HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության ֆինանսավորման կրճատումը մեկնաբանում է «Գիտուժի» անդամը

2026 թ. ՀՀ պետբյուջեի նախագիծը գիտական համայնքում քննարկման առարկա էր դարձել: Պատճառը գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատումն էր:

Եկող տարի պետբյուջեով գիտության ֆինասնավորումը կրճատվելու է մոտ 5 մլրդ դրամով՝ դառնալով 29,2 մլրդ դրամ (2025-ի համար նախատեսված էր 34 մլրդ դրամ):

Գիտական համայնքում ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ հարցերը քիչ չէին: Գիտնականներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե արդյոք գումարի կրճատումը ենթադրելու է գիտական ծրագրերի կրճատում, նոր նախագծեր չեն ֆինանսավորելու եւ այլն:

Դեկտեմբերի 4-ին «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքն ընդունելուց օրեր անց՝ դեկտեմբերի 17-ին, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն (ԲԳԿ) հայտարարություն է տարածել:

Ըստ ԲԿԳԿ-ի՝ 2026 թվականին օրենքով եւ վերջինիս հավելվածներով «Գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» 14 միջոցառումներին ընդհանուր հատկացված 29.224.285.000 դրամը ենթակա չէ ուղղակի համադրության 2025 թ. պետբյուջեի նույնանուն ծրագրով հատկացված միջոցների ծավալին (2025-ին նշված ծրագրի համար նախատեսվել է 33.912.203.500 դրամ):

ԲԿԳ-ն որպես պատճառ նշել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հետեւյալ դրույթը. «Օրենքի N6 հավելվածում ներառված ծախսային ծրագրերը դիտարկվում են որպես առաջնահերթություն, եւ ՀՀ 2026 թ. պետբյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում (ՀՀ տնտեսական զարգացման բարենպաստ միջավայրի եւ այլ գործոններով պայմանավորված), ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ 2026 թ. պետբյուջեի դեֆիցիտի սահմանաչափի ավելացման պարագայում այդ ծրագրերի ֆինանսավորումը պետք է իրականացվի առաջնահերթ կարգով, կապիտալ ծախսերի համար հիմք ընդունելով համապատասխան նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա այդ աշխատանքների արժեքների ճշգրտումները»:

N6 հավելվածում ներկայացված են 2026 թ. առաջնահերթությունները ըստ պետական մարմինների: ԿԳՄՍՆ-ի առաջնահերթությունների մեջ գիտության մասով 3 միջոցառում կա՝ համապատասխան հատկացումներով:

  1. Գիտական ենթակառուցվածքի արդիականացում՝ 1.131.525.500 դրամ
  2. Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային հետազոտություններ՝ 1.098.442.000 դրամ
  3. Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում՝ 5.160.426.600 դրամ

Այսինքն՝ սրանք այն հատկացումներն են, որոնք հնարավորության դեպքում պետությունը հատկացնելու է՝ ի հավելումն արդեն իսկ տրամադրվող գումարների: Նշված 3 միջոցառումներից առաջինին բյուջեով նախատեսված է տրամադրել 14,6 մլրդ դրամ, երկրորդին՝ 8,5 մլրդ դրամ, երրորդին՝ 2,3 մլրդ դրամ:

«Սա նշանակում է, որ 2026 թ. պետբյուջեի շրջանակում գիտության ոլորտի ֆինանսավորումը ոչ միայն չի սահմանափակի ոլորտում ընթացող բարեփոխումների շրջանակում իրականացվող ենթակառուցվածքային եւ դրամաշնորհային ծրագրերը, այլեւ անհրաժեշտության դեպքում հավելյալ ֆինանսավորման հնարավորություն կընձեռի նաեւ գիտական ենթակառուցվածքների արդիականացման եւ գիտական հետազոտությունների իրականացման նպատակով մրցութային կարգով ընտրված նոր նախագծերին»,- ասվում է ԲԿԳԿ-ի հայտարարության մեջ:

Չնայած Կոմիտեն նշում է, թե «անհրաժեշտության դեպքում հավելյալ ֆինանսավորման հնարավորություն կընձեռի…», օրենքը բառացի ասում է. «…պետբյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, ինչպես նաեւ … պետբյուջեի դեֆիցիտի սահմանաչափի ավելացման պարագայում…»: Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե անհրաժեշտության, այլ հնարավորության մասին է, որը, ի դեպ, կարող է եւ չլինել:

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր եւ տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձել է 2026-ին գիտության ֆինանսավորման հարցերին:

Մեր զրուցակիցը մեջբերում է ԲԿԳԿ-ի «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որն այս աշնանը դրվել էր հանրային քննարկման: Ըստ Շահվերդյանի՝ եթե 2026-ին ակնկալում էին հատկացումների ավելացում 9 մլրդ դրամի չափով, ապա փաստացի գիտության պետական ֆինանսավորումը 2025-ի համեմատ կրճատվելու է 5 մլրդ դրամով:

Կոմիտեի հայտարարության մասին Շահվերդյանը նշում է, որ գուցե շատ տեղերից հարցեր են եղել, եւ այդ հայտարությունը, հավանաբար, հանդարտեցման փորձ է: «Հետքի» զրուցակցի ասելով՝ ակնհայտ է, որ մեծ հաշվով նոր ծրագրեր չեն կարողանալու գործարկել, մյուս կողմից՝ մի քանի տարիների դրական դինամիկան առնվազն դանդաղելու է, եթե հակառակ ազդեցություն չունենա մարդկանց՝ ապագայի սպասումների վրա:

«Գիտուժի» անդամի խոսքով՝ հարցը տեղին է դիտարկել ոչ միայն ակադեմիական գիտության, այլեւ գիտական հետազոտությունների ու տեխնոլոգիական մշակումների ծախսերի տեսակետից: Ըստ Շահվերդյանի՝ հետազոտություններն ու մշակումներն այն գործիքն են, որոնք բարձրացնում են պետությունների մրցունակությունը:

«Եթե ուզում ես այդ գործիքը ճիշտ կիրառել, պետք է նպատակային օգտագործես, այսինքն՝ ելնես քո տնտեսական զարգացման, անվտանգային խնդիրներից, որովհետեւ ուրիշ ոչ ոք չի կարող լուծել քո անվտանգային խնդիրները: Այստեղ մենք լուրջ բացեր ունենք»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ 2021 թվականից «Գիտուժ» նախաձեռնությունն ակտիվ պայքարում էր ակադեմիական գիտության ֆինանսավորման ավելացման համար, որպեսզի սեղանին դրված ծրագրերը ֆինանսավորվեին: Տրամաբանությունն այն էր, որ ԽՍՀՄ-ից մնացած գիտական հետազոտությունների որոշ կարողություններ կային, որոնք պետք էր պահել:

«Հաշվի առնելով, որ այդ կարողություններն արագ չեն ձեւավորվում՝ շատ կարեւոր էր առնվազն պահպանել դրանք, կանգնեցնել գիտության վերացումը, որը տեղի է ունենում մեր երկրում, որովհետեւ աշխատանք է պահանջվելու, թե ոնց անենք, որ այդ կարողություններն իսկապես սկսեն արդյունք տալ՝ Հայաստանի կարիքներից ելնելով: Մեր նպատակն էր կանգնեցնել գիտության վերացումը, ապա, Կառավարության հետ աշխատելով, հստակեցնել պետության կարիքները, ձեւավորել կիրառական հետազոտությունների եւ մշակումների ծրագրեր»,- ասում է Տ. Շահվերդյանն ու հավելում, որ մինչ օրս պետական պատվերի համակարգը չի ձեւավորվել, ու չնայած այժմ արդեն նշույլներ երեւում են, դա բավարար չէ, եւ գիտությունը շարունակում է ֆինանսավորվել եղած տրամաբանությամբ: Ըստ մեր զրուցակցի՝ պարզ է, որ ակադեմիական գիտության մեջ չափորոշիչը որակյալ գիտելիքն է, որը չափվում է տպագրություններով, սակայն հարցն այն է, թե ինչպիսի առաջնահերթություններ են դրվում պետության կողմից, որպեսզի գիտելիքն ու մարդկային կապիտալը ծառայեն երկրին:

«Մեր ուզածն այն է, որ այդ առաջնահերթություններն ընտրվեն՝ ելնելով Հայաստանի կարիքներից: Մենք չենք էլ հասել այդտեղ, բայց արդեն սկսվում է ֆինասնավորման կրճատումը: Այստեղ իրականում Կառավարությունն է մեղավոր, որ, շարունակելով կիսատ տրամաբանությամբ ֆինանսավորել ընդհանուր հետազոտություններն ու մշակումները, այսինքն՝ մեծ չափով ֆոկուսը դնելով ակադեմիական գիտության վրա, գրեթե ջանք չի դրել մեր կարիքներից բխող գիտություն եւ տեխնոլոգիաներ պատվիրելու վրա»,- նկատում է «Գիտուժի» ներկայացուցիչը:

Ըստ Տիգրան Շահվերդյանի՝ պետք է հասկանալ, որ բազմաթիվ բացեր կան պետության մեջ: Օրինակ՝ նույն անվտանգային խնդիրը միայն ռազմականով սեգմենտով չեն սահմափակվում, կա նաեւ պարենային անվտանգություն: «Այսօր մեզ ոչ ոք չի կարող ցույց տալ որեւէ տող Հայաստանի պետբյուջեի մեջ, որը պարենային անվտանգության ապահովմանն ուղղված գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիական մշակումների համար է: Պետական կառավարման համակարգում չկա այդպիսի համակարգային միավոր, ինչ-որ մարմին, որը պատասխանատու է անվտանգային խնդիրները հետազոտությունների եւ մշակումների ծրագրերի վերածելու համար»,- ասում է մեր զրուցակիցը:

Նոյեմբերի 10-ին «Գիտուժի» մի քանի անդամներ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր հարցին, թե արդյոք իրենք բարձրաձայնել են վերը նշված խնդիրները, Շահվերդյանը պատասխանում է, որ հենց այդ նպատակով էլ կազմակերպվել էր հանդիպումը, բացի դրանից՝ ակնհայտ է, որ Կառավարությունում տեսել են թե՛ խնդիրը, թե՛ «Գիտուժի» հետեւողական աշխատանքը: Ըստ մեր զրուցակցի՝ հանդիպմանը ընդհանուր զգացողությունն այն էր, որ խնդիրը պետք է լուծել:

Շահվերդյանն ասում է, որ հանդիպմանը ԲԿԳԿ-ին հանձնարարվել է «Գիտուժի» հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանք գրել ու հետազոտություն անել այն մասին, թե որ մոդելն է կիրառելի Հայաստանի համար հատկապես անվտանգային խնդիրների մասով: Ընդ որում՝ անվտանգային խնդիրները տարբեր են, այդ թվում՝ առողջապահական (օդի աղտոտվածություն, քաղցկեղի տարածվածություն եւ այլն): Ներկայում «Գիտուժ» նախաձեռնությունը գործադիրի հետ աշխատում է մոդելի ձեւավորման ուղղությամբ, սակայն, ինչպես նկատում է «Հետքի» զրուցակիցը, տարեվերջին աշխատանքները դանդաղել են: «Բայց չենք թողնելու, որ երկրորդական պլան անցնի: Ցավալի է, որ այսքան դանդաղ է տեղի ունենում՝ «Գիտուժի» ստեղծումից հետո 4,5 տարի պահանջվեց, որ [Կառավարությունում] գոնե ընդունեն, որ խնդիր ունենք»,- ասում է Տիգրան Շահվերդյանը:

Առաջին նկարը՝ bitesizebio.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter