HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են ճարպակալում երեխաները

Հայաստանում երեխաների 27,7%-ն ավելորդ քաշ ունի, նրանց 12,6%-ը՝ ճարպակալում։ 2025-ին աշխարհում առաջին անգամ ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը գերազանցեց թերքաշ երեխաներին։ Հայաստանն այս գլոբալ միտումից դուրս չէ․ 7-8 տարեկանների շրջանում երեք երեխայից մեկն արդեն ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում։ Հիմնական պատճառներն են՝ բարձր հասանելիությամբ ուլտրավերամշակված սնունդը, քաղցրավենիքը, ֆիզիկական ցածր ակտիվությունը և երեխաներին ուղղված գովազդը։

Երեխաների ճարպակալման մտահոգիչ ցուցանիշներ՝ Հայաստանում և աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճարպակալումն անվանում է 21-րդ դարի համաճարակ: Աշխարհի բոլոր երկրներում նկատվում է ոչ միայն ճարպակալում ունեցող մեծահասակների, այլև՝ երեխաների թվի աճ։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ աշխարհում առաջին անգամ ճարպակալման խնդիր ունեցող երեխաների թիվը գերազանցում է քաշի պակաս ունեցող երեխաների թվին։ 2000 թվականից սկսած՝ թերքաշ երեխաների թիվը նվազել է՝ 13 տոկոսից հասնելով 9,2 տոկոսի։ Իսկ ավելորդ քաշ ունեցող 5-19 տարեկան երեխաների թիվն աճել է՝ 3 տոկոսից հասնելով 9,4 տոկոսի։ Այսպիսով, վերջին 25 տարում ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը կրկնակի աճել է՝ հասնելով 391 միլիոնի: Ավելորդ քաշի առավել մեծ աճ է գրանցվել զարգացող և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Ներկա պահին աշխարհի բոլոր շրջանների երկրներում, բացառությամբ՝ Աֆրիկայի հարավից մինչև Սահարա անապատը ձգվող երկրների և Հարավային Ասիայի երկրների, ճարպակալման խնդիր ունեցող երեխաների թիվը գերազանցում է քաշի դեֆիցիտ ունեցող երեխաների թվին։ 

Հայաստանում երեխաների ճարպակալման ցուցանիշները նույնպես մտահոգիչ են: Վերջին՝ 2019 թվականին արված Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության հետազոտության համաձայն, Հայաստանում երեխաների 27,7 տոկոսը ունի ավելորդ քաշ, որից 12,6 տոկոսը՝ ճարպակալում, 3,1 տոկոսը՝ ծանր աստիճանի ճարպակալում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 3610 երեխայի տվյալներ, տարիքային խմբի գերակշռող մասը 7-8 տարեկաններն են:

Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը ավելի հաճախ հանդիպում են տղաների մոտ: Տղաների շուրջ 15 տոկոսը ունի ճարպակալում, աղջիկների՝ մոտ 10 տոկոսը: Ծանր աստիճանի ճարպակալման տարածվածությունը տղաների շրջանում ավելի քան 3 անգամ գերակշռում է աղջիկներին: Սա համաշխարհային միտում է:

Ավելցուկային քաշ ու ճարպակալում ունեցող երեխաների թիվն ըստ մարզերի զգալիորեն տարբեր է։ Ավելցուկային քաշ ունեցողներն ամենաշատը Տավուշի մարզում են, ճարպակալում ունեցողները՝ Երևանում, ծանր ճարպակալում ունեցողները՝ Արագածոտնի մարզում: 

Ավելցուկային քաշի ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում է, իսկ ճարպակալմանը՝ Վայոց ձորում: Ավելցուկային քաշի ու ճարպակալման դեպքերը ավելի հաճախ հանդիպում են քաղաքային բնակավայրերում: 

Ի՞նչ է ճարպակալումը

Չնայած ճարպակալումը բազմագործոն հիվանդություն է, առավել հաճախ այն շատակերության հետևանք է: Նման դեպքերում կարևոր է ոչ թե օգտագործվող սննդի քանակն ու կալորիականությունը, այլ այն, թե որքան էներգիա է մարդը վատնում իր ընդունած սննդի համեմատությամբ և ինչ կենսակերպ է վարում: Երբ ստացած կալորիաները չեն ծախսվում, մարդու օրգանիզմն այն սկսում է պահեստավորել ճարպի տեսքով՝ մաշկի տակ, որովայնի խոռոչում, մկանների ներսում: 

Ճարպակալումը ճարպերի ավելցուկային կուտակումն է մարդու օրգանիզմում: 

1998 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճարպակալումը ճանաչեց որպես քրոնիկական հիվանդություն։ Մարդու ավելորդ քաշը որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) միջոցով։ ՄԶԻ ցուցանիշներով գնահատում են ճարպի կուտակման մակարդակը։

Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկելու համար մարդու մարմնի զանգվածի թիվը (կգ) պետք է բաժանել հասակի քառակուսու (մքկ) վրա։ Եթե այդ բաժանման արդյունքում ստանում ենք 18,5-24,9-ի արանքում որևէ թիվ, ապա մարդն ունի կանոնավոր քաշ։ Եթե բաժանման արդյունքում ստանում ենք ավելի բարձր թիվ, նշանակում է մարդն ունի ավելցուկային քաշ կամ ճարպակալում։ Ճարպի կուտակումը գնահատելու համար օգտագործվում է նաև իրանի շրջագծի չափումը: Վերջինիս նորմալ ցուցանիշը կանանց շրջանում մինչև 80սմ է, իսկ տղամարդկանց շրջանում՝ 94սմ: Իրանի շրջագծի չափումը կարևոր է օրգանիզմում ճարպի բաշխման տեսակը պարզելու համար։

Երեխաների ճարպակալման մակարդակը հաշվարկելու համար մարմնի զանգվածի ինդեքսից բացի կիրառվում է նաև պերցենտիլային աղյուսակ՝ տղաների և աղջիկների համար առանձին, ու չի հաշվարկվում ինչպես մեծերինը։ 

Ճարպակալումը դասակարգվում է մի քանի չափանիշներով՝ ըստ ծագման, ճարպային հյուսվածքի առանձնահատկության և ճարպի կուտակման բաշխման: Վերջինս լինում է հավասարաչափ՝ երբ ճարպն օրգանիզմում բաշխվում է հավասարաչափ և տեղային: Տեղային ճարպակալումն իր հերթին լինում է կենտրոնական (որովայնային) և ծայրամասային տեսակների: 

Կենտրոնական ճարպակալման դեպքում ճարպը կուտակվում է գերազանցապես որովայնի շրջանում: Ճարպակալման ժամանակ ճարպի բաշխումը կարող է ունենալ ավելի կարևոր նշանակություն հիվանդացության ու մահացության առումով, քան ավելցուկային քաշի չափն ու ճարպակալման աստիճանը։ Օրինակ՝ կենտրոնական ճարպակալման դեպքում սրտի իշեմիկ հիվանդությունների, գերճնշման, ինսուլտի մեծ ռիսկ կա: 

Ավելորդ քաշի պատճառները

Մարդու օրգանիզմում ավելորդ քաշի կուտակումը, այնուհետև ճարպակալումն ու դրա ծանր դրսևորումը պայմանավորված են միաժամանակ մի քանի գործոններով: Հիմնականներն են՝ սննդի գերօգտագործումը և սննդային այլ սովորությունները, ցածր ֆիզիկական ակտիվությունը, հոգեբանական գործոնները, ժառանգականությունը, ինչպես նաև՝ գովազդը։ 

Անառողջ սնունդը՝ մատչելի, համեղ, բայց՝ վնասակար

Երևանում, Հանրապետության և Արամի խաչմերուկից մինչև 71-րդ դպրոց ընկած հատվածում, ճանապարհի աջ և ձախ կողմերում կարելի է հաշվել 10-ից ավելի խանութ, կրպակ ու սննդի կետ, որտեղ վաճառում են վերամշակված, արագ պատրաստվող սնունդ՝ խաչապուրի, կարկանդակ, տորթ, թխվածքաբլիթ և այլն։

Արագ սննդի մշակույթը մտել է մեր կյանք ու առօրյա։ Ինչպես արագ սննդի կետերում ուտելը և արագ պատրաստվող սնունդ սպառելը, այնպես էլ դրա առաքումը դարձել է ավելի մատչելի ու հասանելի ցանկացած ժամի։ Սակայն, արագ պատրաստվող սնունդը, որը շատերի համար համեղ է, ունի ցածր սննդարար արժեք ու բարձր կալորիականություն:

«Դրանք մենք անվանում ենք գերհամով մթերքներ։ Դրանց մեջ լցնում են համի զգայունությունն ուժեղացնող նյութեր, որը մեր ուղեղում անջատում է կանգ առնելու կոճակը։ Այդ տեսակ ուտելիքը պարունակում է տարբեր համեր՝ աղի, քաղցր, կծու: Դրա շնորհիվ մարդն ուտելիքը ցանկանում է բոլոր ռեցեպտորներով, և ուտելու ցանկությունը մի քանի անգամ մեծանում է։ Տարբեր համային ռեցեպտորների միաժամանակ ուտելու և զգալու արդյունքում նման սնունդ ուտելը շատ մեծ հաճույք է պատճառում»,- ասում է սննդաբան Անուշիկ Միրզոյանը։

Քաղցր սնունդը, ըստ Միրզոյանի, բերում է նորից քաղցր ցանկանալու, ուտելու մեծ ցանկության։ Դրանք հիմնականում պարզ ածխաջրերն են, որոնք կտրուկ բաձրացնում են արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակը։ Դրանից հետո երկուսի մակարդակն էլ կտրուկ իջնում է։ Հենց իջնում է, նորից են քաղցր ուզում։ Պարզ ածխաջրերը մեծ քանակով պարունակվում են շաքարի, հացահատիկների մեջ, հետևաբար սննդի բոլոր այն տեսակներում, որտեղ կա շաքար, հացահատիկ՝ թխվածքաբլիթները, հացը, կոնֆետները, քաղցր գազավորված ըմպելիքները և այլն։ 

«Հատկապես 10 տարեկանից բարձր երեխաների դեպքում նման ուտելիք սպառելու ցանկությունը զսպելն ավելի դժվար է։ Ծնողներն արդեն այդ տարիքի երեխաներին չեն կարողանում վերահսկել։ Եթե փոքր տարիքի դեպքում հնարավոր է սահմանափակել նմանատիպ սննդի օգտագործումը և առաջարկել ավելի լավ սնունդ, ավելի մեծ տարիքում երեխան կարող է տանը չուտել, չսնվել ու տնից դուրս՝ խանութում կամ կրպակում գնել այն, ինչ ինքն է ցանկանում»,- նշում է սննդաբանը:

Արաբկիր բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինա Մելքումովան ուշադրություն է հրավիրում ծնողների աշխատանքային ծանր գրաֆիկի վրա, որի պատճառով շատերը տանը ճաշ պատրաստելու ժամանակ չունեն:

«Դա բերում է նրան, որ կա՛մ պատվիրում են, կա՛մ խանութից են պատրաստի վերամշակված սնունդ ու քաղցրավենիք գնում»,- ասում է նա։

Մարինա Մելքումովան նշում է, որ ի տարբերություն արևմտյան երկրների, որտեղ ճարպակալման խնդիր սովորաբար ունենում են բարեկեցության ցածր մակարդակ ունեցողները, քանի որ արագ պատրաստվող սնունդը նրանց համար մատչելի է, Հայաստանում հակառակ պատկերն է։

«Բարեկեցության ցածր մակարդակ ունեցողները, չնայած նույնպես արագ սնունդ են սպառում, բայց դա չափավոր են անում։ Իսկ նրանք, որոնք կարող են իրենց թույլ տալ ավելի շատ արագ պատրաստվող սնունդ, այդպես էլ անում են։ Դա բնորոշ է հետսովետական երկրներին»,- նշում է նա։

Մարդու հագեցման զգացումը պայմանավորված է ստամոքսի ձգման աստիճանով։ Իսկ պարզ ածխաջրերով և ճարպերով հարուստ սնունդը քիչ է ձգում ստամոքսը։ Ճարպերով հարուստ սնունդը, ի հաշիվ ճարպալույծ արոմատիկ մոլեկուլների առկայության, ավելի համեղ է, քան ճարպազուրկը:

Երեխաների ավելորդ քաշի կուտակման վրա ազդում է նաև նախաճաշը բաց թողնելը:

«Եթե երեխան առավոտյան չի նախաճաշում, մեկ-երկու ժամ հետո, դասի ժամանակ կամ դասամիջոցին սկսում է փնտրել այլ տարբերակներ որևէ բան ուտելու։ Իսկ դպրոցներում հիմնականում երեխան գտնում է կա՛մ շատ քաղցր ուտելիք, կա՛մ արագ պատրաստված սնունդ։ Այն կախվածություն է առաջացնում, ու դա ուտելուց կարճ ժամանակ անց երեխան նույնից էլի է ուզում»,- նշում է Մարինա Մելքումովան։

2019 թավականին իրականացված հետազոտության համաձայն, Հայաստանում երեխաների միայն 44 տոկոսն է նախաճաշում ամեն օր, մինչդեռ 11 տոկոսը երբեք չի նախաճաշում: Մնացած 45 տոկոսը նախաճաշում է շաբաթական 1-3 կամ 4-6 օր: Գյուղական վայրերում երեխաներն ավելի քիչ են նախաճաշում, քան քաղաքային բնակավայրերում, համապատասխանաբար՝ 39,4 տոկոս և 48 տոկոս ամենօրյա կտրվածքով:

Պարզվել է նաև, որ ընտանիքի անդամների քանակը և երեխաների սնվելու սովորությունները փոխկապակցված են: Որքան մեծ է տնային տնտեսությունը, այնքան ավելի հազվադեպ են երեխաները նախաճաշում: Օրինակ՝ փոքր ընտանիքների 54 տոկոսում (միջին հաշվով՝ 3 անդամ) երեխաներն ամեն օր են նախաճաշում, մինչդեռ բազմանդամ ընտանիքներում (6 կամ ավելի անդամ) ամեն օր նախաճաշող երեխաները կազմում են ընդամենը 42 տոկոս:

Չնախաճաշելու ամենատարածված պատճառը երեխաների՝ նախաճաշից հրաժարվելն է (աղջիկները՝ 43 տոկոս, տղաները՝ 51 տոկոս): 12 տոկոս դեպքերում ծնողները նշում են, որ պատճառը ժամանակի սղությունն է: Միաժամանակ, քաղաքային բնակավայրերում ավելի շատ երեխաներ են բաց թողնում նախաճաշը ժամանակի սղության պատճառով (17,3 տոկոս), քան գյուղական բնակավայրերում (8,3 տոկոսը):

Սննդաբան Անուշիկ Միրզոյանը նշում է, որ ժամանակի սղության պատճառով չնախաճաշող երեխաների թիվը ներկայումս ավելի մեծ է՝ դասապրոցեսի սկիզբը առավոտյան ժամը 8:15 դարձնելու հանգամանքով պայմանավորված:

«Ծնողները չեն հասցնում զարթնել, երեխաները՝ նույնպես։ Դրանով պայմանավորված՝ երեխաները չեն հասցնում նախաճաշել։ Դպրոցներում հիմնականում նախաճաշ չեն տալիս ու նախաճաշի ժամ նախատեսված չէ։ Հետևաբար, նախաճաշն աստիճանաբար դուրս կմնա երեխաների սննդակարգից»,- ասում է Անուշիկ Միրզոյանը։

Նրա խոսքով, նախաճաշի ժամ սահմանելուց հետո էլ առաջանալու է դպրոցում առկա սննդի որակի խնդիրը: Լուծման տարբերակ կարող էր լինել տնից ուտելիք բերելը, սակայն դպրոցներում նման մշակույթ հիմնականում չկա։

«Տնից ուտելիք բերելը հաճախ կարող է որպես ամոթալի երևույթ ընկալվել։ Փոքր դասարաններում դա ավելի ընդունված է, մեծ դասարաններում բացարձակ չկա։ Ոչ միայն չկա նման մշակույթ, այլ նաև չկան միտումներ դրա ձևավորման համար»,- ընդգծում է սննդաբանը։

Կա նաև ավելորդ քաշի ընկալման խեղաթյուրում։ Երբեմն ծնողները կարող են երեխայի ավելորդ քաշի առկայությամբ հանդերձ համարել, որ երեխայի քաշը նորմալ է: Հետազոտությանը մասնակցած ծնողների շուրջ 77 տոկոսը այդպես է համարել, մինչդեռ երկրում այդ պահի դրությամբ երեխաների 27,7 տոկոսն ավելորդ քաշ է ունեցել:

Երեխայի մարմնի զանգվածը մեծ կապ ունի նաև ընտանիքի սննդային սովորությունների հետ: Օրինակ՝ տանը սեղանին անընդհատ ուտելու բան լինելը, կամ ուշ ժամի ուտելը, աղի ուտելը, կամ այլ անառողջ սովորություններ, որոնք փոխանցվում են երեխային: Միաժամանակ, ընտանիքի բարեկեցության մակարդակը հիմնականում կապված չէ երեխաների սնման կարգավիճակի հետ։

Բայց նկատվել է կապ երեխայի մարմնի զանգվածի ու երեխայի մոր կրթական մակարդակի միջև: Բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի շատ են ունեցել ավելցուկային քաշ ու ճարպակալում ունեցող երեխաներ: Եվ հակառակը՝ նիհար, թերաճություն ու թերսնվածություն ունեցող երեխաները ավելի հաճախ ցածր կամ միջին կրթական մակարդակ ունեցող մայրերի զավակներ են: Բացահայտվել է նաև ուժեղ կապ մոր քաշի ու երեխաների մարմնի զանգվածի ցուցանիշի միջև: Ավելցուկային քաշ ու ճարպակալում ունեցող երեխաների գերիշխող մասը ծնվել է ճարպակալում կամ նախաճարպակալման՝ ավելցուկային քաշ ունեցող մորից:

Ֆիզիկական ցածր ակտիվությունը՝ ճարպի կուտակման պատճառ

Ցածր ֆիզիկական ակտիվության գործոնի նշանակությունը մեծացել է գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով։ Ներկայիս կյանքը դժվար է պատկերացնել առանց մեքենաների, հեռակառավարման վահանակների, համակարգիչների։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ մարդն օբյեկտիվորեն դարձել է ավելի սակավաշարժ։ Ճարպի ավելցուկային կուտակումը մարդու օրգանիզմում սկսվում է այն ժամանակ, երբ էներգիան գերազանցում է դրա ծախսը։ Այլ կերպ ասած՝ մարդն ավելի շատ էներգիա է ստանում, քան ծախսում է։ Մարդու օրգանիզմի էներգետիկ ծախսերը մեծանում են մկանային աշխատանքի և մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքերում։ Իսկ ներկայում ֆիզիկական աշխատանքը մարդու գործունեության մեկ տոկոսն է։

Ըստ 2019 թվականի հետազոտության՝ երեխաների 66,6 տոկոսը դպրոց է հասնում ոտքով, 78,2 տոկոսը դպրոցից տուն է գնում ոտքով: Հասարակական տրանսպորտով ու սեփական մեքենայով դպրոց հասնող երեխաները կազմում են 33,3 տոկոս: 

Ըստ գյուղ-քաղաք դասակարգման՝ նշանակալի տարբերություններ են գրանցվել․ գյուղական բնակավայրերում ավելի շատ աշակերտներ են դպրոց գնում ոտքով կամ հեծանիվով, մինչդեռ քաղաքում դա ավելի քիչ է հանդիպում: Այս տարբերությունը մասամբ բացատրվում է նրանով, որ շատ գյուղական բնակավայրեր փոքր են, դպրոցների թիվը՝ սահմանափակ, և դրանք սովորաբար տեղակայված են աշակերտների տներից ոչ շատ հեռու։

Աշակերտների կեսից ավելին դպրոցից դուրս հաճախում է սպորտային կամ պարային խմբակների, սակայն դրանց տարբերությունը զգալի է գյուղական ու քաղաքային բնակավայրերում ապրող երեխաների համար: Քաղաքային բնակավայրերում նմանատիպ խմբակների հաճախող երեխաների թիվը շատ ավելի մեծ է, քան գյուղական բնակավայրերում: Բայց, ի տարբերություն կազմակերպված ֆիզիկական ակտիվության, դրսում և տանը գյուղական բնակավայրերի երեխաները ֆիզիկապես ավելի ակտիվ են, քան քաղաքաբնակները և ավելի շատ ժամանակ են տրամադրում ակտիվ խաղերին ու գործերին:

Անուշիկ Միրզոյանի խոսքով, հատկապես Երևանում դրսում խաղացող երեխաների թիվը ներկայում շատ ավելի քիչ է, և նրանք ընդունած կալորիաների համեմատ ավելի քիչ ֆիզիկական ակտիվություն են ունենում:

«Դրսում երեխաները հիմա շատ քիչ են խաղում։ Կան մի շարք պատճառներ։ Սկսած նրանից, որ հատկապես Երևանում շատ բակերում խաղալու տեղ չկա։ Բակերի ամբողջ տարածքը ավտոտնակներ են ու կայանած մեքենաներ։ Ակտիվ խաղերի համար շատ շենքերի բակերում տեղ չկա»,- ասում է սննդաբանը: 

Սրան զուգահեռ, դպրոցական կրթական ծրագիրն անփոփոխ է: Դպրոցներում ֆիզկուլտուրայի շաբաթական երկու դասաժամը տարիներ շարունակ նույնն է: Այս փոփոխությունն անհրաժեշտ է ոչ միայն երեխաների սակավարժությամբ պայմանավորված, այլև ընդունած սննդի չափաբաժիններով: 

Ըստ ԱՀԿ ֆիզիկական ակտիվության հանձնարարականների՝ 5-17 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում ամեն օր ունենալ առնվազն 60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվություն, ինչն, ըստ հետազոտության, երեխաների մեծ մասն ունենում է: Չնայած այս հանգամանքին, հեռուստացույցի կամ էլեկտրոնային միջոցների էկրանի առջեւ անցկացրած ժամանակն ավելին է ֆիզիկական ակտիվության ժամանակից։ Տղաների համար աշխատանքային օրերին միջինում 2 ժամ, աղջիկների համար` մոտ 1 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ համապատասխանաբար՝ 3 և 2 ժամ:

Քնի ռեժիմի դեպքում մեծամասնության՝ 90 տոկոսից ավելիի մոտ դիտվել է առնվազն 9 ժամ քուն: Աշակերտների միայն մինչև 1 տոկոսն է քնում կեսգիշերից հետո:

Հոգեբանական գործոնները՝ ավելորդ քաշի պատճառ ու հետևանք 

Ավելցուկային քաշի ձևավորման ու ճարպակալման գործում կարևոր գործոներից մեկը հոգեբանականն է։ Սննդի ընդունումն ունի սթրես-սահմանափակող ազդեցություն, այն թուլացնում է հոգեկան լարվածությունը: Ըստ այդմ, սթրեսային իրավիճակները նույնպես կարող են նպաստել սննդի ավելցուկային օգտագործմանը:

Հոգեբան Մարինա Գրիգորյանի խոսքով՝ հոգեբանական գործոնի ազդեցությունը հատկապես կախված է մարդու, երեխայի անձնական փորձից, և թե ինչ խնդիրներ կան ու ինչ խնդիրների հաղթահարման նպատակով է ընտրվել սնունդը:

«Սնունդը անհրաժեշտ է մեր գոյատևումը ապահովելու համար: Ներկայում այն ավելի է կորցնում իր իրական դերը։ Հենց սննդի նշանակությունը դուրս է գալիս իրական նշանակության շրջանակից, առաջանում են խնդիրներ»,- ասում է հոգեբանը։

Նա նշում է, որ ուտելիքին հաճախ տալիս ենք այլ նշանակություններ։ Օրինակ՝ դարձնում ենք պարգև, կամ հակառակը՝ օգտագործում ենք որպես պատժի ձև։

«Երեխային համոզում են անել ինչ-որ բան, որի դիմաց որպես պարգևատրում հաճախ կարող է լինել պիցցա, բուրգեր, ֆրի, թխվածք: Ծնողներից հաճախ լսում եմ՝ իմ տղան գերազանցիկ է կամ բարձր գնահատական է ստացել, դրա համար տորթ եմ թխել։ Այդպիսով սնունդը գերագնահատում են ու ավելի մեծ ու դրական նշանակություն տալիս, քան այն պետք է ունենա»,- նշում է Մարինա Գրիգորյանը։

Սա հանգեցնում է սննդի հուզական ընդունումների, երբ ինչպես բացասական, այնպես էլ դրական էմոցիաները հաղթահարվում են սննդի միջոցով։ Եթե մարդը տխուր է, վատ տրամադրություն ունի կամ այլ խնդիրներ, նա կարող է պակասը լրացնել լավ բանով՝ սննդով, որը ձեռք բերելը նվազագույն ջանք է պահանջում:

«Սրանից խուսափելու ձևը մարդուն, երեխային ուրախացնող, պարգևատրող այլ միջոցներ գտնելն է։ Եթե մարդը տխրությունը լրացնում է սննդով, խնդիրը ոչ թե սնունդը, այլ իր հոգեբանական վիճակն է, հետևաբար պետք է լուծել այն խնդիրը, որը բերել է այդ հոգեբանական վիճակի»,- նշում է սննդաբան Անուշիկ Միրզոյանը։

Սրանք մինչև ճարպակալում հնարավոր հոգեբանական գործոններն են։ Կան գործոններ, որոնք ի հայտ են գալիս, երբ երեխան արդեն ունի ճարպակալում՝ հիմնականում ժամանակաշրջանի ճաշակով, գեղեցիկի ստանդարտներով պայմանավորված։

«Մեր ժամանակաշրջանի գեղեցիկի ստանդարտը բարակ, նիհար մարմինն է: Հեշտ ու արագ թիրախի տակ են հայտնվում այն մարդիկ, որոնք ունեն այդ ստանդարտին չհամապատասխանող մարմին: Սրանով պայմանավորված՝ ճարպակալում ունեցող երեխաները հաճախ կարող են բուլինգի ենթարկվել: Քիչ չեն դեպքերը, երբ բուլինգը սկսվում է հենց տնից»,- ասում է հոգեբանը:

Շրջապատի քննադատող արձագանքը երեխայի տեսքին հավելյալ սթրես է երեխայի համար: Դա կարող է բերել էլ ավելի խորը ճարպակալման, քանի որ, եթե երեխայի մոտ սթրեսի հաղթահարման ձևը սնվելն է, նա, ճարպակալմամբ հանդերձ, ավելի շատ է սկսում ուտել:

Հոգեբանի խոսքով, մինչև չորրորդ դասարանի երեխաներն այդ ստանդարտներից հեռու են ու հաշտ են իրենց մարմնի հետ։ Ավելի բարձր տարիքում նրանք սկսում են ընկալել սոցիալական ստանդարտները, պահանջները, ձևավորվում է մարդկանց հաճոյանալու զգացումը, որևէ միջավայրում ընդունված լինելու կարիքը, սկսում են համեմատել իրենց ուրիշների հետ:

«Երեխայի մոտ առաջանում է ցածր ինքնագնահատական, սկսում է մտածել, որ ինքը լավը չէ, քանի որ գեր է, կամ որ գեղեցիկ չէ։ Իսկ քանի որ ինքն արդեն ընդունված լինելու կարիք է զգում,  անում է բաներ, որոնք հնարավոր է չուզենար անել, օրինակ՝ իր մատիտները տալիս է դասարանի բոլոր երեխաներին։ Եթե նման եղանակով դա չի ստացվում, սկսում են ավելի խորը հոգեբանական խնդիրներ՝ ինքնավնասում, փակվածություն, ինքնամփոփություն, ավելի ագրեսիվ պահվածք»,- պատմում է հոգեբանը:

Ճարպակալում ունեցող երեխաները դպրոցում կարող են դժվար կենտրոնանալ ուսման վրա, քանի որ էներգիայի մեծ մասը վատնում են իրենց հետևող հայացքները ստուգելու, ինքնապաշտպանվելու մտքի վրա։

Լուծումը, ըստ հոգեբան Մարինա Գրիգորյանի, սննդի նկատմամբ վերաբերմունքը փոխելն է՝ առանց այլ նշանակություններ ու պիտակներ տալու: 

Երեխաները՝ գովազդի թիրախում

Երեխաները տարբեր միջավայրերում՝ դպրոցում, խանութներում, սպորտով զբաղվելիս կամ սպորտային հաղորդումներ դիտելիս, հեռուստացույցի առջև կամ սոցիալական ցանցերից օգտվելիս ենթարկվում են անառողջ սննդի, գազավորված ըմպելիքների մարքեթինգի ազդեցությանը։ Վերամշակվող անառողջ սննդի, գազավորված, շաքարով ըմպելիքների գովազդը դրանք գրավիչ է դարձնում երեխաների համար։ 

Երեխաներին ու դեռահասներին հասնելու համար օգտագործվող եղանակները ավանդական մեդիայից (ինչպիսիք են՝ գովազդային վահանակները, տպագիր գովազդը, հեռուստատեսային և ռադիո հոլովակները) ընդլայնվել են դեպի սոցիալական հարթակներ, վճարովի առցանց գովազդներ, կայքեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր, տեսախաղեր։

Ի տարբերություն ավանդական մեդիայի՝ գովազդի նոր եղանակները թույլ են տալիս իրականացնել նեղ թիրախավորում: Սրա շնորհիվ անառողջ սննդի գովազդն ավելի մեծ ճշգրտությամբ է հասնում երեխաներին ու դեռահասներին: Վերամշակվող, անառողջ սնունդ, գազավորված ըմպելիք արտադրողներն իրենց ապրանքները գրավիչ են դարձնում տարբեր ակցիաների, զեղչերի, մրցանակային խաղերի ու մրցույթների, ապրանքի դիզայնի ու փաթեթավորման, մուլտֆիլմերում, ֆիլմերում ապրանքի տեղադրման, սննդի թեմատիկայով խաղային հավելվածների միջոցով: 

ԱՀԿ-ն 2021 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացրել է հայկական հինգ հեռուստաալիքների մշտադիտարկում՝ «Արմենիա», «Շանթ», «Ա-ԹԻՎԻ», «Կենտրոն» և Առաջին ալիք (Հանրային հեռուստաընկերություն): Մշտադիտարկման ժամանակահատվածում սննդի ու խմիչքի 1587 գովազդ է եղել, որի 65,2 տոկոսում կար մեծ քանակությամբ ճարպ, շաքար կամ աղ պարունակող ուտելիք: Ամենաշատը գովազդվել են շոկոլադը և հրուշակեղենը՝ 30,2 տոկոս, հաջորդը գազավորված ըմպելիքի գովազդն էր՝ 20,3 տոկոս, երրորդ տեղում թեյն ու սուրճն էին՝ 16,2 տոկոս, հաջորդը հյութն էր՝ 2,1 տոկոս: Այսպիսով, անառողջ սննդի գովազդը մյուս սննդատեսակների համեմատությամբ զգալիորեն շատ է:

Երևանի արագ սննդի սպասարկման կետերում կարելի է նույնիսկ հանդիպել երեխաների համար շաուրմայի հատուկ գնառաջարկի: Անառողջ սննդի գովազդի գրեթե բոլոր եղանակներն ակտիվորեն կիրառում է «Բուրգեր Քինգ Արմենիա» ընկերությունը: Ընկերությունն իրականացնում է խաղարկություններ, ներգրավում է ինֆլյուենսերների, ինչպես նաև՝ երեխաների մասնակցությամբ վիդեոհրապարակումներ է անում, որոնք ուղեկցվում են ինչպես բուրգերների, գազավորված ըմպելիքների ցուցադրությամբ, այնպես էլ երեխաներին նման ուտելիք սպառելու կոչերով (1, 2, 3, 4): Իսկ «Քեյ Էֆ Սի» ընկերությունը պարբերաբար շնորհավորում է երեխաների պաշտպանության օրը՝ երեխաների մասնակցությամբ անառողջ սննդի գովազդային հրապարակումներով (1, 2, 3, 4): 

Հայտնի մուլտֆիլմերում, օրինակ՝ «Սիմփսոնները», «Սպունգ Բոբը», գլխավոր հերոսները, երբեմն նույնիսկ բոլոր հերոսներն անառողջ սնունդ են ուտում ու խմում գազավորված ըմպելիքներ: 

Օրինակ՝ «Սպունգ Բոբը» մուլտֆիլմում գլխավոր հերոսն անընդհատ բուրգեր կամ պիցցա է պատրաստում, իսկ գրեթե բոլոր հերոսները ուտում են ֆրի, բուրգեր, պիցցա, խմում են գազավորված ըմպելիքներ, և դա անում են չափազանց մեծ չափաբաժիններով: Այդ մուլտֆիլմերը դիտելուց հետո երեխաները սիրելի հերոսներին կրկնօրինակելու ցանկություն են ունենում: Միաժամանակ, երեխաներն ավելի հակված են ընտրել այնպիսի ուտելիք, որի գովազդն ուղեկցվում է իրենց հայտնի մուլտֆիլմերի հերոսներով: Սա նույնպես լայնորեն կիրառվող գովազդի եղանակ է: Օրինակ՝ տարածված է «Մաշան և արջը», «Շրեկ», «Սառցե դարաշրջան», «Մեքենաներ» և այլ մուլտֆիլմերի հերոսների նկարներով կինդեր ձվիկների, քաղցրավենիքի նվեր-տոպրակների, շոկոլադների և այլ տեսակի սննդի գովազդը: 

Մուլտֆիլմերի հերոսները հիմնականում չեն օգտագործվում առողջ սննդի գովազդի համար, հակառակը, դրանց միջոցով գովազդվում են տարբեր քաղցրավենիքներ, վերամշակված սնունդ, գազավորված ըմպելիքներ: 

Նշված գործոնների համադրությամբ ու փոխազդեցությամբ ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մոտ առաջանում է ավելցուկային քաշ ու ճարպակալում։ 

Ճարպակալման հետևանքները 

Ճարպակալումը ռիսկի գործոն է բազմաթիվ հիվանդությունների զարգացման համար։ Ճարպակալման հետևանքով մարդու օրգանիզմում 4 անգամ մեծանում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, 3 անգամ մեծանում է էսենցիալ հիպերտենզիայի (գերճնշում), 1,5 անգամ՝ սրտի իշեմիկ հիվանդության, 2 անգամ՝ աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Նշված հիվանդությունները գցում են կյանքի որակը, աշխատունակությունը և կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ։

Ճարպակալումը նաև մեծացնում է հաստ աղիքի, կրծքագեղձի, էնդոմետրիումի (արգանդը պատող լորձաթաղանթ), կերակրափողի և լեղապարկի քաղցկեղի առաջացման հաճախականությունը: Ճարպակալման հետևանքով մեծանում է նաև հորմոնալ խանգարումների հավանականությունը: 

Ինչպես պայքարել երեխաների ավելցուկային քաշի եւ ճարպակալման դեմ

Ինչպես ծնողները, այնպես էլ դպրոցները մեծ դեր ունեն երեխաների առողջության բարելավման կամ վատ առողջական վիճակի կանխարգելման հարցում: 

ԱՀԿ-ն առաջարկություններ ու խորհուրդներ է մշակել, որոնց ծնողները և դպրոցները պետք է հետևեն երեխայի մոտ սննդային առողջ սովորություններ ձևավորելու համար: 

Ծնողները պետք է ընտրեն հավասարակշռված սնունդ՝ առաջնահերթություն տալով թարմ մրգերին ու բանջարեղենին և սահմանափակելով բարձր ճարպով ու շաքարով սննդի օգտագործումը, օրինակ ծառայեն երեխաների համար՝ խրախուսելով ֆիզիկական ակտիվությունը ու առողջ սննդակարգը: Միաժամանակ, դպրոցները երեխաների համար պետք է ապահովեն միայն առողջ սննդի հասանելիություն: 

Սննդաբան Անուշիկ Միրզոյանի խոսքով, Հայաստանում պետք է գործի ծնող-դպրոց-պետություն կապը, քանի որ ճարպակալումը միայն ծնողի ազդեցությամբ չի սահմանափակվում, կարևոր է ինչպես դպրոցի, այնպես էլ պետության դերը՝ ոլորտում փոփոխություններ անելու համար: 

«Այդ համագործակցությունը չկա, ծնողները հիմա մենակ են իրենց երեխաների հետ, որոնք ունեն ճարպակալում: Դպրոցի սննդի վրա ազդել ծնողները չեն կարող: Պետության խնդիրն է հետևել, թե մանկապարտեզներում ու դպրոցներում ինչ են տալիս երեխաներին: Հաջորդը՝ թե ինչ են վաճառում դպրոցի խանութներում ու բուֆետներում: Դա էլ է պետության խնդիրը, ծնողը դա վերահսկել չի կարող: Սպասել, որ երեխան կմտնի խանութ, որտեղ իրեն սպասում են շատ համով, բայց շատ վնասակար սննդատեսակներ, ու սպասել, որ նա չի ցանկանա, չի գնի ու չի ուտի, իրատեսական չէ»,- ասում է Անուշ Միրզոյանը:  

Նրա խոսքով, ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելացնելուց բացի, դպրոցում սննդի վերահսկողություն պետք է սահմանվի, սարքերը, որոնք տալիս են տարբեր քաղցրավենիքներ, դպրոցի տարածքում ու դպրոցի մոտակայքում չպետք է լինեն, իսկ եթե չեն կարող վերահսկել վաճառքը, պետք է լինի պայման․ դպրոցի ու դրան մոտ տարածքում անառողջ սնունդ վաճառող խանութներ ու կրպակներ նույնպես չպետք է լինեն։ 

«Բայց դրան զուգահեռ, պետք է առաջարկվող այլընտրանք լինի։ Դպրոցների բուֆետներում վաճառվող բուլկիներին, խաչապուրիներին ու քաղցրավենիքին պետք է սննդարար ու գրավիչ, բազմազան ուտելիք փոխարինի: Սնվելու հետ կապված մշակույթ է պետք ձևավորել երեխաների մոտ»,- նշում է սննդաբանը:

Բոլոր դպրոցներում նախաճաշի խրախուսումը, նախաճաշի ժամ սահմանելը, առողջ սննդի ակտիվ գովազդը, ըստ սննդաբանի, նույնպես դրական տեղաշարժ կգրանցի: 

Ինչ է անում Կառավարությունը

Առողջապահության նախարարի հրամանով 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի նախադպրոցական հաստատություններում գործելու են սննդի կազմակերպման նոր պահանջներ: Համաձայն այդ պահանջների՝ արգելվում են տապակած կերակրատեսակները (այդ թվում՝ չիպսերն ու կարկանդակները), մարգարինը, տրանսճարպերը, կծու համեմունքները, երշիկեղենն ու ապխտած մթերքները, սունկը, կրեմային հրուշակեղենը, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքները, մաստակը և շաքարի ու աղի բարձր պարունակությամբ սնունդը։ 

Մասնագետների պնդմամբ, սա դրական տեղաշարժ է, բայց բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրը լուծելու համար, քանի որ որոշումը վերաբերում է միայն նախադպրոցական խմբերին, ինչպես նաև դեռ պարզ չէ՝ նոր որոշումն ինչպես կիրագործվի ու ինչ արդյունքներ կտա: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ավելցուկային քաշի ու ճարպակալման տարածվածության ցուցանիշները որոշելու համար վիճակագրություն չի վարում: 2026 թվականին կհրապարակվի Հայաստանում Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նոր հետազոտությունը:

Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2025 թվականի զեկույցի համաձայն, եթե աշխարհում երեխաների ճարպակալման միտումները չփոխվեն, 2035 թվականին ավելորդ քաշ ունեցող 5-19 տարեկան երեխաների թիվը կհասնի շուրջ 770 միլիոնի, իսկ աշխարհի ընդհանուր բնակչության կեսը կունենա ավելորդ քաշ։ 

Աշխարհում և Հայաստանում երեխաների ավելորդ քաշի թվերն արագ աճում են: Ավելորդ քաշը և ճարպակալումը չեն սահմանափակվում միայն ընտանիքով կամ երեխայի անհատական ընտրությամբ․ այն ձևավորվում է ավելի լայն միջավայրում՝ մատչելի սննդի վաճառք, դպրոցական անորակ սնունդ, սակավաշարժ քաղաքային միջավայր, սթրեսով և բուլինգով պայմանավորված հոգեբանական ճնշումներ, ինչպես նաև՝ երեխաներին թիրախավորող գովազդ։ Առողջապահության նախարարության նոր որոշումը, որը սահմանափակումներ է նախատեսում նախադպրոցական խմբերի համար, դրական քայլ է, բայց չի կարող ամբողջապես փոխել իրավիճակը առանց դպրոցների, համայնքների և ծնողների ներգրավվածության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter