HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկի խումբն այլևս անցյալում է

Այսօր ԵԱՀԿ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ, Նախարարների խորհրդի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն, 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին դադարեցրել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործունեությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անցյալում է և ֆորմալ առումով այլևս չկա։

«Անհրաժեշտ վարչական բոլոր ընթացակարգերի դադարեցումը նշանակում է փակման գործընթացի ավարտ։ Այս գործընթացը կյանքի է կոչել ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների՝ սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած պատմական համատեղ հռչակագրի հիման վրա, որին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասված է հայտարարության մեջ։ 

ԵԱՀԿ-ն դեռ այս տարվա սեպտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ սկսած սեպտեմբերի 1-ից Մինսկի խումբը լուծարված է։ «Ազատություն»-ը գրել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված։ Նույն օրն էլ համանման հայտարարություն տարածել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնեն շնորհավորել էր Հայաստանին ու Ադրբեջանին և «իր ջերմ շնորհավորանքներն ուղղել պատմական համաձայնության ու դրանք արագ կյանքի կոչելու վճռականության առթիվ»։ 

Իսկ կառույցի փակման գործընթացը սկսվեց օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին հռչակագիր, որի երկրորդ կետը նախատեսում էր Մինսկի խմբի լուծարում։

«Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»,- ասված էր հռչակագրում։  

Մինսկի խմբի գործունեության դադարեցման պահանջն Ադրբեջանինն էր։ Բաքուն պնդում էր, թե քանի որ պատերազմի ու Արցախի հայաթափման միջոցով լուծել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ձևաչափի շարունակման իմաստ չկա։ «Ադրբեջանը երբեք թույլ չի տա այդ ձևաչափի գործունեության շարունակումը»,- Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Մինչ օրս ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա ՀՀ Անկախության հռչակագրին։ Ադրբեջանի համար խնդրահարույց է այն հանգամանքը, որ ՀՀ Անկախության հռչակագրում հղում է արվում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի` «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Բաքվում սա ընկալում են որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն»։

Ինչպես ստեղծվեց Մինսկի խումբը

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր Արցախյան I պատերազմի ժամանակ՝ 1992 թվականին։ Դրա նպատակն էր դառնալ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային համախոհների հարթակ։ Այս ձևաչափը, ընդհուպ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Արցախյան հիմնահարցի շուրջ երկու երկրների բանակցությունների հիմնական հարթակն էր։ Խմբի համանախագահությունը վերապահված էր ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիան, չնայած նրան, որ դրան անդամակցում էին նաև Ֆինլանդիան, Թուրքիան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան ու Շվեդիան։ 

Հանրային ռադիոն մեջբերում է Խմբի ձևավորման վերաբերյալ «Քարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալի խոսքերը.  

«1992-ի հունվարի 31-ին ԵԱՀԿ-ի՝ այն ժամանակ դեռ ԵԱՀԽ-ի՝ Պրահայում անցկացվող հանդիպումներից մեկը գրեթե ավարտվում էր, երբ բրիտանացի պատվիրակը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկու նոր անդամների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ է ընթանում։ Նա ընդգծեց, որ ԵԱՀԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել։ <...> Որոշվեց տարածաշրջան առաքելություն ուղարկել` իրավիճակին տեղում ծանոթանալու: Կազմակերպության հաջորդ հանդիպմանը՝ մարտի 24-ին, որոշվեց Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ խաղաղ համաժողով հրավիրել, ու Բելառուսի ներկայացուցիչն անսպասելի առաջարկեց այն կազմակերպել Մինսկում: Ոչ ոք չառարկեց: Հայաստանը, Ադրբեջանը և ԵԱՀԽ 9 անդամ-պետություններ համաձայնեցին մասնակցել այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի այսպես ասած «ընտրված» և «այլ» ներկայացուցիչների հետ համատեղ: Ձևակերպումը ենթադրում էր ինչպես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ադրբեջանցիների մասնակցություն։ Այդպես էլ ծնվեց «Մինսկի համաժողովի» գաղափարը»,- գրում է Վաալը։

Վերջինս նշում է, որ իր գործունեության ընթացքում թուրքական կողմն ակնհայտ աջակցում էր Ադրբեջանին՝ անտեսելով Խմբի անկողմնակալության սկզբունքը։ «Բաքուն, իր հերթին, չէր ցանկանում խմբում տեսնել Ֆրանսիային և Իտալիային` միաժամանակ առաջարկելով Մեծ Բրիտանիայի թեկնածությունը»,- գրում է Վաալը։ Ընդորում, Խմբի սկզբնական կազմում ներառված էր նաև Չեխոսլովակիան, որին ավելի ուշ փոխարինեց Ֆինլանդիան։ 

Ժամանակին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Վլադիմիր Կազիմիրովն իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում գրում է. «Շատերը դիտարկում են Մինսկի խումբը որպես իրողություն՝ տեղյակ չլինելով, որ ԵԱՀԽ-ում որևէ որոշում Մինսկի խմբի ստեղծման մասին չի եղել, ու այն որևէ մանդատ չունի։ <...> 1995 թվականին հաստատվել են համանախագահների և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատները, սակայն Մինսկի խումբը, որպես այդպիսին, մանդատ չունի: Խմբի մասին կարելի է խոսել միայն փոխաբերական իմաստով»։

Հենց այս ձևաչափի շրջանակներում է, որ ժամանակին համանախագահները ներկայացրել էին հակամարտության կարգավորման փաթեթային ու փուլային տարբերակները։ Փաթեթային տարբերակը ենթադրում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությամբ կարգավիճակ, որոշ տարածքների վերադարձ, հաղորդակցությունների ապաշրջափակում ու խաղաղապահների տեղակայում։ 

Փուլային տարբերակն էլ ենթադրում էր գրավյալ շրջանների, բացառությամբ Լաչինի շրջանի, փուլ առ փուլ հանձնում Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվեր ապագայում՝ հանրաքվեի միջոցով։ Շատ քաղաքագետներ պնդում են, որ ավելի ուշ Քի Վեսթում Հեյդար Ալիև-Ռոբերտ Քոչարյան հանդիպումից հետո Ստեփանակերտը դուրս մղվեց բանակցությունների սեղանից ու Խմբի կազմում եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) ձևաչափը դարձավ երկկողմ (Հայաստան-Ադրբեջան)՝ սովորաբար երկու երկրների առաջնորդների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Հաջորդող տարիներին Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը բարձր չէր։ Հանդիպումներ, բանակցություններ, հայտարարություններ ու կոչեր, որոնք գործնականում չէին հանգեցնում հստակ գործողությունների կամ կարգավորման տեսլականի։ Փաստացի, այն դիվանագիտական ֆորմալիզմի խորհրդանիշ էր։ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած վերջին հանդիպումը պատերազմի օրերին էր՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, Ժնևում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Բայրամովն ու Մնացականյանը համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ քննարկել են կրակի դադարեցման և բանակցությունների սեղանին վերադառնալու, հումանիտար խնդիրները լուծելու հարցեր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի պարալիզացման ու արդյունքում գործունեության դադարեցման պատճառներից էր նաև ռուս-ուկրաինական պատերազմը, ինչի հետևանքով համանախագահող երկրները դադարեցրին շփումները ու այդպես էլ չկարողացան ձևաչափի շրջանակներում լուծել այն հիմնախնդիրը, ինչի համար միավորվել էին։ Կամ ինչպես ժամանակին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նետվեց պատմության աղբանոց»։

Լուսանկարը՝ kharcenter.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter