Արցախի թանգարանների մասին նոր գիրքը՝ հայկական ժառանգության պահպանության ահազանգ
Կապույտ կազմով գրքի շապիկին կողպված փայտե դուռ է: Այն մեզ տեղափոխում է Արցախ՝ մշակութային ժառանգության հետքերով: Կողպեքը միեւնույն ժամանակ նախազգուշական զանգ է կիսատ թողած անելիքների շարունակման եւ արագ գործելու համար:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ հրատարակվել է «Արցախի թանգարանները խաղաղության, պատերազմի ու բռնի տեղահանության պայմաններում» գիրքը:
Այն փաստագրություն է Արցախի թանգարանային կյանքի մասին՝ սկսած թանգարանների ձեւավորումից, զարգացումից մինչեւ արցախահայության բռնի տեղահանություն օրեր: Սա գիտական արժեքավոր ուսումնասիրություն է, որը հիմնված է տեղում կատարված հետազոտությունների ու փաստագրական նյութի վրա:
Գրքի մեջ հաղորդալարի նման անցնում է հիշողությունն ու հասնում մինչեւ մեր օրեր՝ ի՞նչ մշակութային ժառանգություն ենք թողել Արցախում, ինչպե՞ս էր զարգանում մշակութային կյանքն այնտեղ, ինչպե՞ս էին թանգարանները դարձել մարդկանց կենսական տարածք, ի՞նչ իրավական գործիքակազմ է անհրաժեշտ Արցախում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության ու վերադարձի համար եւ այլն:
Գիրքը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ներկայացված է թանգարանների ձեւավորման ու գործունեության պատմական ուղին՝ խորհրդային շրջանից մինչեւ Արցախի ազատագրական շարժում, ապա Արցախի անկախության շրջան, անկախությունից մինչեւ 2020 թ. 44-օրյա պատերազմ, երբ անկախության պայմաններում ստեղծվեցին նոր թանգարաններ ու հավաքածուներ, համալրվեցին ու ընդարձակվեցին ֆոնդերն ու ցուցադրությունները՝ նպաստելով Արցախուն մշակութային կյանքի աշխուժացմանը:
Երկրորդ մասում ներկայացված է պետական եւ մասնավոր թանգարանների պատմությունը, հավաքածուների կազմավորումը, դրանց նշանակությունն ու համայնքային հիշողության ձեւավորման գործում դրանց դերը: Ընդ որում՝ այստեղ առանձին-առանձին ներկայացված են Արցախի բոլոր թանգարանները՝ սկսած հիմնադրումից մինչեւ բռնի տեղահանություն, ապա մշակութային ժառանգության հետագա պահպանությունը:
Վերջին գլխում քննարկվում են միջազգային իրավական կարգավորումներին առնչվող հարցեր, որոնք վերաբերում են կորուսյալ եւ տեղահանված թանգարանների ու հավաքածուների պաշտպանության խնդրիրներին։ Մանրամասն վերլուծվում է, թե որքանով են միջազգային մեխանիզմները կիրառելի եղել 44-օրյա պատերազմի եւ 2023 թ. բռնի տեղահանության համատեքստում:
Գրքի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատողներ Հայկուհի Մուրադյանն ու Նժդեհ Երանյանը:
«Այս գրքի շնորհանդեսն ամենեւին ուրախալի բան չէ ինձ համար։ Շնորհանդեսը նրա համար է, որ մի քիչ զգոնանանք, որ մարդիկ, ովքեր ինչ-որ չափով գիտեն, թե ինչ է մշակույթը, մի քիչ այլ վերաբերմունք դրսեւորեն, այլապես մշակույթի ուժը, դրա արարման դերակատարումն այդ դեպքում ո՞րն է: Այդ մտադրությամբ ենք ստեղծել այս գիրքը,- աշխատության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Համլետ Պետրոսյանը,- մշակութային ժառանգությունը հայության համար առաջնորդող դրոշ է եղել, մեր դպրոցական գրքերը, ակադեմիական գրքերը լիքն են նրանով, որ այս մշակույթը մի պայծառ բան է եւ մեզ տանում է դեպի մի պայծառ տեղ։ Սակայն այսօր այն վիճակում ենք, որ զգում ենք, թե այդ մշակույթն ինչպես է կորուստների ենթարկվում»:
Դոկտոր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, որոնց հետո կարողացել են իրականացնել այս աշխատանքը, նշեց, որ թիմում եղել է 15-16 հոգի, հավելեց, որ սկսածը շարունակելու ակնկալիք ունի, քանի որ չեն կարող այս ամենը քաղաքական կոնյուկտուրայի հետ համաձայնեցնել: «Մենք ժառանգություն ենք կորցրել»,- արձանագրեց գիտնականը:
Գրքի համահեղինակ Նժդեհ Երանյանն էլ նկատեց, որ տարբեր հետազոտական ծրագրերով Արցախում լինելով՝ տեսել է, թե փոքր ջանքերով ինչ մեծածավալ աշխատանք է կատարվել այնտեղ, եւ այս գիրքը նախեւառաջ հարգանք է Արցախի բոլոր թանգարանների, առհասարակ մշակութային կյանքի ձեւավորման ակունքներում գտնվող բոլոր անձանց՝ ֆոնդապահներից ու հսկիչներից մինչեւ նախարարներ:
«Իմ մասն անելուց անընդհատ մտքիս էր ընկերս՝ Մարատը, ով Արցախի թանգարանային եւ հուշարձանային ոլորտում շատ մեծ նվիրում եւ ավանդ ուներ, ցավոք, բենզալցակայանի պայթյունի ժամանակ մահացավ»,- ասաց Ն. Երանյանը:
Ըստ բանախոսի՝ թանգարանները՝ որպես մշակությաին արժեքների պահպանման վայր, դեռ միջնադարից կային Արցախում, ինչի մասին կան գրավոր վկայություններ, փաստագրումներ, թե ինչպես են տարբեր վանքերի շուրջ թանգարաներ ձեւավորվել 12-13-րդ դարերից սկսած: «Կոթողներ, խաչքարեր պարբերաբար հավաքվել են, գուցե դասական իմաստով ավելի ուշ ձեւավորվեցին թանգարանները, բայց տեսնում ենք, որ որոշակի կարեւորություն տրվում էր մշակութային այդ օբյեկտներին՝ ընդհուպ այն ձեռագրերը, որոնց մասին տեղեկություն ունենք»,- նկատում է Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի գիտաշխատողը:
Այդուհանդերձ, Արցախում դասական թանգարանային առաջին կառույցները ձեւավորվել են խորհրդային տարիներին: Առաջինը եղել է Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանը, որը հիմնվել է 1937 թ.: Դրա համար խթան է եղել Ստեփանակերտի մոտ՝ Կրկժանի տարածքում, մի պատահական դամբարանի հայտնաբերումը:
«Սա կարեոր մի բան էր: Չնայած այն խորհրդային պատմագիտական թանգարանների կոնցեպտով էր եւ նախատեսված էր ոչ միայն շրջակայքի պատմությունը ներկայացնելու, այլեւ անգրագիտությունը հաղթահարելու եւ կուսակցական քարոզչությունը ներկայացնելու համար, բայց նպաստեց, որ հետագա տարիներին Արցախի տարածքում հայտնաբերված բազմաթիվ նյութեր պահվեն հենց Արցախում: Չնայած հենց Ազոխի քարանձավի հնագիտական պեղումների օրինակով տեսնում ենք, որ լավագույն օրինակները հիմնականում տեղափոխվում էին Բաքու, բայց առնվազն հիմնական հուշարձանների նյութերը պահվում էին Ստեփանակերտում»,- մեկնաբանում է Երանյանը:
Ավելի ուշ՝ 1960-1970 թթ., թանգարանի մասնաճյուղեր են բացվել Հադրութում (հետագայում այն վերանվանվել է Աթրուր Մկրտչյանի անվամբ), Մարտակերտում, Մարտունիում: Սա կարեւոր հիմք էր Արցախի մշակութային ժառանգությունը տեղում պահպանելու համար: Բայց այս ամենն իրականացնելը հեշտ չէր՝ հաշվի առնելով այն գաղափարախոսությունը, որ տարվում էր ադրբեջանական կուսակցական վերնախավի կողմից:
Արցախի անկախությունից հետո ակտիվացավ նաեւ թանգարանային կյանքը: 2000-ականներին ստեղծվեցին նոր թանգարաններ: Տոները պարտադիր նշվում էին թանգարաններում, որոնք դարձել էին զբոսաշրջային վայրեր, այդպիսով՝ նաեւ ապրող կառույցներ: Սակայն թանգարանային այդ աշխույժ կյանքը երկար չտեւեց եւ ավարտվեց 2020 թ. պատերազմի, ապա 2023 թ. արցախահայության բռնագաղթի պատճառով:
Թանգարանները՝ ուսերի վրա
«Հայերը երկար ժամանակ ստիպված են եղել ուսերին կրել մշակույթը։ Մենք Արցախ ենք գնացել եւ փորձել ենք ընդարձակել մեր ժառանգության տարածքը, իմաստը, խորությունը, բայց, ի վերջո, ստիպված եղանք մեր ուսերին ինչ-որ բան բերել եւ այսօր չգիտենք, թե մեր ուսերի վրա բերվածն ինչպես է ընկալվելու, ինչ է լինելու»,- նշում է Համլետ Պետրոսյանը:
2016 թ. քառօրյա պատերազմի օրերին Պետրոսյանը Փարիզում էր: Այնտեղ ներկայացնում էր Տիգրանակերտի պեղումների արդյունքները, երբ Արցախից զանգել էր Արցախի կառավարության առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը՝ խնդրելով, որ Տիգրանակերտի թանգարանի նմուշների ցուցակը շտապ իրեն ուղարկի, որպեսզի կարողանան գոնե ինչ-որ ցուցանմուշներ տարհանել: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե քանի օր էր տեւելու պատերազմը:
«Այդ ժամանակ ես սարսափով հասկացա, որ արցախյան թանգարանները չունեն էվակուացիայի պլան, համապատասխան փաստաթղթեր որեւէ լուրջ վտանգի դեպքում, եւ դա կարծես դաս պիտի լիներ։ 44-օրյա պատերազմը, թող ինձ ներվի, բայց զուգահեռ նաեւ մշակութային կորուստների պատերազմ էր»,- նկատում է գիտնականը:
2020 թ. պատերազմից օրերին Հ. Պետրոսյանի առաջին հոգսը Տիգրանակերտի թանգարանն էր, որը շատ մոտ էր առաջնագծին: Համավարակի ժամանակ երկու շաբաթ տանը մնալուց հետո գիտնականը զանգել էր Արցախի մշակույթի նախարարություն, ապա երկու գործընկերների հետ Ստեփանակեեւտ էր մեկնել, հանդիպել նախարարին, քննարկել թանգարանների նմուշների տարհանման հարցը: Առաջարկել էր սկսել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանից:
«Մարդիկ ասում էին՝ ո՞ւր եք տանում, դա մեզ պետք է: Ասում էի՝ հո ուրիշ տեղ չենք տանում, տանենք, հետո զուռնա-դհոլով կբերենք»,- հիշում է դոկտոր Պետրոսյանը:
Ադրբեջանն Արցախից տեղափոխված մշակութային ժառանգությունը համարում է իր սեփականությունը: Ըստ Համլետ Պետրոսյանի՝ հիմա Հայաստանի խնդիրն է պաշտպանել, իրավական մեխանիզմներ ձեւավորել ինչպես տեղափոխված, այնպես էլ Արցախում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության համար:
«Արցախի մշակութային ժառանգության մասին մեր մյուս գրքերը լավատեսական էին: Երբ, օրինակ, Տիգրանակերտի մասին գիրքը լույս էր տեսել, ես աշխարհի երջանիկն էի, բայց այս գիրքը կոչ է, նախազգուշում, որ որեւէ բանի չենք հասել, վտանգավոր ճանապարհի վտանգավոր հատվածում ենք, այս գիրքն ուղղված է նրան, թե ինչ պիտի անենք սրանից հետո»,- ասում է բանախոսը:
Հարցին, թե ինչպես է Ադրբեջանը վարվում Արցախում մնացած հայկական մշակութային ժառանգության հետ, գիտնականը նշում է, որ մի քանի փաստեր ներկայացրել են գրքում, ապա ավելացնում, որ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, վարում է շատ մտածված, մանրամասն մշակված քաղաքականություն: Պատերազմից հետո որոշ տեղեկություններ կային, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարան, անկարգություններ արել, բայց դրանից հետո հստակ տվյալներ չկան: «Այսօր Ադրբեջանն առանց թույլտվության որեւէ մեկին չի թողնում մտնել Արցախ»,- ասում է Հ. Պետրոսյանը:
Փորձ է արվել Ռուսաստանի միջոցով Ադրբեջանի հետ խոսել մշակութային ժառանգության մասին, բայց արդյունք չի եղել: «Երկու անգամ մասնակցեցի, բայց հենց խոսքը հասնում էր Արցախին, 6-7 հոգով գալիս նստում էին, ասում՝ դուք գող եք, ձեզ պիտի կախաղան հանել, մեր երկրի սեփականությունը տարել եք: Անելանելի վիճակ է,- արձանագրում է պրոֆեսորը՝ ավելացնելով,- մի անգամ չտեսա, որ հայերը, որ ունեն-չունեն մշակութային ժառանգություն ունեն, չեն ուզում ասեն՝ բա ի՞նչ է լինելու դրա հետ»:
Միջազգային իրավունքով չպետք է սահմանափակվել
«Արցախի թանգարանները խաղաղության, պատերազմի ու բռնի տեղահանության պայմաններում» գրքում փաստագրվել են ոչ միայն Արցախի թանգարանների, այլեւ մասնավոր հավաքածուների խնդիրները, անդրադարձ կա արցախցի ժամանակակից արվեստագետներին:
Պատմական գիտությունների թեկնածու, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հայկուհի Մուրադյանն ասում է՝ կարեւոր էր խոսել նրանց հետո, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել նրանց հավաքածուների հետ, ինչ մշակութային միջավայր են ստեղծել Արցախում, ինչպես են գործել պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, ինչպես են կարողացել տարհանել իրենց ստեղծագործություններն ու այժմ ինչ խնդիրների առաջ են կանգնած, մշակութային ինչ կենտրոնների հետ են համագործակցում, ինչ միջավայր են ստեղծում ներկայում:
«Ամենահետաքրքիրն այն էր, թե ինչպես են արվեստագետները բռնի տեղահանման ժամանակ տեղափոխել իրենց գործերը, ընտրել, թե որն են տեղափոխելու: Ոչ թե արժեւորման խնդիրն էր, այլ այն, թե որն է հարմար տեղափոխել, ինչքան շատ բան կարող են տեղափոխել»,- նկատում է Մուրադյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ 2023 թ. բռնագաղթից հետո արցախցի արվեստագետներից ոմանք նշել են, որ փորձել են հիշողության միջոցով նկարել այն նույն կտավները, որոնք թողել են Արցախում, բայց նույնը չի ստացվել:
Հ. Մուրադյանն անդրադառնում է գրքի վերջին մասին: Նշում է, որ փորձել են վերլուծել, թե միջազգային իրավունքը ինչպես կարող է դառնալ գործիքակազմ Արցախի մշակութային ժառանգության պահպանության համար:
Այս առումով միջազգային իրավունքը հիմնականում ձեւավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ ուղղված է եղել պետությունների միջեւ պատերազմի ժամանակ թալանի վերացմանը: Գործիքակազմն ամրագրվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի տարբեր փաստաթղթերով, Հաագայի կոնվենցիայով, Հռոմի ստատուտով եւ այլն: Սակայն, ըստ բանախոսի, դրանք, կարծես, չգործող են դառնում Արցախի նման չճանաչված պետությունների դեպքում:
«Այս դեպքում մենք փորձել ենք ցույց տալ, որ միջազգային իրավունքը, փորձելով պահպանել ճանաչված պետությունների իրավունքը սեփական ժառանգությանը տեր կանգնելու համար, անտեսում է համայնքների մշակութային ժառանգության դերը: Իհարկե, ունենք մի քանի կոնվենցիաներ, բայց դրանք չունեն այն իրավական ուժը, ինչ Հաագայի կոնվենցիան»,- ասում է Հայկուհի Մուրադյանը:
«Ադրբեջանը հայտեր է ներկայացնում ՅՈւՆԵՍՕ-ին՝ իրենց պետությունից դուրս հանված ժառանգությունը վերադարձնելու համար: Այս դեպքում ժառանգության տերը տարածական պատկանելիության ունի, այլ ոչ թե համայնքային: Մինչդեռ մենք շեշտը դնում ենք նրա վրա, որ եթե մարդիկ, որոնք այդ ժառանգության տերն են, այդտեղ չեն, ապա ու՞մ պետք է վերադառնա այդ ժառանգությունը,- ասում է գրքի համահեղինակը՝ հավելելով,- մեր խնդիրն է մշակութային ժառանգության վերադարձի պահանջը կապել արցախահայության վերադարձի հետ. ժառանգությունը ստեղծում են մարդիկ»:
2020 թ. պատերազմից եւ 2023 թ. բռնագաղթից հետո որքան ՅՈւՆԵՍԿՕ-ն փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, վերջինս մերժել է՝ պատասխանելով, թե ինքը կարող է վերահսկել:
Մյուս կողմից՝ կա տարհանված մշակութային ժառանգության կարգավիճակ որոշելու հարցը: Հայկուհի Մուրադյանը նկատում է. «Չէ՞ որ կարող է մոռացվել այդ արկղերում պահված ժառանգությունը, դա պետք է համայնքի մաս դառնա»:
«Մեր խնդիրն է միասնական որեւէ դիրքորոշում մշակել, միջազգային իրավունքին ցույց տալ իր խոցելի տեղերը, որ որոշ դեպքերում դա չի գործում, եւ այն, թե ինչ կարող ենք առաջարկել։ Առնվազն գիտական դիսկուրս է պետք ձեւավորել այս խնդիրների շուրջ»,- ասում է Հ. Մուրադյանը:
Այժմ հայ գիտնականներն աշխատում են «փախստական ժառանգություն» տերմինի վրա, որպեսզի կարողանան ցույց տալ խնդիրը, մտնել գիտական երկխոսության մեջ եւ որեւէ կերպ չսահմանափակվել միջազգային իրավունքով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել