HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կարմիր գծերի» գնագոյացման հաշվարկները չեն հիմնվել ծառայության իրական ծավալի վրա. Վերաքննիչ դատարանը մերժել է ավագանու բողոքը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է, որ սակագների հաշվարկները չեն հիմնվել ծառայության իրական ծավալի և վճարողների տվյալների վրա և չեն համապատասխանել օրենսդրության պահանջներին։

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու: Պահանջվում է ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024թ. թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, որոնք վերաբերում են վճարովի ավտոկայանատեղիներին:

Վարչական դատարանը 2025թ. մայիսի 25-ին որոշել էր նշված պարբերությունները ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների մի շարք հոդվածներին հակասող և անվավեր: Երևանի ավագանին դատարանի այս որոշումը բողոքարկել է:

Վերաքննիչ բողոքում վկայակոչվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության 2025թ. փետրվարի 26-ին կազմված տեղեկանքի բովանդակությունը: Դրանով Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը և սպասարկումն իրականացնում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որի վճարովի ավտոկայանատեղերի համար կատարված տարեկան ծախսը կազմում է՝ 447 մլն 125 հազ. 700 դրամ՝ ընդհանուր 3237 ավտոտեղի համար: Դրանից «Ա» գոտու համար ծախսը կազմում է 394 մլն 522 հազ. դրամ՝ 2417 ավտոտեղ և «Բ» գոտու համար՝  52 մլն 603 հազ դրամ՝ 821 ավտոտեղ: Հիմք ընդունելով ներկայացված ծախսերը հաշվարկվել է մեկ վճարովի ավտոկայանատեղի տարեկան ծախսը, որը կազմել է «Ա» գոտու համար 163 հազ. դրամ, «Բ» գոտու համար՝  64 հազ. դրամ:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել բողոքով ներկայացված՝ ծախսերի գնագոյացման հաշվարկների իրավաչափության վերաբերյալ փաստարկները: Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով դրանք արձանագրել է, որ վճարների հաշվարկները չեն հիմնվել ծառայության իրական ծավալի վրա։ Դատարանը համոզիչ չի համարել Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված այն հիմնավորումը, ըստ որի մեկ ավտոկայանատեղի տարեկան ծախսը հաշվարկվել է ավտոկայանատեղերի սպասարկման ընդհանուր ծախսը դրանց քանակով բաժանելու միջոցով։

Մասնավորապես՝ ըստ Երևանի ավագանու, մեկ վճարովի ավտոկայանատեղի տարեկան ծախսը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ավտոկայանատեղերի սպասարկման համար կատարված ծախսերը ավտոկայանատեղերի քանակով բաժանելու միջոցով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեկ ավտոկայանատեղին մեկ տարվա ընթացքում չի սպասարկում մեկ տրանսպորտային միջոց, այլ կոչված է անորոշ թվով տրանսպորտային միջոցների սպասարկմանը: Ավագանու կողմից ներկայացված հաշվարկը չի պարունակում որևէ տեղեկություն՝ ավտոտեղերի սպասարկած տրանսպորտային միջոցների քանակի և այդ ծառայությունների համար կատարված վճարումների վերաբերյալ: Սա այն պայմաններում, երբ համայնքի ղեկավարն իրականացնում է տեղական տուրք և վճար վճարողների հաշվառում:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը «կարմիր գծերին» վերաբերող դրույթներն առաջին անգամ Վարչական դատարանում  վիճարկել է 2024թ. փետրվարի 21-ին ներկայացված դիմումով: 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել:

Այսպիսով, վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ Երևանի ավագանու սահմանած դրույթները հերթական անգամ անվավեր են ճանաչվում՝ հարվածի տակ դնելով գործընթացի իրավաչափությունն ու  հաշվարկների թափանցիկությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է մեկ ամսյա ժամկետում բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

Մինչդեռ Երևանի ավագանին չի հրաժարվում տարեվերջին նույնատիպ նախագիծ ներկայացնելուց: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներն արդեն հայտարարել են, որ 2025թ. դեկտեմբերի 22-ի ավագանու նիստի ժամանակ դարձյալ բարձր վճարներով նախագիծ է ներկայացվելու քննարկման։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter