոր մարմնի հրամանը՝ օրենսդրական հիմքերի առկայության դեպքում։
«Հավաստագիրը պարզապես ցույց է տալիս, որ բուժաշխատողի կրթական ուղին համապատասխանում է օրենքի պահանջներին։ Վերջին հինգ տարվա ընթացքում նա պետք է հավաքած լինի անհրաժեշտ գիտակրթական կրեդիտները, որոնք կարող են ստացվել ՇՄԶ դասընթացներով, գիտաժողովների, կոնֆերանսների մասնակցությամբ, թեկնածուական/դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ։
Հավաստագիրը փաստում է հենց այս կրթական ճանապարհը, դրա համար էլ դրանից զրկել տեխնիկապես չի ստացվում»,- նշում է ինստիտուտի տնօրենը։
Այսինքն, հավաստագիրը բուժաշխատողի սոսկ կրթական ուղին հաստատող փաստաթուղթն է, այն չի կասեցվում կամ չեղարկվում, կարող է միայն անվավեր ճանաչվել, երբ թղթաբանության խնդիր կա։
2025 թվականի օգոստոսի 8-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդեց, որ բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Մեր հարցմանն ի պատասխան՝ տեսչական մարմնից հայտնեցին, որ «կեղծված դիպլոմներով բուժաշխատողները հիմնականում եղել են պլաստիկ վիրաբույժներ, բժիշկ-կոսմետոլոգներ, ստոմատոլոգներ և բուժքույրեր»։
Առողջապահության ազգային ինստիտուտից տեղեկացանք, որ դրանք Ռուսաստանում ստացած դիպլոմներ են եղել։
«Պետք է հասկանալ՝ կա ուղղակի կեղծ ձևով ստացված դիպլոմ, և կա արդեն ամբողջությամբ կեղծ՝ գոյություն չունեցող դիպլոմ։ Այդ 14 դեպքերը Ռուսաստանի դիպլոմներ էին, որոնք իրական, օրինական դիպլոմներ են եղել ՌԴ-ում։ Պարզապես մարդիկ դրանք ստացել էին ոչ նորմալ ընթացակարգով․ այսինքն՝ փաստաթուղթը իսկական է, բայց ստացման կերպն է կեղծ եղել։
Մեզ մոտ Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագիր կա, և մենք միմյանց դիպլոմները փոխճանաչում ենք առանց ավելորդ գործընթացների։ Բայց այս դեպքերում ստուգման ժամանակ կասկածներ էին առաջացել, ու տեսչական մարմինը դիմել էր փոխճանաչման ազգային կենտրոն»,- նշում է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Տեսչական մարմինը միջնորդագրեր է ներկայացրել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։
Մինչև 2027թ․ հունվար բոլոր ավագ բուժաշխատողներն անհատական լիցենզիա կունենան
2025-ից առողջապահական համակարգում նոր փուլ է սկսվում․ բժշկությունը պաշտոնապես դառնում է լիցենզավորման ենթակա անհատական գործունեություն։ Կառավարության որոշմամբ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել այն կարգավորումը, որով սահմանվում են բուժաշխատողների անհատական և անցումային լիցենզիա ստանալու ձևերը։
Առողջապահության ազգային ինստիտուտից տեղեկացանք, որ գործընթացն արդեն մեկնարկել է։ Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ այս տարի առաջին կուրսի կլինիկական օրդինատորներն արդեն մասնակցում են լիցենզավորման գործընթացին։
Նոր համակարգի համաձայն, լիցենզիան կտրվի հինգ տարի ժամկետով՝ ինքնաշխատ երկարաձգման հնարավորությամբ, եթե բուժաշխատողը շարունակում է մասնագիտական կրթական ուղին, անցնում է հավաստագրում և չունի իրավախախտումներ կամ օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։ Կասեցման կամ դադարեցման դեպքում պատասխանատվությունն այլևս կրում է ոչ թե բուժհաստատությունը, այլ բուժաշխատողն անձամբ։
Բազարչյանը նշում է նաև, որ այս փոփոխությունը կարևոր է ոչ միայն ներքին վերահսկողության, այլև միջազգային ճանաչելիության տեսանկյունից․ անհատական լիցենզիան ապագայում կդառնա հայ բժիշկների՝ արտերկրում աշխատանքի ընդունվելու համար պահանջվող հիմնական փաստաթուղթը։
Հայաստանը նոր է անցնում անհատական լիցենզավորման համակարգին, և սա հնարավորություն է՝ հիմքից փոխելու մասնագիտական վերահսկողության տրամաբանությունը։ Լիցենզիան պիտի հստակ չափորոշիչներ սահմանի, թե ով իրավունք ունի զբաղվելու բժշկական գործունեությամբ, և ինչպես է պետությունն արձագանքում մասնագիտական սխալներին։
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել