
Վթարավտանգ ճանապարհ՝ մառախլապատ Շուշիի մոտակայքում
Գորիս-Ստեփանակերտ մայրուղին գիշերվա մառախուղի ժամանակ Շուշիի մոտակայքում վթարավտանգ է դառնում: Եթե Գորիսի մոտակայքում մառախուղի ժամանակ վառորդները շատ դեպքերում կողմնորոշվում են լուսանդրադարձիչներ ունեցող սյուներով ու ճանապարհային գծանշաններով, ապա Շուշիի ճանապարհին գծանշաններ դեռ չկան:
Սյուներ էլ հազվադեպ են հանդիպում, հակառակ որ Շուշի՝ նշված ճանապարհահատվածի մոտ 7 կիլոմետրը 2 ամիս առաջ են ասֆալտապատել:
Oգոստոսի 21-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, այս ճանապարհահատվածում տեսանելիությունն այնքան վատ էր, որ որոշ ավտոմեքենաներ կանգնում էին ու սպասում մառախուղի ցրվելուն:
«Թող բարի լինեն ու կարգին սպասարկեն ճանապարհը, չէ՞ որ մենք հարկեր ենք մուծում: Եթե Գորիսում կարելի է մեքենա վարել 20 կմ ժամում, ապա այդ ճանապարհով նման օրերին՝ ընդամենը 5 կիլոմետր ժամում»,- բողոքում է տաքսիստ Կամո Պողոսյանը, ով հաճախ է անցնում այդ ճանապարհով:
Իսկ ուղևորուհի Սոֆյա Աղաջանյանն այն կարծիքին է, որ միչև որևէ դժբախտ պատահար չլինի, ճանապարհը պատշաճ չեն սպասարկի: «Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում գիշերը ուղևորվել: Զուտ հայկական բնավորություն է. մինչև որևէ բան չպատահի, բան չեն անելու»,- ասում է Սոֆյա Աղաջանյանը:
Արցախի քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության բաժնի պետ Գենադի Հակոբյանը վստահեցնում է, որ մինչև աշնան վերջ գծանշումները կարվեն, և լուսանդրադարձիչներով սյուներ կավելացվեն:
«Նոր հատվածում աշխատանքները դեռ ավարտված չեն, նույնիսկ ճամփեզրերը (կողնակները) դեռ պատրաստ չեն: Այդ ճանապարհները ընդհանրապես սպասարկում է «Վահե Կարապետյան» ճանշահագործում» ՓԲԸ-ն, որին վերապահված է սպասարկել Ստեփանակերտից մինչև մեր սահմանները: Իսկ ձեր նշված ճանապարհահատվածում աշխատանքներ էր իրականացնում կապալառու կազմակերպությունը' «Քարավան» ՍՊԸ-ն»»,- ասաց Գենադի Հակոբյանը:
Նա հավելեց, որ մարդիկ, չգիտես ինչու, սյուներից պոկում են լուսանդրադարձիչ թիթեղները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել