Որոնք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը
Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Հաջորդում է Տավուշը՝ 39.9% աղքատության մակարդակով։
Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2024թ. զեկույցը»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամ։
Աղքատության մակարդակը միջինց բարձր է նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Կոտայքում։
Աղքատության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արագածոտնում և Սյունիքում։
Միջինում բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են
Եթե Հայաստանում աղքատության մակարդակը ընդհանուր առմամբ 21.7% է 2024 թվականի դրությամբ, ապա ըստ ընտանիքի անդամների թվի՝ այն տատանվում է։ Միջինում 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակն ավելի բարձր է։
Այսպես, ըստ վիճակագրության, օրինակ, 6 անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը միջինը կազմել է 27.4%, իսկ 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում՝ 39%:
Տարրական և ցածր կրթություն ունեցողներն ավելի աղքատ են
Աղքատության մակարդակը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որոշվում է նաև կրթության մակարդակով։ Հաշվարկներն արվել են՝ ըստ 16 և բարձր տարիքի ՏՏ անդամների կրթության մակարդակի։ Պարզվել է, որ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է՝ 32.8%։
Թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում ևս աղքատության մակարդակը համեմատաբար բարձր է՝ 28.1%։
Որքան կրթության մակարդակը բարձր է, այնքան ցածր է աղքատության մակարդակը։
Հայտնի չէ՝ աղքատության մակարդակը Հայաստանում աճե՞լ, թե՞ նվազել է
Խնդիրն այն է, որ տվյալների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է, և 2023-ի տվյալները չեն վերանայվել՝ չնայած, որ Վիճակագրական կոմիտեն խոստացել էր դա անել։
Մինչ այս հիմնական զեկույցը հրապարակելը, Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր հակիրճ զեկույց, որտեղ ևս կային աղքատության ընդհանուր ցուցանիշները՝ առանց մարզերի և մյուս մանրամասների։
Այդ ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այդ տվյալներին։ Նրա հաշվարկներով՝ մեկ տարում աղքատության մակարդակը 2 տոկոսային կետով նվազել է։ Սակայն, այս հաշվարկները, ինչպես պարզել էինք, սխալ էին, քանի որ տվյալները համադրելի չեն։
Հակիրճ զեկույցում Վիճկոմիտեն տողատակով շեշտել է, որ մեթոդաբանությունը փոխվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալները, և նշել, որ արդեն ավելի ընդարձակ վերլուծական զեկույցում կզետեղվեն 2022 և 2023 թվականնների վերանայված ցուցանիշները։
Էկրանապատկերը ՎԿ-ի զեկույցից
Սակայն, արդեն նոր զեկույցում, որտեղ Վիճակագրական կոմիտեն խոստացել էր հրապարակել նաև վերանայված ցուցանիշները, որը թույլ կտար համեմատություն անել, դրանք բացակայում են։ Այս անգամ Կոմիտեն հայտնում է, որ վերանայումներ անելը, ըստ Համաշխարհային բանկի, քիչ հավանական է: Աղքատության մակարդակի վերաբերյալ զեկույցի մեթոդաբանությունը մշակվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Զեկույցի նախաբանում ներկայացված է Համաշխարհային բանկի մեկնաբանությունը։ Այն գրված է բավականին խրթին լեզվով։ Բայց հիմնական միտքն, ըստ էության, այն է, որ 2022-2023 թվականների տվյալների վերանայմանը խանգարում է փաստը, որ հակամարտությունով պայմանավորված փախստականների հոսք է եղել։
Էկրանապատկերը՝ ՎԿ-ի զեկույցից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել