Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
Այս տարվա սեպտեմբերի 11-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 20-ից (բացառությամբ մի քանի դրույթների)։
ԿԳՄՍՆ-ին ենթակա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ նոր օրենքի ընդունմամբ ստեղծվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտները կարգավորող 4 օրենքների («Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին») փոխարեն:
Հայոցյանին հարցրել էինք, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է բուհերի եւ գիտական ինստիտուտների միավորում, եւ արդյոք արդեն հայտնի է, թե որ գիտական կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։
ԲԿԳԿ նախագահը պատասխանել է, որ ներկայում շարունակվում են ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում 2024 թ․ ձեւավորված աշխատանքային խմբերի աշխատանքները։ Դրանցում, ըստ Հայոցյանի, ներառված են ոչ միայն շահառու կազմակերպությունների՝ պետական բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների, այլեւ ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ձեւավորվել է նաեւ առանձին աշխատանքային խումբ մարզային բուհերի մասնակցությամբ։
Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ այս խմբերի աշխատանքները ուղղված են համապատասխան ոլորտային մասնագետների մասնակցային ներգրավվմամբ տեխնոլոգիական, կրթական, արվեստի, սպայական, դասական, բժշկական ուղղություններով ստեղծվելիք կլաստերների հայեցակարգերի մշակմանը, վերոնշյալ ուղղվածություններով կլաստերների ձեւավորման աշխատանքների համակարգմանը, ինչպես նաեւ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ մասնագիտական կարծիքների եւ առաջարկների հավաքագրմանը՝ դրանք հետագայում իմպլեմենտացման փուլում ներդնելու համար:
Նոր օրենքի համաձայն՝ հանրային բուհում վարչական պաշտոն կարող են զբաղեցնել մինչեւ 65 տարեկան անձինք, նույն տարիքային սահմանափակումն է դրված գիտական կազմակերպության տնօրենի ու հանրային բուհի ռեկտորի վրա:
Անդրադառնալով այս հանգամանքին՝ Սարգիս Հայոցյանը հղում է արել Սահմանադրական դատարանի 2021 թ. որոշմանը. «Վարչական եւ ակադեմիական պաշտոններում տարիքային սահմանափակում նախատեսող իրավադրույթների սահմանադրականությանն անդրադարձ է կատարվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թ. օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշման մեջ, որտեղ, ի թիվս այլնի, «Սահմանադրական դատարանը հանրային շահի մեջ է ներառում բուհերի եւ գիտական կազմակերպությունների պատշաճ, արդյունավետ գործունեությունը, մատուցվող կրթության բարձր որակի ապահովման իրավաչափ նպատակի սպասարկումը, որի իրականացման անմիջական մասնակիցները գիտական ու ակադեմիական պաշտոնյաններն ու աշխատողներն են»»։
Նոր օրենքի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ հանրային բուհի ռեկտորն ընտրվում է միջազգային մրցույթի միջոցով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով եւ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ ԲԿԳԿ նախագահին հարցրել էինք, թե է ենթադրում միջազգային մրցույթը։
«Օրենքի 31-րդ հոդվածի իմաստով՝ «բաց միջազգային մրցույթ» հասկացությունը ենթադրում է հանրային բուհի ռեկտորի ընտրության այնպիսի ընթացակարգ, որը բաց է օրենքով եւ բուհի կանոնադրությամբ սահմանված պահանջներին բավարարող յուրաքանչյուր դիմումատուի համար»,- ասված է պատասխանում։
Նոր օրենքում նշվում է նաեւ, որ հանրային բուհի ռեկտորն ու գիտական կազմակերպության ղեկավարը պետք է ունենան լիազոր մարմնի, այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող բարձրագույն կրթության եւ հետազոտությունների ոլորտի կառավարիչների կրթական/ակադեմիական մոդուլը «լավ» կամ «գերազանց» ավարտելը հավաստող փաստաթուղթ կամ լիազոր մարմնի հաստատած եւ դրան համարժեք որակավորում։ Ս. Հայոցյանից հետաքրքրվել էինք, թե միջազգային ինչ հեղինակավոր բուհերի մասին է խոսքը, եւ արդյոք կա սահմանված ցանկ։
Կոմիտեի նախագահը նախ նշել է, որ օրենքի այս դրույթն արտացոլված է նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում պետական կառավարման լիազոր մարմնի (այսինքն՝ ԿԳՄՍՆ-ի) լիազորություններում: Ըստ այդմ՝ վերջինս հաստատում է գիտության եւ բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման, միջազգային հեղինակավոր բուհերի հետ համատեղ իրականացվող ակադեմիական մոդուլի ծրագիրը, դրան համարժեք որակավորումների ցանկը եւ դրանք շնորհող բուհերին ներկայացվող պահանջները։
«Օրենքի այս դրույթը կապված է ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում տեխնոլոգիական, կրթական, արվեստի, սպայական, դասական, բժշկական ուղղություններով հայեցակարգերի մշակման բովանդակային աջակցության նպատակով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցային փաստաթղթերի կնքման գործընթացին,- «Հետքին» հայտնել է Ս. Հայոցյանն ու նշել այդ բուհերից մի քանիսը՝ Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային (TUM International), Լոնդոնի արվեստների համալսարան (UAL), Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր կազմակերպություն UCL Consultants Ltd եւ այլն,- համագործակցության շրջանակներում նշված հեղինակավոր գիտակրթական կազմակերպություններն աջակցելու են խոշորացման գործընթացին՝ համապատասխան բովանդակությունների վերանայմամբ եւ կառավարման գործընթացներ ունեցող անձանց վերապատրաստմամբ»։
Մասնավորապես, ըստ ԲԿԳԿ նախագահի, Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձեւավորմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար խորհրդատվական ծառայություններ ձեռք կբերվեն կրթության ոլորտում առաջատար Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դուստր UCL Consultants Ltd ընկերությունից, որը, ի թիվս այլնի, կտրամադրի աջակցություն բարձրագույն կրթության հաստատության աշխատակազմի մասնագիտական զարգացման նպատակով։
Տես նաեւ՝
Լուսանկարում՝ Երեւանի պետական համալսարանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել