HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՎԾ-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» և Սուսաննա Մուրադյանի դատավարությունն ավարտվեց

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավարտվեց Պետական վերահսկողական ծառայությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գործի դատավարությունը։ 

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին գրել էինք, որ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանն էլ «Հետք»-ին պատմել էր, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ 

ՊՎԾ-ն այս հոդվածի համար դատի է տվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին և Սուսաննա Մուրադյանին՝ պահանջելով հերքում հրապարակել և յուրաքանչյուրից 2 մլն դրամ փոխհատուցում։

Այս դատական նիստին դատավոր Անուշավան Մուշեղյանը նախևառաջ հետաքրքրվեց կողմերից՝ կա՞ արդյոք հաշտության համաձայնություն։

Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց, որ հայցադիմումն ամբողջությամբ պնդում են։ Հաշտության առաջարկ չեն ստացել պատասխանող կողմից, ուստի հաշտության եզրեր չեն տեսնում։

Պատասխանող կողմերն էլ նշեցին՝ ամբողջությամբ չեն ընդունում ներկայացված պահանջը։

Դատարանը հետազոտեց կողմերի ներկայացված ապացույցները, որից հետո նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեցին։

ՊՎԾ ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց, որ Սուսաննա Մուրադյանի կողմից հայցվորի բարի համբավը նպատակաուղղված արատավորելու մասին է խոսում այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն իրականացվել է դեռևս 2022թ., իսկ Սուսաննա Մուրադյանն իր մտահոգությունները մասին խոսել է միայն իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։

ՊՎԾ ներկայացուցիչն ասաց, որ դատարանին են ներկայացրել նաև Սուսաննա Մուրադյանին աշխատանքից ազատելու հրամանը՝ ցույց տալու, որ նպատակը ոչ թե առկա օբյեկտիվ իրողությունների վերաբերյալ հանրությանն իրազեկելն է, այլ միայն իր համար ցանկալի պահի այլ երանգով և այլափոխված ներկայացնելը՝ նպատակ ունենալով զրպարտել ծառայության բարի համբավը։

Դրամական փոխատուցման չափի հիմնավորվածությունը ցույց տալու համար էլ հայցվոր կողմը ներկայացրել էր փաստեր, ըստ որի՝ լրատվամիջոցն ունի մեծ հեղինակություն, լսարան, և հոդվածը տարածվել է լրատվամիջոցի բոլոր հնարավոր հարթակներով։

Պատասխանող Սուսաննա Մուրադյանն, անդրադառնալով հայցվորի այն դիտարկմանը, որ իր աշխատանքից ազատվելուց հետո է ինքը սկսել բարձրաձայնել խնդիրների մասին՝ ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրեն աշխատանքից ազատել են 2024թ., իսկ իր մտահոգությունների մասին խոսել է դեռևս 2022թ.-ից։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ նշեց՝ անհիմն է հայցվորի այն պնդումը, ըստ որի՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն միտումնավոր փորձել է արատավորել ծառայության պատիվը։

«Ուզում եմ ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքի վրա։ Մասնավորապես, թե քանի գրություն է ուղարկվել հայցվորին, 3 գրություն է ուղարկվել, թեման բացահայտվել է հայցվորի համար, այդ թվում՝ նաև Սուսաննա Մուրադյանի կողմից բարձրաձայնված մտահոգությունները, այլ հարց է, որ հայցվորը հարցումներին պատասխանել է թերի։ Դա հաշվի չառնել և դատարանում ասել, որ անբարեխիղճ են եղել, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Հարցումները ուղարկվել են 2024թ. օգոստոսից, նյութը հրապարակվել է դեկտեմբերին, այս ամիսների ընթացքում և՛ ՊՎԾ են գրություններ ուղարկվել, և՛ Քննչական կոմիտե, և՛ քննիչի որոշումն է ուսումնասիրվել, այսինքն՝ մի քանի ամիս պահանջվել է, որ լրատվամիջոցը կարողանա ամբողջ ծավալով ուսումնասիրել, ինչը չեմ կարծում, որ վկայում է ոչ բարեխիղճ վարքագծի մասին»,- ասաց նա։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց՝ այն հանգամանքը, որ ուսումնասիրությունը կոծկվել է և ամբողջ ծավալով չի իրականացվել, նույն հայցվորի կողմից մատնանշված քրեական վարույթ չնախաձեռնելու որոշման մեջ հստակ արձանագրվել է։ Հետևաբար, այդ որոշումը վկայակոչելով և պատասխանողին մեղադրելով, որ «կոծկել» բառը տեղի չի օգտագործվել, մեղմ ասած, տարակուսելի է։

Այն, ինչ վերաբերում է ազգակցական և բարեկամական կապերն օգտագործելուն, «Հետաքննող լրագրողների» ներկայացուցիչը ասաց, որ հոդվածում ներկայացվել են բարեկամական կապերը, դատարանում էլ որևէ ձևով չի հերքվել, որ այդ բարեկամական կապերը չկան։ Օբյեկտիվ աչքով դիտարկողի մոտ կարող էին կասկածներ առաջանալ, որ այդ կապերն ազդել են ուսումնասիրությունն իրականացնելու վրա։

Անդրադառնալով հայցվոր կողմի այն պնդմանը, թե արատավորվել է ՊՎԾ-ի բարի համբավն ու արժանապատվությունը, «Հետաքննող լրագրողներ»-ի ներկայացուցիչն ասաց. «Պետական մարմինը չի կարող ունենալ պատիվ ու արժանապատվություն։ Դա վերաբերելի է բացառապես ֆիզիկական անձանց։ Ինչպես հայցվորը նշեց, «Հետաքննող լրագրողները»՝ որպես լրատվամիջոց, որոշակի դիրք, վստահություն և հեղինակություն ունի, հետևաբար, իր աշխատանքի ընթացքում բացառապես փորձում է աշխատել այն սկզբունքով, որ որևէ մեկին որևէ ձևով վնաս չպատճառի։

Պետական մարմնինների ներկայացուցիչները մոռանում են, որ իրենք ստեղծված են և պետք է ծառայեն հանրությանը, իսկ լրատվամիջոցն ուսումնասիրում և հրապարակում է հենց հանրության համար»։

Դատարանն այս նիստին հետազոտեց կողմերի ներկայացրած բոլոր ապացույցները։ Դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter