Կեանքը նորէն սկսիլ, ու նորէն ժպտիլ աղուոր յոյսերուն... Հայկանուշ Մառք (մաս 3)
Մեր օրերուն , ամէն բանի ալֆան եւ օմէղան արդիականութիւնն է
«Արուեստ, գիտութիւն, գրականութիւն, աշխարհիկ սովորոյթներ, նոյնիսկ պատերազմ. Ամէն ինչ ենթարկուած է անոր»՝ արդիականությանը: 1919թ. Նոյեմբեր 1-ին տպարանից դուրս եկավ «Հայ կին» հանդեսի շքեղ կազմով առաջին թիվը: Դեռ պարբերականի նախապատրաստական շրջանն էր, երբ, ցուցահանդեսի մասնակցելու առիթով, Պոլիս եկավ հանրահայտ նկարիչ Սարգիս Խաչատրյանը: Լսելով սպասվող հանդեսի մասին, Սարգիսը անձամբ առաջարկեց նկարազարդել կազմը: Նա մի հրաշալի համադրումով ստեղծեց ավանդական և ժամանակակից հայ կանանց դիմանկարներով և հայկական չքնաղ թռչնագրերով բացառիկ մի կազմ: Իբրև մուտք, Մառքը գրեց. «Հայ Կին»ը կը հիմնարկուի առանձնապէս զբաղելու համար այն ամէն էական հարցերով, որոնք կը շահագրգռեն կանանց աշխարհը: Կը դաւանինք թէ՝ անոր գոյութիւնը աւելի քան անհրաժեշտ է հիմա որ Հայ կինն ալ ունի իր կատարելիք բաժինը Ազգային Վերածնունդին մէջ...»: Իսկ այդ վերածնունդը գալու էր ազգային ինքնության պահպանման ջատագովությամբ և կրթությամբ, հատակապես այն ահռելի աղետների շրջանին, որում հայտնվել էր հայությունը: Տոհմիկ բարքերից մինչև արվեստի, գրականության, գիտության հարցեր, կենցաղագիտությունից մինչև գյուղատնտեսական խնդիրներ, կանանց մարմնակրթությունից, ծաղկամշակումից, կարուձևից, առտնին տնտեսությունից մինչև հայ և օտար ճանաչված կանանց կենսագրականներ, և այլն, և այլն...՝ նյութերը, որ արծարծելու էր «Հայ կին»ը՝ չմոռանալով, որ աշխարհում ամեն բան՝ այբից-քէ, ենթական է արդիականացման:
Պարտականություններին փարվելով եւ իրավունքը հիշելով
«...դժոխային բոցերուն մէջ,-չո՛րս տարի-, մենք, կիներս, և մասնաւո՞րապէս Հայ կիներս... ի՞նչ ըրինք մենք ընդհանուր պատերազմի միջոցին, ի՞նչպէս փոխանորդեցինք մեր ամուսինները, մեր եղբայրները, մեր զաւակները, թէ՝ ի՛նչ ըրինք անկէ վերջն ալ, ի՞նչպէս գրկեցինք մեր որբերը, ի՞նչպէս լացինք անոնց արցունքներուն մէջ, ի՞նչպէս փարեցանք մեր պարտականութիւններուն, անխուսափելի է որ չբարեփոխուի մեր ճակատագիրը...»: Ժամանակն էր եկել լայնահուն մի ճանապարհի վերածելու ի սկզբանե նեղլիկ այն արահետը, որով անցնում էր կինը՝ կատարելով իր բոլոր պարտականությունները.«...դէպի նպատակը... ճամբուն վրայ մենք պիտի կռենք մեր պարտքերը, պիտի ստեղծենք մեր իրաւունքները, պիտի դարբնենք մեր գործը, որ՝ ամենեւին չհեռացնելով մեզ մեր կնոջական բնազդներէն, մեր տունէն՝ պիտի տանի դէպի բարձունք մը, ուր հասնիլ կը մղեն մեզ մեր սեռին և մեր ցեղին և մեր հայրենիքին վերածնունդի ջղապիրկ սարսուռները»:
Թրքական բանտին կիներու բաժինը
Հայկանուշը անվախ էր: «Հայ կին» հանդեսի առաջին համարներից մեկում հետևյալ ծանուցումը հրատարակեց. «Օր. Վարդուհի Քալանթար.Մանկամարդ Հայուհին որ 2.5 տարի տանջուեցաւ թրքական բանտին մէջ իր ժողվուրդը սիրած, անոր համար տառապած եւ լաւագոյն օրեր յուսացած ըլլալու ոճիրին համար եւ որուն բանտի յիշատակներուն շարքը պիտի սկսինք շուտով «Թրքական բանտին կիներու բաժինը» վերնագրին տակ»: Եվ իսկապես, շարունակաբար հանդեսը տպագրեց Վարդուհի Քալանթարի պատմությունը: Իսկ ո՞վ էր այդ 20-ամյա աղջիկը, որ ձերբակալվել և բանտ էր նետվել թուրքական իշխանությունների կողմից: Վարդուհին մտավորական ընտանիքից էր՝ Լոզանի և Լայպցիգի համալսարանների ուսանող: Նրա ամբողջ ընտանիքն էր ձերբակալված այն նույն բանտում, որտեղ ի թիվս շատ մտավորականների, մի մեկուսարան-խցում արգելափակված էր նաև Մառքի ամուսինը՝ Վ. Թօշիկեանը: Բարեբախտաբար թե՛ Մառքի ամուսնու, թե՛ Վարդուհու նկատմամբ աքսորի վճիռ չէր կայացվել և կախաղանի չէին դատապարտվել, միայն բանտարկություն: Ազատվելուց հետո, Հայկանուշի հորդորով, նա գրի է առնում իր բանտային հուշերը՝ չլսված մի բան կնոջ համար: Ընդմիշտ Միացյալ Նահանգներ մեկնելով, Վարդուհին ամուսնանում է հասարակական գործիչ Զարեվանդի՝ այն ժամանակ դեռ Զավեն Նալբանդեանի հետ: Ինչևէ, մեծ սպառում ունեցող հանդեսում, որը տարածվում էր աշխարհի բոլոր կողմերը՝ Եվրոպայից մինչեւ Օվկիանա, մինչև Ճապոնիա ու Հնդկաստան, մարդիկ թուրքական բանտի ներքին բարքերի մասին կարդացին խիզախ հայուհիների շնորհիվ՝ Հայկանուշ և Վարդուհի:

Մի ամբողջ 13 տարի
««Հայ կին»ը կ’արթնցնէր եւ հայ կինը կ’արթննար...»: Կանայք հանդեսի էջերին գտնում էին իրենց իրավունքների և պարտականությունների ամբողջությունը: 1923թվականի մի օր, «Թուրք կանանց ընկերակցության» հրավերով, Ստամբուլի կուսակալը բանախոսություն ունեցավ կնոջ և տղամարդկանց անհավասարության մասին, որի մեկ ակնհայտ կողմն այն էր, ըստ նրա, որ «կինը զինուոր չէր երթար»: Թրքուհի ֆեմինիստները, որոնց կազմակերպած հավաքին հնչել էին այդ մտքերը, ձայն չհանեցին: Մա՛ռքը խոսեց: Խոսեց իր «Հայ կին»ը հանդեսի էջերով՝ իբրև տաճկահպատակ քրիստոնյա կին: Նա հեռակա առարկեց կուսակալին, թե՝ կյանքը վտանգելու առումով, «կինը հաւասար է այր մարդուն իր մայրութեամբ: Եթէ զինուորը պատահական պատերազմի մը մէջ անձը կը զոհէ՝ 20-30 կամ աւելի տարին անգամ մը, կինն ալ իր մայրութեան ճամբուն վրայ հաճախ կը զոհաբերուի դժնդակ ծննդաբերութեամբ, ասիկա կնոջ զինուորագրութիւնն է մարդկութեան հանդէպ: Ասկէ զատ պատերազմի արիւնոտ դաշտերուն մէջ ալ՝ կինը՝ իբրեւ հիւանդապահուհի՝ վիրաւորները դարմանելով, անոնց ցաւերը ամոքելով՝ ...իրապէս զինուոր է»: Հայկանուշ Մառքի այս տողերը արտատպեցին բազմաթիվ թուրք և օտար թերթեր: Խմբագիրները եկան նրա տուն՝ շնորհակալության: Այդ օրերին, Ժնևից Պոլիս եկած ֆեմինիստական միջազգային ընկերության ընդհանուր քարտուղար Անն Սթիսը, ևս այցելեց Հայկանուշին և թուրք կանանց ընկերակցության անունից հրավիրեց նրան անդամակցելու այդ կազմակերպությանը: Մառքը տարակուսեց, թե ինչու թրքուհիները, իրեն ուղիղ հրավիրելու փոխարեն, միջնորդի միջոցով են դա անում: Դժվարությամբ, բայց համաձայնությունը տվեց: Հաջորդ օրը թուրքական թերթերը գրեցին, թե իբրև Հայկանուշ Մառքը դիմել է թուրք կանանց ընկերակցությանը՝ իրենց շարքերն ընդունվելու խնդրանքով: Այս սուտը Հայկանուշը չներեց և անմիջապես հրաժարվեց Անն Սթիսին տված խոստումից:
Խնձորով աղանդեր ըստ բանաստեղծուհի Անայիսի
Ասեղ, շերեփ ու գրիչ՝ այս կարևոր գործիքները Հայկանուշի համար «միշտ իրարու քով կը մնան»: Եվ ոչ միայն իր անձնական կյանքում, այլև «Հայ կին»ը հանդեսի էջերին ևս. նորաձևություն, մարմնի խնամք, մանավանդ խոհանոց...Այս սյունակը, որ շատ սիրված և սպասված էր ընթերցողուհիների կողմից, համեղ բաղադրատոմսերի մի իսկական շտեմարան էր: Գրականության և արվեստի թանգարանի Հայկանուշ Մառքի թղթածրարում Փարիզից, ֆեմինիստ բանաստեղծուհի Անայիսի կողմից ուղարկված նամակներից մեկում կարդում ենք. «Որկրամոլներուն.pomme, bonne femme» անունով մի բաղադրատոմս. Խոշոր խնձորները լվանալ, չորացնել, կորիզները հեռացնել, կավե լայն և ոչ խոր ամանը «թեթեւ մը» կարագով պատել, խնձորները ծակծկել, շարել ամանի մեջ և կորիզների «փոսին մէջ անուշի դգալով մը քրիսթալեզէ» շաքար լցնել, վրան էլ չեփած սիսեռի չափ կարագ և մի քիչ էլ շաքար: Եփել ոչ շատ տաք փուռի մեջ: Անայիսը առաջարկում է մատուցելիս վարդաջուր ցողել: Ահա ևս մի համեղ բաղադրատոմս, որ կարելի է ներառել «Հայ կին» հանդեսի հաջորդ համարում:
Երբ թերթերը միայն հրաբխային լաւա արձակել սկսան
Այսպես՝ 13 տարի «Հայ կին»ը թե՛ գաղափարական, իրավական, թե՛ կենցաղային հարցերի առումով եղավ հայուհիների առձեռն ուղեցույցը: Հայկանուշը խոստովանում է, թե այն «...իմ աղջիկս էր: Ամէն տարեմուտի մատներուս վրայ կը համրէի անոր տարիքը. Աղջիկս եղաւ մէկ տարու, երկու տարու, երեք տարու... տասներեք տարու: Աւաա՜ղ, չարաղէտ նկատուած թիւը՝ 13...»: Թուրք իշխանություններն այլևս չհանդուրժեցին նրան իր խիզախության համար: 1932-ին իր հանդեսի «շիջումը» Մառքը նմանեցրեց Սրբուհի Տյուսաբի երիտասարդ դստեր՝ Դորիի մահվան հետ: Ցավոք, եկավ նաև այն օրը, երբ ինքն էլ կորցրեց իր միակ աղջկան: Տարիներ շարունակ չկարողացավ ոչինչ գրել: Մինչև որ համաձայնեց ամուսնու հրատարակած «Նոր լուր»ի էջերին կնոջական բաժին վարել: Բայց կյանքը փոխվում էր: «Ի վերջոյ... երբ թերթերը միայն հրաբխային լաւա արձակել սկսան, զգացի թէ անշուք կը մնար կնոջ էջը, ուր միայն կինը հրապուրող նորոյթներու վրայ ճառելը զիս չէր շահագրգռեր: Կամացուկ մը, անգլիական ձեւով մը, սպրդեցայ...»:
Ուրիշ ազգերի շնորհիվ
«Ծուլութեան պահեր» արձակ բանաստեղծությունների ժողովածու, 2 վեպ, որ որոշել էր երբեք լույս չընծայել, թե ինչո՞ւ՝ միայն ինքը գիտեր, թարգմանություններ և բազում հրապարակագրություններ: Այս ամենից զատ, Հայկանուշը նաև 3 տարի Թուրքիայի գեղեցկության մրցույթի մրցավարական կազմի անդամ եղավ: Իր տանն էլ հյուրընկալեց «Միսս Թուրքիա» տիտղոսին արժանացած Քերիման Հալիսին: 1932-ին, Բելգիայում Քերիմանը նվաճել էր նաև «Միսս Տիեզերք» տիտղոսը: Աթաթուրքը՝ անսահման ոգևորված այս գեղեցկուհու հաղթանակով, անձամբ էր շնորհավորել ազգությամբ չերքեզ, թե ադիգեյ Քերիմանին՝ «թուրքական ռասայի ազնիվ գեղեցկությունը» հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ահա լեռնային կովկասցի Քերիման Հալիսի «թուրքական գեղեցկության» մասին սուտ «ճշմարտությունը»:

1932թ. «Միսս Թուրքիա» և «Միսս Տիեզերք» տիտղոսակիր Քերիման Հալիսի հետ
Վարագոյր մը կ’իջնէ կեանքիս դէմ
Ինչևէ՝ Տիկին Մառքի լեցուն կյանքը կամաց-կամաց կարծես խամրում էր՝ մնում էր միայն երբեմնի վերելքների, բայցև անձնական դժբախտությունների արձագանքը: «Յիշատակները կը վերջանա՞ն: Երբե՛ք: Ոչ ալ սկիզբ ունին: Անոնք ամպի ծուէններ են, մերթ անօսր, մերթ թուխպ, որ կուգան կ’անցնին մեր հորիզոնէն, ոգեւորելով կամ յուզելով մեզ»: 1954-ին Մայիս 9-ին, Էջմիածնում մահանում է Գևորգ Զ Չորեքչեան կաթողիկոսը: Հայկանուշի ամուսինը՝ Վահան Թօշիկեանը, ուղևորվում է Հայաստան՝ թաղմանը մասնակցելու: Սակայն ճանապարհին հիվանդանում է և տեղափոխվում Կարսի թուրքական հիվանդանոց ու անսպասելի վախճանվում այնտեղ: «Հոս վարագոյր մը կ’իջնէ կեանքիս դէմ...»:
Սըր Պիճիկի մխիթարությունը
Հիմա թերևս միայն Սըր Պիճիկն էր, որ ջերմացնում է տիկին Մառքին: Ով է Պիճի՞կը: Կատուն: Հայկանուշը այս փափուկ և զարմանալի երևույթների սիրահարն էր: Գրականության և արվեստի թանգարանում՝ Մառքի թղթերում, Թեհրանից ստացված նամակներ կան: Դրանց հեղինակը «պարոն» Հեթթայի և «տիկին» Լիչի՝ որ շնիկներ են, տերն է՝ բանաստեղծ և նկարիչ Դև մականունով Մարգար Ղարաբեկեանը: Դրանք հարգանքի և մեծարանքի նամակներ են՝ գրված կամակոր փիսիկների գեղեցիկ մռութներով բացիկների վրա: «Կը համբուրեմ Ձեր սուրբ աջը, բարեմաղթելով արևշատութիւն, կենսունակութիւն...Մի՛ զարմացեք երբ «Ձեր սուրբ աջը» կը համբուրեմ ըսի: Դուք մեր եպիսկոպոսներէն շատ աւելի կ’արժէք, ամէն կերպով»:
Հայկանուշ Մառքը մահացավ 1966-ի Մարտ 7-ին՝ աշխատավոր կանանց սիրելի օրվա նախօրյակին,Պոլսի Ազգային հիվանդանոցում: Նրան հուղարկավորեցին Շիշլիի Հայոց ազգային գերեզմանատանը:
«Կար մանուկ ատեն մը, ավա՜ղ, ուր կրնայի հաւատալ առաքինութեան և ամէն բանի: Այսօր այդ հաւատքը ստուերի պէս փախեր է ինձմէ: -Ե՞րբ, ի՞նչպէս, ինչո՞ւ: Դժբախտ եմ սակայն: Կը շարժիմ սկեպտօրէն, կը լսեմ սկեպտօրէն, կը լռեմ սկեպտօրէն: Կը նայիմ իրերուն, ինչպէս թէ սուտ բաներ եղած ըլլային անոնք: Ու երբ կ’անդրադառնամ ինքզինքիս, ցնո՞րք է, չկա՜մ: Ամէ՛ն բան չկայ: Կայ միայն բան մը որ տիրաբար իր խաչը կը քառաթեւէ ամէնուն վրայ. Սո՛ւտն է, հզօր ներո՜յժ, անպարտելի՜: Եւ մէկ ճշմարտութիւն՝ Սո՜ւտը»:
գլխավոր լուսանկարում՝ Հայկանուշը ամուսնու՝ Վ. Թօշիկեանի հետ
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել