HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահագն Հովակիմյանը բացառում է, որ ԿԸՀ-ն ընտրություններին կզբաղվի «թվանկարչությամբ» 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը վստահ է, որ 2026 թվականին ավելի «բուռն և հաճախ է հանդիպելու» լրագրողների հետ։ Պատճառն այն է, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսված են և՛ Ազգային ժողովի, և՛ 46 համայնքում ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ նախագահն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի ամփոփի անցնող տարին և ներկայացնի գալիք տարվա անելիքները։

Նշենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԱԺ ընտրությունները, Սահմանադրության համաձայն, անցկացվելու են 2026 թ. հունիսին։ Թեև նախագահը դեռևս ընտրության օրը չի նշանակել, սակայն արդեն խոսվում է 2026 թ. հունիսի 7-ի մասին։ Ըստ Վ. Հովակիմյանի՝ պատճառն այն է, որ այդ 10-օրյա ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է, քանի որ ավանդույթի ուժով Հայաստանում ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ենթադրելի է, որ այս անգամ նույնպես կիրակի կնշանակվի։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ-ն պատրաստվում է ԱԺ հերթական ընտրություններին և արտահերթի սցենար չի քննարկվում։ Նրա դիտարկմամբ՝ գալիք ընտրություններում մոնիտորինգի և վերահսկողության նոր գործիքներ են կիրառելու՝ ֆինանսական և այլ թափանցիկությունն ապահովելու նպատակով։ Լիցենզավորված ծրագրերի ներդրմամբ համացանցում ամբողջությամբ վերահսկելի է դառնալու վճարովի քաղաքական գովազդը, ինչը հնարավորություն կտա պատշաճ դիտարկել ընտրություններն մասնակցող կուսակցությունների ֆինանսական հոսքերը։

46 համայնքում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ

Խոսելով ՏԻՄ ընտրությունների մասին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ 2025-ին նախատեսված չէին ՏԻՄ ընտրություններ, սակայն երեք համայնքներում՝ Փարաքարում, Գյումրիում և Վաղարշապատում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքները դատական կարգով չեն բողոքարկվել։ 

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ որևէ ահազանգ անտարբերության չի մատնվել, օպերատիվ արձագանքել են։ Չի եղել խնդիր, որը չի լուծվել, իսկ այն արարքները, որոնք պետք է առաջացնեին իրավական հետևանքներ, գնացել են այդ ուղղությամբ։

Անդրադառնալով լրագրողների մտահոգություններին, որ մինչև ԿԸՀ նախագահ ընտրվելը Հովակիմյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, և չի բացառվում, որ գալիք ընտրություններում զբաղվի «թվանկարչությամբ», Վահագն Հովակիմյանը բացառեց նման իրավիճակ։ Նրա խոսքերով՝ Հայաստանի ընտրական համակարգը լավն է, անձերով պայմանավորված որևէ գործողություն հնարավոր չէ անել։ Ինքն էլ պահում է քաղաքական չեզոքություն, և չի եղել մեկ դեպք, երբ դա խախտած լինի ու չի պատրաստվում ապագայում խախտել։

«Վաղարշապատում կուսակցություններից մեկը անցողիկ շեմը չէր հաղթահարել ընդամենը 16 ձայնով, սա արդեն ցուցիչ է»,- ասաց Վ․ Հովակիմյանը։

2026թ. 46 համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնցից 9-ը մարզկենտրոններում՝ Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Վանաձորում, Հրազդանում, Կապանում, Եղեգնաձորում, Իջևանում։ Բացառություն է միայն Գյումրին։ Այստեղ համամասնական ընտրակարգով ընտրությունները կայացել են 2025թ․ մարտի 30-ին։

Այս համայնքներում Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում առնվազն 1 հեռուստաբանավեճ կազմակերպել։

Ընտրություններ են սպասվում նաև Արագածոտնի մարզի Ապարան, Արարատի մարզի Արարատ, Մասիս, Արմավիրի մարզի Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նաիրի, Նոր Հաճըն, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։

Մեծամասնական ընտրակարգով էլ ընտրություններ են լինելու Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Այս համայնքները ազգային փոքրամասնություններով բնակեցված են և խոշորացված չեն։

Ատեստավորում՝ գիտելիքների ստուգման նպատակով

2024թ. փոփոխություններով ներմուծվեց հանձնաժողովների ատեստավորման համակարգ։ Նշենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է ոչ ավելի, քան 7 անդամից՝ 6 տարի ժամկետով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ սահմանվեց, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները ենթակա են ամենամյա պարտադիր ատեստավորման՝ հանձնաժողովի անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգման նպատակով։ Ատեստավորումն անցկացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի անմիջական մասնակցությամբ։ 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ատեստավորումն անցկացվում է ստուգարքի և հարցազրույցի միջոցով ատեստավորման հանձնաժողովի կողմից:

Վահագն Հովակիմյանն ասաց՝ երբեմն լինում էին դեպքեր, երբ 3 տարի ընտրություն չէր լինում ընտրատարածքում, գիտելիքի ստուգում չէր իրականացվում, ինչը խնդրահարույց է։

2025-ին 38 ընտրատարածքային հանձնաժողովների անդամները ատեստավորվել են։ Անդամներից 14-ը չի ներկայացել ատեստավորմանը, որոնցից 8-ը՝ անհարգելի։ Անհարգելի պատճառներով ատեստավորմանը չներկայացած հանձնաժողովի անդամները ատեստավորման հանձնաժողովի կողմից ճանաչվել են զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող։

Լուսանկարում՝ Վահագն Հովակիմյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter