Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց
«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ, բացակայելու արգելքով և 2,5 մլն դրամ գրավով: Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:
Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդել էր խափանման միջոց կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ ու բացակայելու արգելքով: Պաշտպանը նշել էր՝ կալանքը երկարաձգելու որոշումը հանրային լայն արձագանք էր գտել. արձագանքել էին իրավապաշտպաններ, պատգամավորներ, մի շարք մարդիկ, որոնք չեն ճանաչում Լիդյա Մանթաշյանին, նստացույց էին սկսել։
Հիշեցնենք՝ դատարանը նախորդ նիստին՝ նոյեմբերի 20-ին, որոշել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:
Չնայած նախորդ նիստին հանրային մեղադրողները խոսում էին Լիդյա Մանթաշյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկից, այս անգամ նրանք ընդունելի համարեցին պաշտպանական կողմի բարձրացված հիմնավորումներն ու մտահոգությունները՝ նշելով, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովել այն իրավաչափության ռիսկերը, որոնք նախանշված են եղել, և առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը և գրավը:
Այս գործով 18 մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Դատարանը քննեց նաև Վահագն Չախալյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին։
Կարդացեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել