Վարչապետ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել գերմանական հիմնադրամների, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների և լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հիմնադրամի գլխավոր քարտուղար Մարկ Շպայխը շնորհակալություն է հայտնել այցելության համար և նշել, որ հանդիպման մասնակիցները շահագրգիռ են լսել Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ վարչապետի տեսակետներն ու դիտարկումները:
Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման առաջնահերթությունները, խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցության վերաբերյալ Երևանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ Կառավարության իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունները։
Քննարկում է ծավալվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման, տարածաշրջանային տնտեսական նախաձեռնությունների և Եվրոպայում Հայաստանի դերակատարության ընդլայնման հնարավորությունների շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9-10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Երեկ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել