«Հայկական ավիաուղիների» վկայականի գործողությունը վերականգնվել է
Քաղավիացիայի կոմիտեն վերականգնել է «Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից: Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը «ՀԱՈւ»-ի վկայականի գործողությունը 6 ամսով կասեցրել էր այս տարվա մայիսի 6-ին:
Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «ՀԱՈւ»-ն նման օդանավ չուներ դեռ այս տարվա գարնանից, ՔԱԿ-ը նրա վկայականի գործողությունը կասեցրել էր 6 ամսով: Ընդ որում՝ «ՀԱՈւ»-ի այս վկայականն ուժի մեջ է մինչեւ 2040 թ. հոկտեմբեր:
Կասեցման ժամկետը (6 ամիսը) լրացել էր նոյեմբերի 6-ին, սակայն ՔԱԿ-ի կայքում ավիաընկերության անվան դիմաց մնում էր նշումը կասեցման մասին: Կառավարության ընդունած վերոնշյալ կարգի համաձայն՝ ՕՇՎ-ի գործողությունը կարող է վերսկսվել կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին կոմիտեին գրավոր պետք է տեղեկացնի ոչ ուշ, քան կասեցման ժամկետի ավարտից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
«Հետքը» Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացել էր, որ նոյեմբերի 6-ից առաջ փոխադրողը դիմել էր ՔԱԿ-ին՝ ներկայացնելով կասեցումը վերացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք մեր հրապարակման ժամանակ ուսումնասիրվում էին կոմիտեում: Մինչ այդ էլ գրել էինք, որ ավիաընկերությունը վարձակալել է նոր օդանավ՝ Boeing 737-800: Հենց այս վարձակալությունն է «ՀԱՈւ»-ին օգնել հասնել ՕՇՎ-ի կասեցումը վերացնելուն:
Այդուհանդերձ, ինքնաթիռը դեռ չի գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ այն առայժմ Հայաստան էլ չի տեղափոխվել եւ դեռ կանգնած է Ստամբուլում:
Լուսանկարում՝ «ՀԱՈւ»-ի Boeing 737-800-ը՝ Ստամբուլում (դեռեւս կայմանյան VP-CTK գրանցումով), հեղ.՝ Սաֆեր Չայլի, planespotters.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել