Խնդրում եմ, կգաս
Հեղինակներ՝ Սիրանուշ Սարգսյան, Ռիմա Գրիգորյան
Այդ օրը Գոհարը դույլը ձեռքից ցած չէր դնում․ «Մռակած» երգչախումբը պիտի կաթ ստանար։ Մի քանի օրից Գոհարի քրոջ աղջկա հարսանիքն էր լինելու, դույլը ձեռքին նա Ստեփանակերտով մեկ խանութներ ու վարսավիրանոց էր գնում՝ առիթին պատշաճ ներկայանալու համար։
«Այնքան ուրախ օր էր, կաթ պիտի ստանայինք։ Ուր գնում էի, բոլորին խոստանում էի, որ ինչ որ սարքեմ էդ կաթից, իրենց էլ բաժին կհանեմ։ Վարսավիրիս պանիր խոստացա, մազերս, թարթիչներս սարքեցի, դուրս եկա, ու սկսվեց։ Պայթյուն, խառնաշփոթ, առաջին միտքը, որ ունեի՝ ինչ ամոթ է՝ էսպես հարդարված վազում եմ»։
Համոզվելուց հետո, որ աղջիկը դպրոցի նկուղում ապահով է, Գոհարը քայլեց դեպի երաժշտական դպրոց, որտեղ աշխատում էր ու սկսեց դաշնամուր նվագել, շատ չէ, մի քիչ. չգիտեր՝ ինչ անի։
2023 թվականի սեպտեմբերի 19-ը արցախցի երգչուհի, դասավանդող Գոհար Ալեքսանյանի համար սկսվեց այսպես։
Տեղահանումից հետո երկու տարի Հայաստանում ապրելուց հետո Գոհարը որոշում է, որ պիտի տեղափոխվի Ռուսաստան ու այնտեղ շարունակի երգել սովորեցնել. երկու աղջիկների, ծնողների ու տատի հիմնական կերակրողը նա է ու պետք է շատ աշխատի։
Սա պատմություն է տեղահանված մի կնոջ մասին, որ պարտադրված է առժամանակ թողնել ընտանիքը՝ ապրուստ վաստակելու համար։
Այս տարվա նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանից դուրս է եկել և մինչև այս պահը չի վերադարձել 15,600 արցախցի։
Նախագիծն իրականացվել է The Armenia Project-ի աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել