
Իրավապահների «շնորհիվ» գիտաշխատողին վտարում են
Ազգային պատկերասրահի քանդակի բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Մարգարյանը, վաճառելով Երեւանում իր եւ սկեսրոջ բնակարանները, որոշել է քաղաքի ծայրամասում փոքր-ինչ ընդարձակ տուն գնել: Նա դիմել է տարբեր գործակալությունների, եւ Ավան վարչական շրջանում գտնվող գործակալություններից մեկի աշխատակիցը՝ Սաշա Գյուզալյանը, առաջարկել է գնել Ավանի Չարենց թաղամասի 18 շենքի 45 բնակարանը:
Շուտով պարզվել է, որ բնակարան վաճառողը՝ Գուրգեն Թադեւոսյանը, Անահիտ Մարգարյանի վաղեմի ծանոթի որդին է, եւ վստահության կամ ինչ-որ բանում կասկածելու խնդիր չի եղել: Նա բնակարանի համար պահանջել է 80 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն օրը՝ երեկոյան, զանգահարել է Մարգարյանին եւ ասել, որ պատրաստ է տունը վաճառել նաեւ 65 հազարով:
2008թ. հուլիսի 11-ին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը կնքել է նախավճարի պայմանագիր, ըստ որի՝ Անահիտ Մարգարյանը վճարել է 15 մլն 250 հազար դրամ (50 հազար դոլար), իսկ մյուս մասը պետք է վճարի սեպտեմբերի 10-ին՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագրի վավերացման պահին:
Գուրգեն Թադեւոսյանը նախավճարի պայմանագիրը կնքելիս ներկայացրել է բնակարանի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ նշելով, որ բնօրինակն իր գործընկերոջ մոտ է, որը գտնվում է արտերկրում եւ շուտով կվերադառնա:
«Ասում էր՝ տարադրամի փոխանակման կետ ունեմ, երկու հատ ավիակասա, ընկերոջիցս բիզնեսս զարգացնելու համար պարտքով գումար եմ վերցրել, բայց հիմա ընդամենը 8000 դոլար եմ մնացել պարտք: Հեսա արտերկրից կգա, էդ էլ կտամ ու կպրծնեմ»,- հիշում է Անահիտ Մարգարյանը:
Գուրգեն Թադեւոսյանը տան բանալիները տվել է Անահիտ Մարգարյանին, եւ վերջինս կապիտալ վերանորոգումից հետո հիվանդ մոր եւ սկեսրոջ հետ տեղափոխվել է ապրելու նոր բնակարանում: Որոշ ժամանակ անց Գուրգենը տան գինը եւս 3000 դոլարով իջեցրել է (դարձնելով 62 հազար դոլար, որից 50 հազարն արդեն ստացել էր), Անահիտ Մարգարյանին խնդրել եւ նրանից ստացել է մնացած ողջ գումարը՝ 12 հազար դոլարը՝ վստահեցնելով, որ գնում է արտերկրից վերադարձած ընկերոջ պարտքը մարելու եւ բնակարանի սեփականության վկայականը վերցնելու: Սակայն օրերն անցել են, իսկ նա, այսօր-վաղն ասելով, անընդհատ հետաձգել է առքուվաճառքի հիմնական պայմանագրի կնքումը:
Շուտով պարզվել է, որ 2007թ. նույն նոտարի՝ Նունե Սարգսյանի վավերացմամբ Գուրգեն Թադեւոսյանը նույն տան վերաբերյալ կնքել է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր, եւ բնակարանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց գրավադրել Յուրիկ Դավթյանի մոտ: Իսկ վերջինիս մոտ առկա ձեռագիր ստացականի համաձայն՝ երբ պայմանագրի ժամկետը լրացել է (2008թ. մարտ), Գուրգենը ոչ թե պարտքն է վերադարձրել, այլ խնդրել է եւս 16 հազար դոլար՝ պարտավորվելով ընդհանուր գումարը՝ 54 հազար դոլարը, մարել 6 ամիս աց՝ 2008թ. սեպտեմբերին:
«Հետագայում, երբ դիմել էի իրավապահներին, գլխավոր դատախազությունում Մարսել Մաթեւոսյանն ինձ ասաց, որ իրականում վաշխառություն է եղել. նշված 16 հազար դոլարը մայր գումարի՝ 38 հազարի տոկոսներն են: Բայց վաշխառության մասով ոչ մի բան չարեցին»,- առաջ ընկնելով՝ պատմում է Անահիտ Մարգարյանը:
«Նման բան գոյություն չունի. ես գումարն առանց տոկոսի եմ տվել, ի՞նչ տոկոսի մասին է խոսքը: Առաջին անգամ եմ լսում նման բան, էն էլ՝ ձեզանից,- «Հետքի» հետ զրույցում ասաց Յուրիկ Դավթյանը:- Գուրգենը չենջ ուներ, դոլար-դրամ հարաբերակցությունն իրա մոտ միշտ նորմալ էր, եւ գումարս իր մոտ էի փոխում: Մի անգամ ասաց՝ մի քանի օրով գումար է պետք, լավ գործ կա, կարող եմ տունս գրավ դնել, ես էլ, առանց ոչ մի բանի, տվել եմ, որովհետեւ մոտս զապաս գումար կար»:
Երբ Անահիտ Մարգարյանն իմացել է տան գրավադրված լինելու մասին, պայմանավորվել են հանդիպել նաեւ պարտատուի հետ եւ որոշել, թե ինչ է լինելու հետո: «Որ գնացինք, Գուրգեն Թադեւոսյանն ու Յուրիկ Դավթյանն արդեն եկել էին, շատ ջերմ զրուցում էին՝ հա-հա, հի-հի-ով»,- հիշում է Անահիտ Մարգարյանը եւ նշում, որ իր համոզմամբ՝ այս պատմությունը նախօրոք ծրագրած են եղել վերջին երկուսը եւ անշարժ գույքի գործակալ Սաշա Գյոզալյանը:
«Դիմեցի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հանդիպեցի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին, լսեց, փաստաթղթերը նայեց եւ կանչեց դատավոր Մարտին Կարապետյանին ու ասաց՝ Դուք կվարեք գործը, տիկնոջը դասական ձեւով խաբել են, խմբակային խաբեություն է,- պատմում է Անահիտ Մարգարյանը:- Յուրիկ Դավթյանը չհամաձայնվեց դատավորի՝ կոմպրոմիսի գնալու առաջարկին, միջնորդեց, որ գործում ներգրավվի որպես 3-րդ կողմ. արդեն ուրիշ խաղ էր գնում: Ստիպված դիմեցի ոստիկանություն, իսկ դատավարությունը մինչեւ քննության ավարտը կասեցվեց»:
Մինչ իրավապահները զբաղվել են գործով, Անահիտ Մարգարյանը պատահաբար իմացել է, որ նույն դատարանում Սամվել Ուզունյանը լսել է Յուրիկ Դավթյանի գործը եւ բավարարել վերջինիս հայցը՝ վճռելով Գուրգեն Թադեւոսյանից բռնագանձել 54 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ բռնագանձումը տարածել Ավան համայնքի Չարենց թաղամասի 18 շ. 45 բնակարանի վրա:
«Բայց այդ ժամանակ քննությունը դեռ չէր ավարտվել, եւ Սամվել Ուզունյանն այդ մասին շատ լավ գիտեր: Գնացի, որ նրա հետ հանդիպեմ, բայց այս անգամ չհամաձայնվեց նույնիսկ հեռախոսով լսել ինձ: Անգամ վճռի պատճենը հրաժարվեցին տրամադրել՝ պատճառաբանելով, որ ես դատավարության կողմ չեմ»,- ասում է Անահիտ Մարգարյանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը 2009թ. ապրիլին մերժվել է:
«Հետո ինձ ընդունեց գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Կանչեց գործը հսկող դատախազին՝ Հ. Հովսեփյանին, եւ ասաց՝ եզրեր գտեք ու քրեական գործ հարուցեք: Ինձ էլ ասաց՝ Ձեզ ակնհայտորեն խաբել են, անպատճառ տունը Ձերը կլինի, հանգիստ եղեք»,- պատմում է Անահիտ Մարգարյանը: Նա նշում է, որ գլխավոր դատախազությունում իրեն խորհուրդ են տվել դիմել լավ փաստաբանի եւ առաջարկել օգտվել փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի ծառայություններից:
«Ես վճարեցի նրան, բայց երկու տարվա մեջ այդ մարդը ոչ մի բան չարեց, ոչ մի որոշում չբողոքարկեց, իսկ ինձ խաբում էր, թե ամեն ինչ անում է, եւ ամեն ինչ լավ է լինելու»,- ասում է Անահիտ Մարգարյանը (Սերգեյ Հովհաննիսյանի կետ կապ հաստատել «Հետքին» չհաջողվեց, իսկ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում վերջինիս տվյալները չկան):
Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը վերացվել է, եւ 2009-ի սեպտեմբերին հարուցվել քրեական գործ՝ «Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու» մեղադրանքով:
«Սկզբից էլի շատ լավ տրամադրություն էր, ինձ ասում էին՝ տիկին Անահիտ, սա խմբակային խարդախություն է, շուտով ամեն ինչ կլուծվի, մեղավորները կպատժվեն, գումարը կվերադարձնեն, կամ էլ տունը կգրանցվի Ձեր անունով: Բայց էս անգամ էլ գործը հարուցեցին մեղմ հոդվածով, Գուրգենին ոչ մի րոպեով չազատազրկեցին, ինձ էլ ասում էին՝ դե, ինչ անենք, էդ տղան (Գուրգենը) իր անունով ոչ մի բան չունի»,- հիշում է Անահիտ Մարգարյանը:
Գուրգեն Թադեւոսյանն իրեն մեղավոր է ճանաչել, կատարվածի համար զղջացել եւ խնդրել իր նկատմամբ կիրառել համաներում: Ոստիկանության Նոր նորքի բաժնի ավագ քննիչ Գարիկ Մանուկյանն այդպես էլ վարվել է:
Քրեական գործի վարույթը կարճելու որոշման մեջ վերջինս նշել է, որ Գուրգեն Թադեւոսյանը նախապես տեղյակ է պահել բնակարանի գրավադրված լինելու մասին: Մինչդեռ նույնիսկ անշարժ գույքի գործակալ Սաշա Գյոզալյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Գուրգեն Թադեւոսյանն այդ մասին ոչինչ չի ասել եւ գումարը «համոզելով ու խաբելով» է վերցրել Անահիտ Մարգարյանից:
«Երբ լրացավ նոտարական նախավճարի պայմանագրի ժամկետը, ես Անահիտ Մարգարյանի հետ գնացի կադաստր: Դրանից հետո նոր իմացանք, արխիվից ճշտեցինք, որ տունը գրավադրված է»,- ասում է Սաշա Գյոզալյանը եւ շեշտում, որ ոստիկանությունում ինքը եւս այս մասին պատմել է:
Ուրեմն ինչո՞ւ է քննիչ Մանուկյանը իրականությունից շեղվել՝ Գյոզալյանի եւ Մարգարյանի ասածներին ի հակառակ՝ նշելով, թե գնորդը նախապես իմացել էր, որ բնակարանը գրավադրված է: Անահիտ Մարգարյանն ամեն ինչ պայմանավորում է «Յուրիկ Դավթյանի փողերով». «Այդ մարդը որտեղ որ հայտնվում էր՝ դատարան թե ոստիկանություն, ամեն ինչ շուռ էր գալիս, բոլորը մեղմանում էին Գուրգենի նկատմամբ: Դրա համար էլ եմ ասում՝ սա նախօրոք կազմած սցենար էր»:
«Ես ո՞նց կարող եմ Գուրգենին պաշտպանել: Հակառակը, ինձ մոտ չէր էլ երեւում, ես դրան՝ էդ Գուրգեն կոչեցյալին, չէի էլ տեսնում, ո՞նց կարող է նման բան լինել»,- արձագանքում է Յուրիկ Դավթյանը: Անշարժ գույքի գործակալ Գյոզալյանը եւս հերքում է խաբեությանը կամ խարդախությանը իր մասնակցությունը՝ հատուկ շեշտելով, որ իրականում հենց իր հորդորով է նախավճարի պայմանագիրը ստացել նոտարական վավերացում:
Վերսկսելով կասեցված դատավարությունը՝ Մարտին Կարապետյանը մերժել է Անահիտ Մարգարյանի՝ անշարժ գույքի նկատմամբ կնքված գործարքը վավեր ճանաչելու հայցը: Իսկ Գուրգեն Թադեւոսյանը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործով կառավարիչն արդեն դիմել է դատարան՝ պահանջելով գրավի առարկա բնակարանն Անահիտ Մարգարյանի «ապօրինի տիրապետումից» ազատել: Նման խնդրանքով կառավարչին դիմել է պարտատեր Յուրիկ Դավթյանը:
Հ.Գ. Գուրգեն Թադեւոսյանի հետ զրուցել չհաջողվեց: Նրան գտնելու հարցում մեզ չկարողացավ օգնել նաեւ հորեղբայրը՝ Գագիկ Թադեւոսյանը. «Վիճել եմ հետը, ամիսներով չեմ տեսել ու ոչ մի կոնտակտ չունեմ»:
Լուսանկարում՝ դատավոր Սամվել Ուզունյանը
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել