Շվեդիայում լիցենզիայից զրկված հայ բժիշկը շարունակում է աշխատել Կիպրոսում
Լուրջ խախտումների պատճառով բժշկական լիցենզիայից զրկված բժիշկները կարող են հեշտությամբ տեղափոխվել այլ երկրներ և շարունակել բուժել՝ թե՛ Եվրոպայում, թե՛դրա սահմաններից դուրս։ Դա հնարավոր է նախազգուշացնող անարդյունավետ համակարգերի, պետական մարմինների անտարբերության և պատասխանատվության բացակայության պատճառով։
OCCRP-ն (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) մի շարք գործընկերների, այդ թվում՝ «Հետքի» հետ ամիսներ շարունակ ուսումնասիրել է պետական ռեգիստրները և պաշտոնական հարցումներ ուղարկել ազգային մարմիններին՝ լիցենզավորված և լիցենզիայից զրկված բժիշկների մասին տվյալներ պարզելու համար։ Լիցենզիայից զրկված, բայց այլ երկրում աշխատող 100-ից ավելի բժիշկ է հայտնաբերվել։
Հայաստանում այդպիսի պատմություններ չգտանք, քանի որ բժիշկների անհատական լիցենզավորում դեռ չկա, չկան նաև բավարար հրապարակային տվյալներ, որոնց հիման վրա կարելի կլիներ ուսումնասիրություն կատարել։ Այդ պատճառով սկսեցինք մեզ հասանելի օտարերկրյա տվյալների բազաներում փնտրել հայ բժիշկների։
Շվեդիայի առողջապահական և սոցիալական հարցերի տեսչական մարմինը 2021 թվականի դեկտեմբերին ավարտեց Սիմոն Մոսկոֆյանի մասնագիտական գործունեության քննությունը Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող առողջապահական կենտրոնում։ Նրանց եզրակացությունները խիստ էին․ թերապևտը չունի հիմնարար գիտելիքներ բժշկության մի շարք կարևոր ոլորտներում, բավարար բժշկական հետազոտություններ չի իրականացրել և մտածված կամ անփութությամբ խախտել է բուժառուների անվտանգության համար էական նշանակություն ունեցող կանոնակարգը։
«Հետքը» և կիպրոսյան CIReN-ը (The Cyprus Investigative Reporting Network) ուսումնասիրել են Մոսկոֆյանի գործի շվեդական փաստաթղթերը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է նա 14 բուժառուների բուժման ընթացքում ոչ պատշաճ նշանակումներ արել, մտածված կամ անփութությամբ կատարել գործողություններ, որոնք առաջացրել են բարդություններ, 1 դեպքում էլ՝ մահ։
14 բուժառուների վերաբերյալ գործերից առանձնացրել ենք 3-ը․
1-ին գործ
2018 թվականի սեպտեմբերին 72-ամյա բուժառուն դիմել է մասնավոր կլինիկա՝ ուսի ցավերի պատճառով ստերոիդային ներարկում ստանալու համար։ Ներարկումից մի քանի ժամ անց բուժառուն ունեցել է շնչառական դժվարություն և շտապօգնություն է կանչել։ Հիվանդանոցում հայտնաբերվել է երկկողմանի պնևմոթորաքս (թոքերի պատռվածք-խմբ․), տեղադրվել են թորակալ դրենաժներ։
Շվեդիայի առողջապահական և սոցիալական հարցերի տեսչական մարմինը (այսուհետ՝ IVO) գրում է․ «Բժշկական գրառման մեջ բացակայում են տվյալներ ներարկման վայրի, դեղամիջոցի և դեղաչափի մասին»։
IVO-ն եզրակացրել է, որ բժիշկը բուժման ընթացքում չի ապահովել անվտանգության անհրաժեշտ մակարդակ։
2-րդ գործ
2018 թվականի օգոստոսի 2-ին բժիշկ Մոսկոֆյանը բուժքրոջ հետ այցելել է 1930 թ. ծնված բուժառուի տուն։ Բժշկական գրառման մեջ նշված է, որ բուժառուն ունեցել է շագանակագեղձի քաղցկեղ և ՔԹՕՀ (քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդություն), շնչառությունը եղել է մակերեսային, հաճախականությունը՝ 48–50, և նա չի արձագանքել խոսակցությանը։
Գրառման մեջ նշված է, որ նշանակվել են հակաբիոտիկներ՝ միջմկանային ներարկմամբ։ Նույն փաստաթղթին կցված է նաև մահվան վկայականը, սակայն էպիկրիզում նշում չկա, որ բուժառուն մահացել է նույն օրը, երբ կատարվել է այցը։
IVO-ն գրել է․ «Գրառումից չի երևում, որ քննարկվել է բուժման նպատակների փոփոխության հարցը կամ պալիատիվ խնամքի պլանավորում»։
IVO-ն եզրակացրել է, որ բուժումը և փաստագրությունը չեն համապատասխանել պահանջներին։
3-րդ գործ
2018 թվականի հունիսի 26-ին Սիմոն Մոսկոֆյանը բուժքրոջ հետ տնային այց է կատարել 1954 թ. ծնված բուժառուին։ Գրառման մեջ նշված է՝ Ալցհայմերի հիվանդության ախտորոշում, սակայն չկա ոչ անամնեզ, ոչ օբյեկտիվ զննում։ Դեղորայքի որոշումները կայացվել են հերթապահ հոգեբույժի հետ հեռախոսային խորհրդակցությամբ։
Հուլիսին և օգոստոսին Մոսկոֆյանն ուսումնասիրություն կամ զննում չկատարելով՝ գրել է՝ ուղեգրումներ հոգեբուժական բաժանմունք։
Սեպտեմբերին գրառվել է նոր ուղեգրում հիվանդանոցի շտապ բաժանմունք՝ նշումով․ «Աղիքային արյունահոսություն։ Արյան փոխներարկում»։ Գրառման մեջ չկան տվյալներ հիվանդի վիճակի, արյան հետազոտության կամ հեմոգլոբինի մասին։
IVO-ն արձանագրել է․ «Հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է պատահել պացիենտին»։
Եզրակացության մեջ նշվում է, որ պացիենտի բուժումը և փաստագրությունը չեն համապատասխանել մասնագիտական պահանջներին։
Ընդհանուր 14 դեպքի ուսումնասիրության հիման վրա Շվեդիայի տեսչական մարմինը եզրակացրել է, որ Սիմոն Մոսկոֆյանը չի պահպանել մասնագիտական պահանջները եւ նրան զրկել բժշկական լիցենզիայից։
Շվեդիայում լիցենզիայի չեղարկման ծանուցումից հետո Նորվեգիան ևս 2022 թվականի սկզբին չեղարկել է Մոսկոֆյանի բժշկական լիցենզիան, սակայն նա դեռևս ակտիվ բժշկական լիցենզիա ունի Կիպրոսում և գրանցված է երկրի ազգային առողջապահական համակարգում (GeSY)՝ աշխատելով Լառնակայի կլինիկաներից մեկում։
Կիպրոսյան հետաքննական լրագրության ցանցին (CIReN) Մոսկոֆյանը հայտնել է, որ Կիպրոս է վերադարձել և սկսել աշխատել 2019 թվականի վերջին՝ «իր բժիշկ ընկերների խրախուսմամբ», և ոչ թե Շվեդիայում իր դեմ սկսված քննության պատճառով։ Որպես վերադարձի մեկ այլ պատճառ նշել է ընտանիքը․ նա 13 տարեկանից՝ 1972 թվականից, ապրել է Կիպրոսում, որտեղ տեղափոխվել է Լիբանանից, բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Կիպրոսի մեր գործընկերոջը նա ասել է, որ սովորել է նաեւ Մոսկվայում։
Բժիշկը պնդում է, որ չնայած Շվեդիայում անցկացրած յոթ տարիներին «չափազանց ծանրաբեռնված և հոգնած է եղել», այդքան երկար չէր աշխատի, եթե չկարողանար։ Ասում է՝ Շվեդիայից մեկնելուց առաջ հանդիպել է լիցենզավորման մարմինների հետ, որոնք «իրեն վստահեցրել են լիցենզիան չչեղարկելու մասին»։ Մոսկոֆյանի խոսքով՝ լիցենզավորման մարմինները հետագայում «անազնվորեն են վարվել և խոստումներին ոչ համապատասխան»։
Մենք փորձեցինք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից պարզել, թե թե ինչ մասնագիտացում է Մոսկոֆյանը ստացել, սակայն համալսարանը տվյալներ չտվեց՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։
Փորձեցինք նաև պարզել՝ արդյոք նա բուժառուներ ունի նաև Հայաստանից, սակայն ոչ մի փաստ հաստատել չհաջողվեց։
Այսպիսով, հետաքննությունը համակարգային խնդիրներ է բացահայտել բժիշկների լիցենզավորման համակարգերում․
- Բազմաթիվ բժիշկներ, ովքեր լուրջ խախտումների կամ հիվանդներին վնաս հասցնելու պատճառով զրկվել են լիցենզիայից, հեշտությամբ շարունակում են պրակտիկան այլ երկրում։
- Բժիշկների կարգապահական պատմությունը հազվադեպ է հանրայնացվում, ինչը անտեղյակության և խոցելիության մթնոլորտ է ստեղծում։
- Եվրոպայում լիցենզավորող մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն անկանոն է։ Մի երկրում լիցենզիայի չեղարկման մասին ծանուցումները միշտ չէ, որ ազդում են բժշկի՝ մյուս երկրներում աշխատանքը շարունակելու վրա։
Եվրոպական հանձնաժողովի Ներքին շուկայի տեղեկատվական համակարգը (Internal Market Information System) նախատեսված է 30 անդամ երկրներին կարգապահական գործողությունների մասին տեղեկացնելու համար։ «Հետքը» և կիպրոսյան CIReN-ը ձեռք են բերել անանուն ծանուցումներ, որոնք ուղարկվել են Մոսկոֆյանի շվեդական և նորվեգական լիցենզիաների չեղարկման օրերին։ Քանի որ Կիպրոսը նույնպես անդամ երկիր է, պետք է հասանելիություն ունենա այդ տեղեկություններին։
Կիպրոսի Բժշկական խորհուրդը, սակայն, չի հաստատել՝ արդյոք ստացել է 2021-2022թթ. ծանուցումները, սակայն CIReN-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «արդեն հետաքննություն է սկսել և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները»։
Հոդվածի հրապարակման պահին դեռևս կարելի է խորհրդատվություն ամրագրել բժիշկ Մոսկոֆյանի մոտ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել