HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմինը պահպանում է այն պատմությունը, որը միտքը փորձում է մոռանալ

Երկու հոգեբաններ «Մարիոթ» հյուրանոցի սրահում հավաքված արցախցի բժիշկներին ներկայացնում էին տրավմայի դրսևորումները և մանրամասնում տեղահանության տրավմայի առանձնահատկությունները։ Տեղահանության դեպքում այն երկակի հոգեբանական բեռ է՝ անորոշ միջավայր, սոցիալական կորուստներ, կենցաղային և աշխատանքային խաթարում, ապահովության համակարգի փլուզում և այլն։ Իսկ մարմինը պահպանում է այն պատմությունը, որը միտքը փորձում է մոռանալ։ Բժիշկների՝ օգնող մասնագետների դեպքում լարվածությունը կրկնապատկվում է, որովհետև մարդն ապրում է և՛ իր, և՛ ուրիշի ցավը։ 

Բժիշկ-ռենտգենոլոգ Անահիտ Հակոբյանը բժիշկների մի խմբի հետ մասնակցում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Երևանի գրասենյակի՝ բժիշկների համար կազմակերպած հոգեբանական սեանսներին։ Ստեփանակերտի հիվանդանոցի երկարամյա բժշկուհին հոգեբանական սեանսներին մեծ կարևորություն է տալիս։ «Առնվազն այն ուշադրություն է, բռնագաղթած մարդկանց կարեկից լինելը կարևոր է, թեկուզև ուշացումով»,- ասում  է նա։

Անահիտը պատմում է, որ այս ամենի միջով անցել է նաև 1990-ականների  պատերազմի օրերին, երբ ադրբեջանցիները վառեցին Ասկերանի իրենց տունը, գերեվարեցին մորը, հորաքրոջն ու տատիկին։ Այն ժամանակ 16 տարեկան էր և հոր աջակցությամբ կարողացավ հաղթահարել տրավման, կրթություն ստացավ, ամուսնացավ։

«Հիմա ամեն ինչ կորցրել եմ՝ տներ, խանութ, աշխատանք, բայց ես էլ որդիներ կորցրած մայրերի կողքին եմ ինձ մեղավոր զգում»,- ասում է բժիշկ-ռենտգենոլոգը։ Անահիտը համաձայն է հոգեբանների հետ, որ տեղահանության տրավման ամենածանրն է։ Պատմում է, որ տեղահանվելուց հետո երկար ժամանակ բացարձակապես անխնամ վիճակում էր, մազերն անգամ չէր սանրում և որոշ ժամանակ հետո հարկադրված եղավ մի մեծ փունջ արմատից կտրել։

Աշխատանք չէր փնտրում այն մտայնությամբ, որ վերադառնալու է Արցախ։ Երկու ամիս հետո աշխատանքի է անցել Երևանի հիվանդանոցներից մեկում, ուր գնացել էր փոքր վիրահատական միջամտության համար ու հետաքրքրվել՝ արդյոք ռենտգենոլոգի կարիք չունեն։

«Հիմա ինձ որդիներս են ուժ տալիս, որպես մայր պատասխանատվության զգացում ունեմ նրանց առջև, որպես բժիշկ՝ ինձ զգաստացնում է, որ աշխատավայրում ես օգնող եմ և զգոնությունս չպետք է կորցնեմ»,- ասում է Անահիտը։

Սեանսին ընդգրկված մոտ երեք տասնյակ բժիշկները, 2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց երկու տարի հետո շարունակում են հոգեբանների հետ քննարկել իրենց տրավմատիկ հոգեվիճակը։ Նրանք 2020թ․-ից՝ պատերազմը վերսկսվելու պահից առաջնագծում էին մինչև տեղահանությունը։ Դրան նախորդել էր երկօրյա պատերազմը՝ հարյուրավոր զոհերով ու վիրավորներով և դրանից ոչ պակաս տրավմատիկ՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունը, որը կրկնապատկեց բժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունը։

Հայաստանում նրանց ևս առաջնահերթ հոգեբանական աջակցություն պետք է ցուցաբերվեր, սակայն բժիշկների մասին չհիշեցին մինչեւ այն օրը, երբ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում արցախցի բժիշկներին հավաքեց մասնագիտական ինտեգրացիայի հարցերը քննարկելու համար։

Արցախում բժիշկների համար հավաստագրման պահանջ չի եղել, ինչը Հայաստանում խանգարում էր նրանց ինտեգրման գործընթացին։ Հայաստանում աշխատանքի անցնելու համար նվազագույնը 220 կրեդիտ պետք է ունենան, այդ պատճառով ԵԽ-ի՝ փախստականների հոսքին արձագանքման փաթեթի ծրագրերում ներառվել է նաև փախստական բժիշկներին աջակցելու այս ծրագիրը։

Ծրագրի համակարգող Մերի Կատվալյանի ասելով՝ երբ ծրագիրը սկսում էին, Առողջապահության ազգային ինստիտուտում 700 բժիշկ էր գրանցվել, նրանցից 200-ն է ցանկացել աշխատել իրենց հետ։ Այդ 200 բուժաշխատողի հետ երկու փուլով աշխատել են, սկզբում՝ մասնագիտական ինտեգրացիայի ուղղությամբ, հետո սկսել են երկրորդ բաղադրիչը՝ հոգեբանական աջակցության սեանսները։

Որպեսզի բուժաշխատողներին հասցեագրված աջակցությունը հասցեական լինի, կարիքի գնահատման ժամանակ ծրագրում ընդգրկված մասնագետները, որոնց մեջ նաև հոգեբաններ կային, զրուցել են 35 բուժաշխատողի հետ, նաև հարցաշար են ուղարկել մյուս շահառուներին։ Մերիի ասելով՝ բոլորը միանշանակ նշել են, որ հոգեբանական աջակցության կարիք ունեն։

«Ինձ համար շատ կարևոր էր, որ առաջինն այդ մասին տղամարդիկ են բարձրաձայնել։ Նախորդ տարի դեկտեմբերին ամփոփիչ հանդիպում ունեինք բժիշկների հետ, տղամարդկանցից մեկը վեր կացավ և ասաց` մենք հոգեբանական աջակցության կարիք ունենք։ Դրանից հետո որոշվեց 30 հոգանոց խմբեր կազմել և աշխատել նրանց հետ»,- հայտնում է Մերի Կատվալյանը։

Հոգեբանների խորհրդով բժիշկների հետ աշխատանքը սկսել են մասնագիտական ինտեգրացիայից, քանի որ միանգամից հոգեբանական թեմային անցնելը հակազդեցություն է առաջացնում, մարդիկ չեն «բացվում», դժվարությամբ են խոսում տրավմայի մասին։ 

«Մասնակիցները նաև հայտնեցին, որ երբեմն խուսափում են բարբառով խոսել։ Մեզ համար կարևոր էր, որ նրանց հնարավորություն տանք արտահայտվելու իրենց միջավայրում, որտեղ ոչ միայն արցախցի գործընկերներն են, այլև հայաստանցի բուժաշխատողները, որովհետև միջավայրին հարմարվելը կարևոր է»,- ասում է Մերին։

2024թ․-ին 30 հոգանոց յոթ խմբի հետ են աշխատել։ «Սկսել ենք հաղորդակցությունից, որպեսզի հատկապես ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների կարողությունները զարգացնենք, կարողանան աշխատել իրենց պացիենտների հետ։ Այնուհետև անցել ենք տրավմայի հաղթահարում թեմային, որի ժամանակ սովորել են ինչպես աշխատել տրավմայի դեպքում»,- ներկայացնում է ծրագրի համակարգողը։

2025թ. նոյեմբերին ծրագրի երկրորդ փուլն են սկսել՝ հոգեբանական թերապիան. առնվազն 8 սեանս պետք է լինի, որպեսզի համարվի հիմնական ու ավարտուն։ Ամեն միջոցառումից հետո մասնակիցները հարցաշարով գնահատում են սեանսները և, ծրագրի համակարգող Մ․ Կատվալյանի ասելով, առաջինը նշում են, որ այն իրենց միջավայրի հետ շփվելու հնարավորություն է տալիս։ «Մասնակիցներից մեկը հայտնել է, որ իրար տեսնում են միայն թաղումների ժամանակ։ Այդ երկու օրը, երբ հանդիպում են այլ վայրում, արդեն թերապիա է»,- ասում է ԵԽ ծրագրի համակարգողը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Արցախում 2000 բուժաշխատող կար՝ բժիշկներն ու բուժքույրերը միասին։ Պարզվել է, որ մեծ թվով բուժաշխատողներ ոչ միայն տեղյակ չեն իրականացվող ծրագրի մասին, այլև նույնիսկ չգիտեն, որ բուժաշխատողի աշխատանքը շարունակելու համար պետք է գրանցվեն ԱԱԻ-ում և հավաստագրվեն։ Այս տարի խնդիր էր դրված հնարավոր բոլոր ձևերով իրազեկել մարդկանց, որպեսզի գրանցվեն Առողջապահության ազգային ինստիտուտում, և գրանցված բուժաշխատողների թիվն արդեն ավելացել է։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարիքների գնահատման ժամանակ դարձյալ նշել են, որ հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունեն և պատրաստակամ են մասնակցելու սեանսներին։ «Մենք բուժքույրերին դեռ չենք էլ անդրադարձել, չնայած հասկանում ենք, որ նրանք էլ են կարևոր, բայց չենք կարող երկուսին նույն խմբում միավորել, որովհետև կրեդիտավորման հարց կա»,- հայտնում է Մերին։

ԱԱԻ-ի պահանջով՝ առաջնային ավագ բուժաշխատողներին են ընդգրկել ծրագրում և նրանց հետ  աշխատանքը կշարունակեն նաև 2026թ․-ին։

 

Լուսանկարները տրամադրել է ԵԽ-ի երևանյան գրասենյակը 

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter