«Ես հլա հույս ունեմ, որ Ղարաբաղ կգնանք, ես հլա հույս ունեմ ․․․»
2023թ.-ի սեպտեմբերի 19-ին Մադլենա և Յուրի Ավանեսյանները Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի իրենց տանն էին, երբ Ստեփանակերտում ապրող դուստրը զանգել ու ասել էր, որ պատերազմ է սկսվել։ «Մեր մոտ դեռ ոչ մի ձայն չկար, մենք մտածեցինք՝ ոչինչ էլ չկա, հերթական կրակոցներ են»,- պատմում է Մադլենա Ավանեսյանը։
Քիչ անց արկերի պայթյունի ձայներ են լսվել նաև Մաճկալաշենում։ Յուրի Ավանեսյանը, որն արցախյան առաջին պատերազմում վիրավորվել էր ու հաշմանդամություն ունի, կնոջը հանգստացրել է․ «Ամեն ինչ շուտով կավարտվի, հերթական կրակոցներն են»։
Երբ երկար ժամանակ պայթյունի ձայները չեն դադարել, Մադլենան դուրս է եկել փողոց, որ տեսնի, թե ինչ իրավիճակ է։ Հարևաններն արդեն խուճապի մեջ էին, Մադլենայի դուստրը նորից է զանգել ու ասել, որ երեխաները դպրոցում են և վախենում է նրանց համար։ Մադլենան հանգստացրել է դստերն՝ ասելով, որ դպրոցի նկուղն ամենաապահով տեղն է, մինչ կրակոցները կդադարեն։
Հարևաններն առաջարկել են բոլորով հավաքվել մի տեղ, որ տարհանման ժամանակ միասին դուրս գան։ Մադլենան գնացել է տուն, վերցրել ամուսնական մատանին, փաստաթղթերն ու դուրս եկել։ Յուրին էլ որսորդական հրացանն է վերցրել։
«Յուրին ուզում էր միանալ գյուղի տղամարդկանց։ Ասում էի՝ ա՛յ մարդ, դու ի՞նչ պիտի անես էդ վիճակում, որ գնում ես, քեզ ո՞վ է բերելու, որ հանկարծ մի բան լինի։ Ճիշտն ասած, ես էլ չէի ուզում դուրս գալ, վստահ էի, որ իմ տունն աշխարհի ամենաապահով տեղն է, հետո լսեցինք, որ թուրքերն արդեն գյուղ են հասնում, շատ են մոտեցել»,- պատմում է Մադլենան։
Նրանք տան դուռը փակել են, վերցրել բանալին ու դուրս եկել գյուղից՝ հույսով, որ շուտով վերադառնալու են։
Տեղահանումից հետո 68–ամյա ամուսինները որոշ ժամանակ ապրել են դստեր ընտանիքի հետ՝ 18 հոգով, ապա տեղափոխվել Արարատի մարզի Ռանչպար գյուղ՝ ազգականի մոտ։ Պատմում է, որ 1992թ․-ից բոլոր տեղահանությունների ժամանակ այս տունն իր ապաստանն է եղել։
«Մորաքրոջս տունն ա, իրենք էլ Բաքվից էին եկել։ Հիմա նրա աղջկա ընտանիքն է ապրում էստեղ, ես ու ամուսինս էլ իրենց հետ։ Ի՞նչ անենք, մի ամբողջ կյանքի կառուցածն ու ստեղծածը մի օրում կորցրինք։ Արդեն երիտասարդ չենք, նորը չենք կարող կառուցել, երեք տուն ենք թողել Արցախում։ Ամեն ինչ մնաց այնտեղ, ծնողներիս գերեզմանները ․․․ »,- ասում է Մադլենան։
Գյուղից դուրս գալուց հետո հիշել է, որ մյուս աղջիկը դեռ Մարտունիում է, զանգել է նրան ու խնդրել, որ վերջին անգամ մոր գերեզմանին այցելի և տնից ընտանեկան ալբոմը վերցնի, որտեղ նաև ծնողների լուսանկարներն են։ «Գնաց գերեզմանը նկարեց, մեկ էլ ալբոմը վերցրեց, էդ եմ տնիցս փրկել»,- պատմում է Մադլենան։
Ամուսինների համար Արցախից տեղահանությունը նոր խնդիրներ է առաջացրել։ Պետության աջակցությամբ նոր բնակարան գնել չեն կարող։ Դրա համար էլ մորաքրոջ դստեր տանն են ապրում։ «Աղջիկներին էլ չենք ուզում նեղություն տալ, իրենց ընտանիքների, սկեսուր, սկեսրայրի հետ են ապրում։ Պարզ է, որ հիմիկվանից հետո չենք կարողանալու նոր տուն ստեղծել, մեր կյանքը երկու մասի է բաժանվել»,- նշում է Մադլենա Ավանեսյանը։
Արցախի Մարտունու շրջանի երկար տարիների կոմունալ տնտեսության գլխավոր հաշվապահը շարունակում է մեզ պատմել իրենց ցավի ու կարոտի մասին։ «Ես իմ տունն եմ ուզում, մենք դրախտում էինք ապրում, բայց չէինք հասկանում,- ասում է նա ու խորը հոգոցից հետո ավելացնում,- մի օր էլի Արցախը մերը լինի՝ վազելով հետ կգնանք: Ես հլա հույս ունեմ, որ Ղարաբաղ կգնանք, ես հլա հույս ունեմ ․․․ »։
Նա չի շտապում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել։ «Չգիտեմ, ճիշտ կլինի՞ քաղաքացիություն ստանալ»,- մտորում է Մադլենան։
Ամուսինը՝ Յուրի Ավանեսյանը, արցախյան առաջին պատերազմում վիրավորվելուց հետո ծանր աշխատանք անել չէր կարող, վարորդ էր աշխատում։ 2023թ․ մայիսին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, նրա մոտ լիմֆատիկ հանգույցների քաղցկեղ է հայտնաբերվել։ Կարողացել էին հետազոտել և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով քիմիաթերապիայի համար անհրաժեշտ դեղամիջոցները հասցնել Արցախ։ Այժմ էլ շարունակում է բուժումը, պարբերաբար հետազոտվում է։
Մասնագետները Յուրի Ավանեսյանի հիվանդության պատճառը սթրեսն են համարում։ Նա 3-րդ կարգի հաշմանդամություն ունի։ 1992-ի պատերազմի ժամանակ հայրենի գյուղում՝ Մաճկալաշենում, բեկորային վնասվածք է ստացել։ Մինչ այդ գանգուղեղային կոնտուզիա է ունեցել։ 1993թ․-ի ապրիլին ողնաշարի բեկորային վնասվածք է ստացել։
Տիկին Մադլենան չի հաշտվում ամուսնուն տրված կարգի հետ։ «Ես շատ լավ գիտեմ, որ ինքը 3-րդ կարգ չի, բայց գիտեք՝ էս կյանքն ինչ է։ Ստեփանակերտում ասել եմ` արի նորից գնանք փորձաքննության, ասեց` ընկերներս չկան, շնորհակա՞լ չես, որ երեխաներիս մեծացնում եմ»,- պատմում է Մադլենան։
Մադլենա Ավանեսյանը նույնպես 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, տեսողությունը վատացել է, բժշկները խորհուրդ չեն տալիս վիրահատության դիմել, քանի որ դրանից տեսողությունը կարող է ավելի վատանալ։
Նրանց երկու դուստրերը բժիշկներ են, բուժման հարցում կարողանում են ճիշտ ուղղորդել ծնողներին։
Մադլենան պատմում է Արցախի իրենց այգիների, տանը թողած մեծ քանակով հացահատիկի, մեղրի և այլ բնամթերքների մասին։ Հողագործությամբ էին զբաղվում, անգամ շրջափակման օրերին կարողացել են ապահովել իրենց ապրուստը, նաև դուստրերի ընտանիքներին, հարևաններին, հարազատներին են օգնել։
«Անգամ վերջին օրը դուրս գալիս չենք պատկերացրել, որ կարող է հետ չգանք։ 38 տարի տուն–տեղ ենք դրել, մեր ամբողջ կյանքի ստեղծածը թողել ու դուրս ենք եկել դրախտից։ Գողացել են ոչ թե մենակ իմ արածը, այլ ամուսնուս պապիկի ու տատիկի, իր ծնողների ու մեր սարքածը։ Տենց քանի՞ սերնդի ունեցվածք են խլել մեզնից»,- ասում է նա։
Տեղահանվելու ողբերգական պատկերներն ուղեկցում են նրան, զուգահեռներ է տանում 1915թ․ Հայոց Ցեղասպանության պատմությունների հետ։ «Հակարին ի՞նչ էր, Դեր Զոր էր։ Մի տարբերությամբ՝ ինձ սիրտ էի տալիս, որ էրեխեքս ինձ հետ են։ Ավելի դժվար է էն մարդկանց համար, որ պատերազմից պրծել են, հրդեհի զոհ դարձել»,- ասում է Մադլենան։
Նրանց պատմությունը տեղահանված հազարավոր արցախցիներից միայն մեկի պատմությունն է։ Նրանց նման շատերը դեռ չեն կարողանում ինքնուրույն տուն կամ բնակարան գնել, առողջական խնդիրների, տարիքի պատճառով չեն աշխատում և ապրում են բարեկամների տներում։ Պետական ծրագրերը տարեցների մեծ մասի համար մնում են դժվար իրագործելի։ Ավանեսյանների համոզմամբ՝ եթե ուժ ունենային, ամեն ինչ նորից կսկսեին, բայց իրենց տարիքն ու առողջությունն այլևս նոր կյանք սկսելու հնարավորություն չեն ընձեռում։
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել