HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են դառնում անօթևան. 71-րդ աճուրդ՝ միակ բնակարանը 2.8 մլն դրամով վաճառելու համար

Մարուսյա Սլոյանը կանգնած է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի իրենց տան դիմաց, որն ամուսնու հետ են կառուցել: 70-ամյա կնոջ ամուսինը մոտ երկու ամիս առաջ մահացել է, իսկ համատեղ սեփականություն հանդիսացող տունն արդեն 71-րդ անգամ է դրվում հարկադիր աճուրդի՝ հարևանների հետ 13 տարի առաջ վերցրած խմբային վարկը չմարելու համար: Տան արժեքն այսօր 3 մլն դրամից էլ քիչ է, և ընտանիքը կանգնած է անտուն դառնալու վտանգի առաջ:

Մարուսյա Սլոյանը համագյուղացի ևս երկու կանանց հետ 2012թ. նոյեմբերին խումբ է կազմել և միմյանց երաշխավորելով՝ «Ֆինքա» վարկային կազմակերպությունից ստացել են 1 մլն 450 հազ. դրամ վարկ՝ տարեկան 24% տոկոսադրույքով և մինչև 2014թ. հունիս ամիսը մարման ժամկետով: Մարուսյա Սլոյանը «Հետք»-ին պատմեց, որ վարկի իր գումարը եղել է 480 հազ. դրամ, մնացածը բաժանվել է մյուս երկու կանանց միջև: 2013թ.-ին  կարկտահարությունից տուժելու հետևանքով, վարկառու խմբի անդամների դիմումի հիման վրա, վարկը վերաֆինանսավորվել է: Մարման նոր ժամկետ է սահմանվել մինչև 2015թ. նոյեմբեր ամիսը: 

Նշված ժամկետում վարկային պարտավորությունը պատշաճ չի կատարվել, և «Ֆինքա»-ն, միակողմանի լուծելով պայմանագիրը, դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված կանանցից համապարտության կարգով մոտ 1 մլն 690 հազ. դրամ բռնագանձելու պահանջով: Դատարանի 2015թ. մայիսի 20-ի վճռով հայցը բավարարվել է:

Վճռից 3,5 տարի անց՝ 2019թ. հունիսին, «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը դարձյալ հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այս անգամ Մարուսյա Սլոյանի և նրա ամուսնու դեմ՝ ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: 

Վարկային կազմակերպության հիմնավորմամբ՝ հարուցված կատարողական վարույթի ընթացքում պարզվել է, որ պարտապան Մարուսյա Սլոյանը հանդիսանում է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում գտնվող 0,124 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա առկա բնակելի տան համասեփականատեր: Այդ հիմքով էլ պահանջում է նրա բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար առանձնացնել այն:

Նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն: 2020թ. փետրվարին տրված եզրակացության համաձայն` հաշվի առնելով շինությունների չափերը, 1/2 մասի մակերեսի չափը, բնակելի տան և անասնաշենքի կոնստրուկտիվ կառուցվածքը և հողամասում դրանց դիրքը, սենյակների փոխադարձ դասավորվածությունը՝ առանց մեծածավալ շինարարական աշխատանքներ (առանձին մուտքերի ապահովում, սանհանգույցների և խոհանոցների կառուցում և այլն) իրականացնելու և նպատակային նշանակությամբ օգտագործման հնարավորության պահպանմամբ հնարավոր չէ բնեղենով առանձնացնել:

Դատարանը 2021թ. մայիսի 31-ին վճռել է «Ֆինքա»-ի հայցն ամբողջությամբ բավարարել՝ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում գտնվող 0,124 հա մակերեսով տնամերձ հողամասը, դրա վրա առկա բնակելի տունը, անասնաշենքը և ծածկոցը, հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների՝ Մարուսյա Սլոյանի և նրա ամուսնու միջև` նրանց բաժիններին համաչափ` յուրաքանչյուրին 1/2-ական չափով: Բռնագանձում տարածել Մարուսյա Սլոյանին բաժին հասած գումարի վրա, որպես ավելի վաղ կայացված վճռով պարտավորությունների կատարում:

Նշված անշարժ գույքը 11.850.000 դրամ մեկնարկային արժեքով, հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 2022թ. սեպտեմբերի 8-ին՝ դեռևս 2015թ. սեպտեմբերի 10-ին հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, և տվյալ պահին ընթանում է լոտի 71-րդ աճուրդը:

Աճուրդների ժամանակ գինն ամեն անգամ նվազել է 10%-ով: Այժմ Սլոյանների տունը վաճառվում է 2 մլն 710 հազ. 900 դրամով: Այն գրավի առարկա չէ:

Մարուսյա Սլոյանն ասում է, որ վարկը եղել է ամուսինների անունով: Սակայն, 2013թ. կարկտահարությունից հետո, երբ վերավարկավորման անհրաժեշտություն է առաջացել, ձևակերպվել է կանանց անունով, քանի որ տղամարդիկ մեկնել են արտագնա աշխատանքի:

«Երեք կանանցով էինք, նրանցից մեկը բաժանվեց ամուսնուց ու գյուղից գնաց, մյուսն իր անունով գույք չուներ, մնացի ես՝ ամեն ինչ կոտրվեց իմ վրա: Իմ բաժին վարկը 480 հազ. դրամ է եղել: Ես պատրաստ էի վճարել իմ բաժինը: Տարիներ առաջ գնացի Հարկադիր, ասացին՝ պիտի լրիվ վճարես, իսկ ես լրիվ վճարելու հնարավորություն չունեի: Բոլորն էլ գիտեին, որ իմ վարկը 480 հազ. դրամ է եղել: Հիմա ընկել են մեր հետևից, ուզում են անտուն թողնեն»,- ասում է Մարուսյա Սլոյանը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հետաքրքրվեցինք՝ արդյոք որևէ սահմանափակում չկա՞, որպեսզի գույքը հանվի աճուրդից: Ծառայությունից նշել են, թե անշարժ գույքի աճուրդային գործընթացը կազմակերպվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և նշված օրենքով լոտը հարկադիր էլեկտրոնային աճուրդից հանելու հնարավորություն է սահմանվել, այն դեպքում՝ եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Իսկ ինչո՞ւ գույքը չի հանվել աճուրդից, երբ գինն իջել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն շեմից՝ 4 մլն 900 հազ. դրամից: Ծառայության տեսչական և վերլուծական բաժնից այս հարցին պատասխանել են, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվել է 2016թ., համաձայն որի՝ բռնագանձում չի կարող տարածվել գույքի կամ դրա բաժնի վրա, որը հանդիսանում է միակ բնակարան, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Իսկ Կառավարությունը նվազագույն գումարի չափ է սահմանել 4 մլն 900 հազ. դրամը:

«Նշված փոփոխությունները ուժի մեջ են մտել պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո, այն է՝ 01.03.2017թ. և օրենքի դրույթները տարածվում են նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կողմից նշված լոտը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել դեռևս 10.09.2015թ. հարուցված կատարողական վարույթով, հետևաբար նշված կարգավորումները տվյալ կատարողական վարույթի նկատմամբ կիրառելի չեն»,- պատասխանել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Կառավարության հնացած որոշումն ու անտուն դառնալու վտանգները

Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին լրացումներ է կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, ըստ որի՝ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի  մշտական բնակության միակ վայրն է, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

2017 թվականին Կառավարությունը պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանեց 4 900 000 դրամը։ Պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4 900 000 դրամից, բռնագանձման ենթակա չէ։ Եթե միակ բնակարանն իրացվում է ահմանված գումարը գերազանցող գնով, ապա միակ բնակարանի իրացման համար նախատեսված 4 մլն 900 հազար դրամը վերադարձվում է պարտապանին: Սակայն, այդ գումարը չի վերադարձվում քաղաքացուն, եթե գույքը գրավադրված է կամ երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները։

Այս գումարը սահմանվել է՝ հաշվի առնելով անձի կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ նվազագույն 40 մ քառակուսի ստանդարտն ու 2017թ․ մայիս ամսվա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ քառակուսի մակերեսի շուկայական միջինացված գինը, որը 121 822 դրամ է:

Օրենքի ընդունումից անցել է 8 տարի, Հայաստանում էականորեն բարձրացել են բնակելի շենքերի բնակարանների շուկայական արժեքները, սակայն սահմանված գումարը մնացել է նույնը։ Միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի շեմի բարձրացման նախագիծ մեկ անգամ 2022 թվականին առաջարկել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը, սակայն այդ նախագիծը չի ընդգրկվել նույնիսկ ԱԺ օրակարգ։ Արամ Վարդևանյանն առաջարկել էր միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանել 20 մլն դրամը։ Այս նախագծի վերաբերյալ բացասական կարծիք էր հայտնել Կառավարությունը՝ նշելով, որ նախագծում հիմնավորված չէ, թե ինչու պետք է հենց 20 մլն դրամը լինի նվազագույն շեմը։ 

2025 թվականին Արդարադատության նախարարությունը Կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկվել է պարտապան ֆիզիկական անձին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը թողնել անփոփոխ՝ 4 900 000 դրամ, փոխարենը սահմանել այդ գումարի տնօրինման կարգը։ Սակայն, այս նախագիծն էլ կյանքի չի կոչվել։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվել է վերադարձման ենթակա գումարը պարտապանի ընտրությամբ փոխանցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին կամ Հայաստանում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին։ Այդ գումարը կարող է տնօրինվել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, պարտապանի կամ իր մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև  ակտը կատարելու նպատակներով։

Ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի տվյալները՝ պարզ է դառնում, որ եթե 2017 թվականին միակ բնակարանից զրկվելու դիմաց նվազագույն 4 մլն 900 հազար դրամով քաղաքացիները հնարավորություն ունեին Հայաստանի բոլոր 47 քաղաքներից բնակարաններ ձեռք բերել՝ բացառությամբ Երևանի, Աբովյանի, Ծաղկաձորի և Գորիսի, ապա 2025 թվականին բնակարանից զրկվելու դեպքում քաղաքացին հնարավորություն ունի բնակարան ձեռք բերել ընդամենը 14 քաղաքում։ 

Օրինակ՝ Դիլիջան քաղաքում 2017 թվականի մայիսի դրությամբ բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին արժեքը եղել է 100 հազար դրամ, իսկ 2025 թվականի մայիսին՝ 270 հազար 500 դրամ։ Գյումրիում 2017 թվականի մայիսի դրությամբ՝ 1 քառակուսի մետր բնակարանի շուկայական միջին արժեքը եղել է 91 հազար դրամ, 2025-ի մայիսին՝ 207 հազար դրամ։ Իսկ Ջերմուկում 2017-ի մայիսին 1 քառակուսի մետր բնակարանի միջին շուկայական արժեքը եղել է 99 հազար դրամ, 2025-ի մայիսին՝ 175 հազար դրամ և այլն։

1 (1).jpg (255 KB).               2.jpg (233 KB)

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2022թ.-ի մայիս ամսից մինչև դեկտեմբերի 31-ը՝ պարտապանի միակ կացարան լինելու հանգամանքով պայմանավորված, հարկադիր աճուրդներից հանվել է կատարողական վարույթի շրջանակում ներկայացված 16 լոտ, 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ հանվել է 23 լոտ, 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 32, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 19․09․2025թ․-ը, նույն հիմքով ցանկից հանվել է 17 լոտ։ 

3.jpg (222 KB)

Պատկան մարմիններն այս թեման այնքան էլ չեն կարևորում և պատշաճ ուշադրություն դարձնում: Պետական տարբեր մարմիններից փորձել ենք տեղեկություններ ստանալ միակ բնակարանի վաճառքի, վարույթների վերաբերյալ, սակայն՝ ապարդյուն: Օրինակ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում միակ բնակարանի իրացման, այդ թվում` իրացման արդյունքում պարտապաններին վերադարձված գումարների, ինչպես նաեւ պարտապանի միակ բնակարանի համար նախատեսված նվազագույն գնի սահմանաչափի պատճառով չիրացման վերաբերյալ։

Արդարադատության նախարարությունից փոխանցում են՝ քննարկվում է գործող դրամային շեմի վերանայման հարցը: Իսկ, թե երբ կամ ինչ չափով կբարձրանա 4 մլն 900 հազ. դրամի շեմը՝ հայտնի չէ։ 

Մինչ Արդարադատության նախարարությունը քննարկում է շեմի վերանայման հարցը,  հնարավոր է՝ այդ ժամանակահատվածում տասնյակ նոր ընտանիքներ անօթեւան դառնան:

Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter