HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից

1988 թվականի հոկտեմբերի 23-ին Նկարիչների միության աշնանային ցուցահանդեսը ընդհատվեց «մեռյալների» անձայն մուտքով. դալկադեմ վամպիրը (Կարինե Մացակյան), մեռած զինվորը (Քիքի), ստվերային կերպար (Սև), Աշոտ Աշոտը՝ բաճկոնին գրված «nature morte» (մեռած բնություն),  Արման Գրիգորյանը՝ վզից կախված «Անդրշիրիմյան աշխարհ» ցուցանակով։ Նրանք եկել էին ազդարարելու, որ միության արտոնած պաշտոնական արվեստը անցյալում է, մեռած է, իսկ նրա հանդիսատեսը զոմբիներ են։

«Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» պերֆորմանսը կազմակերպել էին «3-րդ հարկ» արվեստային շարժման արվեստագետները։ Այն ծնվել էր Խորհրդային Հայաստանում արվեստի և իրականության մեջ առկա մեծ խզումից։ Հետագայում շարժումը ունեցավ մեծ ազդեցություն  Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման վրա։

Արվեստային շարժման առաջին կիսապաշտոնական ցուցահանդեսը տեղի էր ունեցել հայտնի պերֆորմանիսից մեկ տարի առաջ. երկար բանակցություններից հետո միությունը ըմբոստ արվետագետներին ցուցադրության համար տրամադրել էր միության երրորդ հարկը, այդտեղից էլ մնաց արվեստային շարժման անվանումը` «3-րդ հարկ»։ 

 «3-րդ հարկ» շարժման 37 տարի առաջ արված նշանավոր պերֆորմանսին է նվիրված դեկտեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում  բացված «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսը։ Համադրողներն են Շողակաթ Ղազարյանը և Ռուբեն Արևշատյանը։

Ցուցահանդեսով Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրենությունը և հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ազդարարեց նաև իր որոշումը՝ ԺԱԻ Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցը կկոչվի արվեստագետ, «3-րդ հարկ» արվեստային շարժման համահիմնադիր Արման Գրիգորյանի (1960 - 2025) անունով։ Ժամանակակից արվեստի ինստիտուտում բացված «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2026թ.-ի հունվարի 17-ը։

Լուսանկարները՝ ICA YEREVAN-ի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter