HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է:

Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով:

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրանի դին։ Երեխայի դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ, հայրը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter