Հաշմանդամություն ունեցող քաղաքացին 8 ամիս է՝ թոշակ չի ստանում
Մհեր Բադալյանը 2016 թվականից հաշմանդամության կարգ ունի, որի համար թոշակ էր ստանում։ 2025 թվականի հունիսին, սակայն, նրան թոշակից զրկել են՝ առանց հստակ բացատրության։ Դիլիջանի 47-ամյա բնակիչը պնդում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ուղարկված բոլոր դիմումները մերժվել են։
Մհերի խոսքով՝ թոշակի դադարեցման առնչությամբ բողոք է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային համակարգի միջոցով, սակայն որոշումը չի փոխվել՝ հաշմանդամության թոշակը չի վերականգնվել։
Բադալյանը նշում է, որ դրանից հետո՝ մոտ երեք ամիս անց նոր դիմում է ներկայացրել, որը նույնպես մերժվել է։ Բոլոր դիմումները ներկայացրել է պոլիկլինիկայի բժշկի միջոցով, սակայն դա նույնպես արդյունք չի տվել։
«Ես պոլիկլինիկայի իմ բժշկի հետ եմ լրացրել, քանի որ պատասխանում նշված էր՝ դիմել Ձեզ ուղեգրող բժշկական հաստատություն, բայց, փաստացի, քանի անգամ լրացնում ենք դիմումը, նորից հետ է գալիս պատասխան, որ մերժվել է՝ պակաս փաստաթղթերի պատճառաբանությամբ, ուղղակի ես իսկապես աշխատել չեմ կարողանում, և ապրելու միակ միջոցը հենց այդ թոշակն է»,-ասում է Մհեր Բադալյանը։
Մհեր Բադալյանն առողջական խնդիրներ ունի՝ ոտքերի և ողնաշարի։ Իր խոսքով՝ քայլում է ձեռնափայտով, դժվարությամբ է տեղաշարժվում, ուստի չի կարող ֆիզիկական աշխատանք կատարել։ Նա ընտանիքի՝ կնոջ և 3 երեխաների հետ ապրում է սոցիալական ծանր պայմաններում, վագոն տնակում։ Քանի որ ամռանից թոշակ չի ստանում, չի կարողացել ձմռան վառելափայտ գնել։ Տան միակ աշխատողը կինն է։
Նա «Հետքին» տրամադրել է իր բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հետազոտության արդյունքները, որոնք, ըստ քաղաքացու, ներկայացվել են համապատասխան մարմիններին՝ հաշմանդամության կարգի վերագնահատման գործընթացի համար։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Մհեր Բադալյանի մոտ արձանագրվել են ողնաշարի բազմաստիճան դեգեներատիվ փոփոխություններ։ Եզրակացության մեջ նշվում է, որ գոտկային հատվածում առկա է միջողային սկավառակների դեգեներացիա և պրոտրուզիաներ, որոնք տեղ-տեղ հանգեցնում են նյարդարմատների սեղմման։
Փաստաթղթում արձանագրված է նաև ողնաշարի խողովակի նեղացում առանձին հատվածներում, ինչպես նաև՝ ոսկրային դեգեներատիվ փոփոխություններ, որոնք բնորոշ են երկարատև, քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություններին։ Նշված փոփոխությունները, ըստ բժշկական եզրակացության, կարող են առաջացնել ցավային համախտանիշ, շարժման սահմանափակում և ֆիզիկական ծանրաբեռնվածության անհնարինություն։
Բժշկական փաստաթղթերը վկայում են, որ այս վիճակը նոր չէ, ունի երկարատև բնույթ, ինչը համադրելի է այն հանգամանքի հետ, որ քաղաքացին տարիներ շարունակ հաշվառված է եղել որպես հաշմանդամության կարգ ունեցող անձ։
Բադալյանը հայտնում է, որ մերժումների պատճառաբանությունների մեջ նշվել է փաստաթղթերի ոչ լիարժեք լինելը, սակայն երբեք հստակ չի ներկայացվել, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են բացակայում, կամ ինչ լրացուցիչ տեղեկություններ են անհրաժեշտ։
Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում էլեկտրոնային հայտ լրացնելիս Մհեր Բադալյանը հետևյալ պատասխանն է ստանում՝ Ձեր հայտը մերժվել է, քանի որ բացակայում է անձի ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Միասնական սոցիալական ծառայությունը Մհեր Բադալյանին ուղղորդում է բժշկական այն հաստատություն, որտեղ հաշվառված է։
«Ես երրրոդ անգամ պոլիկլինիկայի բժշկի հետ նույն հայտը լրացնում եմ, իրենցից դժգոհություններ չունեմ, իրենք իրենց աշխատանքը շատ լավ են անում, միշտ ինձ աջակցում են, բայց թե ինչպես է ստացվել, որ էդ համակագից դուրս եմ եկել ու հիմա նորից չեմ կարողանում ներառվել համակարգում, դա հարց է, որի պատասխանը ոչ ոք չունի»,-ասում է Մհեր Բադալյանը։
«Հետքը» դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Մհեր Բադալյանի հաշմանդամության կարգի և կենսաթոշակի դադարեցումը, եթե հաշմանդամության կարգը հաստատվել է երկար տարիներ։ Ի՞նչ «պակաս փաստաթղթերի» մասին է խոսքը, և արդյոք քաղաքացուն տրամադրվել է դրանց հստակ ցանկը։ Արդյոք ուսումնասիրվել և գնահատվել են Մհեր Բադալյանի ներկայացրած վերջին բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները։ Որտե՞ղ և ի՞նչ ժամկետում կարող է քաղաքացին կրկին անցնել ֆունկցիոնալության գնահատում, և արդյոք նախատեսվում է վերանայում՝ հաշվի առնելով նրա ներկա առողջական վիճակը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 30-օրյա ժամկետ է խնդրել մեր հարցերին պատասխանելու համար։
«Հարցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ձեր գրությունն ուղարկվել է Միասնական սոցիալական ծառայություն»,-նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել