Ճարպակալումը այլ հիվանդությունների գործոն. երրորդ միջմասնագիտական գիտաժողովը Երևանում
Երևանում երեկ և այսօր՝ նոյեմբերի 28-ին և 29-ին տեղի է ունենում Ճարպակալման երրորդ միջմասնագիտական գիտաժողովը: Այն նվիրված է գլոբալ, ազգային ու անհատական մակարդակներում ճարպակալմամբ պայմանավորված հետևանքներին։
Գիտաժողովի քննարկման հիմնական թեմաներն են՝ ժամանակակից բուժման և կանխարգելման մոտեցումները, միջդիսցիպլինար համագործակցության կարևորությունը, հոգեսոմատիկ և սոցիալական գործոնները, նորարար տեխնոլոգիաները և դեղաբանական ռազմավարությունները։
Ճարպակալումը համարվում է ոչ վարակիչ համաճարակ: Դրա ազդեցությունը ընդգրկում է առողջության գրեթե բոլոր ոլորտները՝ սեռական կյանքից ու հոգեկան առողջությունից մինչև վիրաբուժություն։ Այն քրոնիկ հիվանդություն է, որը դարձել է առողջապահական լրջագույն մարտահրավեր՝ ավելորդ քաշ ունեցող երեխաներից մինչև մետաբոլիկ բարդություններ ունեցող տարեցներ։
Գիտաժողովի զեկուցող մասնագետների խոսքով՝ ճարպակալում ունեցողների թիվը ոչ միայն չի նվազում, այլ տարեցտարի մեծանում ու խորանում է: Այն շարունակում է մնալ միջազգային առողջապահության առաջնային խնդիրներից մեկը։
Զեկուցող մասնագետները ներկայացնում են ճարպակալման և այլ հիվանդությունների փոխկապվածությունը, ճարպակալումը պայմանավորում որպես գործոն՝ մի շարք հիվանդությունների առաջացման համար:
Նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանը շեշտեց քնի ու մարմնի քաշի փոխկապակցվածությունը:
«Քնի խանգարումը բերում է սխալ սննդային վարքի, ինչն էլ ավելորդ քաշի ու ճարպակալման ռիսկի գործոն է»,- նշեց նա։
Նա ընդգծեց, որ մեծահասկաները պետք է քնեն առնվազն 7 ժամ, իսկ օպտիմալ քնի միջակայքը 7-9 ժամն է:
Խաչատրյանը առանձնացրեց քնի օբստրուկտիվ ապնոէն, որն առավել տարածված քնի խանգարման տեսակներից է և արտահայտվում է քնի ընթացքում շնչառական դադարներով: Սրա ռիսկի ամենամեծ գործոններից մեկը ճարպակալումն է: Կան գիշերային ու ցերեկային ախտանիշներ, որոնցից հատկապես գիշերայինները հաճախ անտեսվում են:
Գիշերային ախտանիշներն են՝ խռմփոցը, շնչառության կանգը, հաճախակի գիշերային միզարձակությունը, դժվարացած շնչառությունը, գիշերային քրտնքոտությունը, հաճախակի արթնացումները և չթարմացնող քունը: Օրինակ՝ խռմփոցը հաճախ որպես նորմալ երևույթ է ընկալվում:
«Սովորաբար 70% հավանականությամբ խռմփոցի տակ թաքնված է լինում քնի ապնոէ»,- ասում է նյարդաբանը:
Ցերեկային ախտանիշներն արտահայտվում են ցերեկային քնկոտությամբ, առավոտյան մարմնում «կոտրտվածության» զգացումով, առավոտյան գլխացավերով, դեպրեսիայով, ապաթիայով, դյուրագրգռվածությամբ, տրամադրության անկումով, կոգնիտիվ խանգարումներով և այլն:
Նյարդաբանն ընդգծեց նաև քաշի ազդեցությունը.
«Քաշի 10% ավելացումը բերում է ապնոէ խանգարումով պայմանավորված շնչառական դադարների քանակի 32% աճի։ Իսկ քաշի 10% նվազումը կարող է մոտ 26%-ով բարելավել վիճակը»։
Ուռուցքաբան-քիմիոթերապևտ Դավիթ Զոհրաբյանը նշեց ճարպակալման և քաղցկեղի կապի մասին: Նրա խոսքով՝ ճարպակալումը հանդիսանում է ուռուցքների մի շարք տեսակների ռիսկի գործոն։ Այս իմաստով ամենախոցելին կրծքագեղձի քաղցկեղը, հաստ աղու ու ուղիղ աղու քաղցկեղները և էնդոմետրիալ քաղցկեղն (արգանդը պատող լորձաթաղանթից առաջացող քաղցկեղ) է։
«Քաղցկեղների դեպքերի 4-8%-ը կապված է հենց ճարպակալման հետ, իսկ որոշ դեպքերում քաղցկեղների ելքը կախված է լինում մարդու ճարպակալման աստիճանից»,- նշեց նա։
Նա ընդգծեց նաև, որ ճարպակալումը մեծացնում է քաղցկեղի ռեցիդիվների հավանականությունը, իսկ քաղցկեղ վերապրածների մոտ ավելորդ քաշը խանգարող գործոն է ապաքինման ընթացքի համար։
Օրթոպեդ-վնասվածքաբան Հովնան Հարությունյանի խոսքով՝ ավելորդ քաշը ծանրաբեռնում է հոդերը և արագացնում դրանց մաշվածությունը.
«Ավելորդ ճարպային հյուսվածքը մեծացնում է հոդերի մեխանիկական ծանրաբեռնվածությունը և խրոնիկ բորբոքման ռիսկը, հետևաբար նաև հենաշարժիչ համակարգի վաղ մաշմանը»,- նշեց նա։
Օսթեոարթրոզը մեծահասակների հաշմանադամության հիմնական պատճառն է: Այն բազմագործոն հիվանդություն է, որին նպաստող գործոններից մեկը հենց ճարպակալումն է:
«Մարդու մոտ 5 կգ ավել քաշը մեծացնում է ծնկահոդի ծանրաբեռնվածությունը, առաջանում են վերջույթի առանցքների շեղումներ, փոխվում է քայլքը, ինչը բերում է օստեոարթրոզի վաղ զարգացման»,- հավելեց Հարությունյանը։
Ուոռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ ճարպակալումը համարվում է անպտղության առաջացման ռիսկի կարևոր գործոն։ Ճարպակալումը բերում է դաշտանային ցիկլի խախտման, որն էլ իր հերթին առաջացնում է խնդիրներ պտղաբերության հետ:
«Զարգացած երկրներում յուրաքանչյուր 7-րդ կին ունենում անպտղություն, զարգացող երկրներում յուրաքանչյուր 4-րդը»,- ասում է Վահե Տեր-Մինասյանը:
Չնայած ճարպակալումը մեծ ազդեցություն ունի պտղաբերության վրա, այնուամենայնիվ, ճարպակալում չունենալը դեռևս չի երաշխավորում, որ կինը անպտղություն չի ունենա, քանի որ այն միայն գործոններից մեկն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել