Ինչպես է Կույրերի միավորումը գույքը երկարաժամկետ ու էժան հանձնում վարձակալության
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը խորհրդային տարիներին ուներ հարյուրավոր շենքեր և շինություններ Հայաստանի ողջ տարածքում։ 2000-ականների սկզբից այս անշարժ գույքերի նկատմամբ գրանցվեց կազմակերպության սեփականության իրավունքը։ Միավորումն իրեն պատկանող անշարժ գույքի մեծ մասը հանձնում է վարձակալության։ Այդ վարձավճարներից ձևավորվում է միավորման բյուջեի մեծ մասը։
Ամիսներ առաջ «Հետքը» գրել էր Կույրերի միավորմանը պատկանող տարածքների վարձակալության մասին։ Միավորման նախկին նախագահ Աբել Հակոբյանի ղեկավարման տարիներին ՀԿ-ի տարածքները վարձակալության էին տրվել նրա հետ փոխկապակցված անձանց, որոնք էլ իրենց հերթին ենթավարձակալության էին տվել այլ անձանց՝ մի քանի անգամ բարձր գնով։ Մենք ուսումնասիրել ենք նաև 2018 թվականից հետո կնքված վարձակալությունների գործարքները և պարզել, որ շուկայականից էժան գնով վարձակալության տալու դեպքերը շարունակվում են։
Իսահակյան 18 հասցեում Կույրերի միավորման կենտրոնական վարչության գրասենյակն է։ 2018-ին այս շենքի երկրորդ հարկի մեծ մասը՝ 245․3 քմ, վարձակալության է հանձնվել Մարինե Հասրաթյանին, 2019-ին՝ երկրորդ պայմանագրով, Մարինե Հասրաթյանը նույն հասցեի նույն հարկում վարձակալել է ևս 128.6 քմ տարածք։
Վարձակալության առաջին պայմանագիրը կնքվել է 2018-ի հոկտեմբերի 31-ին՝ 20 տարով, այսինքն՝ մինչև 2038-ի նոյեմբերի 1-ը։ 245․3 քմ տարածքի համար վարձակալը Կույրերի միավորմանը ամսական վճարելու է 735 հազար 900 դրամ։ Ընդ որում, պայմանագրում նշված է՝ տարածքի վարձակալության գումարը վճարվելու է 4-րդ ամսից սկսած, քանի որ առաջին երեք ամիսների վարձակալության գումարով Մարինե Հասրաթյանը պարտավորվում է կատարել տարածքի բարեկարգման և հարդարման աշխատանքներ։
Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2019-ի սեպտեմբերի 30-ին, կրկին՝ 20 տարով, մինչև 2039-ի հեկտեմբերի 15-ը։ Պայմանագրով Մարինե Հասրաթյանը 128.6 քմ վարձակալելու համար ամսական վճարելու է 399 հազար դրամ։ Ստացվում է՝ Մարինե Հասրաթյանը Իսահակյան 18 հասցեում վարձակալել է 373.9 քմ, որի համար «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ին ամսական վճարում է 1 մլն 134 հազար 900 դրամ, այսինքն՝ 1 քմ-ի համար 3035 դրամ։
Մեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մարինե Հասրաթյանը 2020 թվականին Իսահակյան 18 հասցեում 38․7 քմ տարածք ենթավարձակալության է հանձնել 11 ամիս ժամկետով, որի համար ենթավարձակալը ամսական վճարել է 240 հազար դրամ, այսինքն՝ մեկ քմ-ի համար 6,202 դրամ։ Նույն հասցեում 47․6 քմ տարածք Մարինե Հասրաթյանը 2019-ին ենթավարձակալության է հանձնել մեկ տարով, որի համար ամսական վճարը կազմել է 320 հազար դրամ՝ մեկ քմ-ի համար 6,723 դրամ։ Սրանք միայն մեր ձեռքի տակ եղած տվյալներն են, չի բացառվում՝ Մարինե Հասրաթյանը մնացած տարածքները ևս ենթավարձակալության է հանձնում։ Ընդ որում՝ այս գները 5 տարվա վաղեմության են, այժմ վարձակալության գներն էապես աճել են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ենթավարձակալության գինը ևս ավելացել է։
Մարինե Հասրաթյանի հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ ՀԿ-ն կարող է վաղաժամկետ դադարեցնել պայմանագիրը, եթե վարձակալը երկու ամսից ավելի չի վճարում սույն պայմանագրով սահմանված վարձավճարը կամ խախտում է պայմանագրով սահմանված մյուս պարտականությունները։ Իսկ վարձակալը կարող է խզել պայմանագիրը՝ երեք ամիս առաջ տեղյակ պահելով վարձատուին։
Ի՞նչ էր ասում ՀԿ-ի նախագահը
Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը նշել էր, որ իր համար խնդրահարույց են կնքված երկարաժամկետ պայմանագրերը։ Նա նաև նշել էր, որ իր ընտրությունից հետո՝ 2018-ի սեպտեմբերից, միավորումը սկսել է երկարաժամկետ պայմանագրեր չկնքել։ Սակայն, Կույրերի միավորման և Մարինե Հասրաթյան Ա/Ձ-ի միջև կնքված պայմանագրերը 20 տարով են։
Ինչպե՞ս է ստացվել, որ այս պայմանագրերը կնքվել են 20 տարի ժամկետով և շուկայականից էժան գնով։ Այս հարցն ուղղեցինք Ռաֆիկ Խաչատրյանին։ Նա նշեց, որ այդ ժամանակ Միավորումն աշխատավարձի եւ նպաստի կուտակված պարտքեր ուներ։
«Շատ դժվարությամբ գտանք մարդու, որ համաձայնեց վարձակալել այդ տարածքը։ Բանակցությունների արդյունքում որոշվեց պայմանագիրը կնքել 20 տարով»,- ասաց Խաչատրյանը։ Նա չհամաձայնեց այն պնդմանը, թե տարածքները վարձակալության են տրվել էժան գնով։ Նրա խոսքով՝ տարածքը եղել է վատ վիճակում, այն կարգի բերելու համար անհրաժեշտ են եղել ֆինանսական միջոցներ, որոնք Կույրերի միավորումը չուներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել