Հյուսվող հիշողություններ. հայ ժողովրդի պատմությունը մեկ ընտանիքի օրինակով
«Երբ իմ նախնիները, հորս և մորս ընտանիքները Լիբանանից և Եգիպտոսից ներգաղթեցին Հայաստան, բերել էին այն ամենը, ինչ իրենց համար թանկ էր. իրենց ծննդյան, մկրտության վկայականները, ընտանեկան լուսանկարներ, ասեղնագործ սփռոցներ, կաթողիկոսական կոնդակներ և էլի շատ բաներ։ Այս ամենը ծնողներս մինչև վերջ պահեցին իրենց փոքր տան մեջ։ Ես գիտեմ, որ հին տուփերի, թղթապանակների մեջ նրանք ոչ թե իրեր էին պահում, այլ իրենց և մեր ինքնությունը՝ մտածելով, հավատալով, որ գուցե մի օր ինչ-որ մեկը դրանք կբացի։ Հիմա մենք կանգնած ենք այդ պահի մեջ»,- այսպես սկսեց իր խոսքը ցուցադրության նախաձեռնող Արմինե Տեր-Ղևոնդյանը։
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվեցին Տեր-Ղևոնդյան-Չորբաջյան և Խաչատուրյան-Դևեջյան չորս մեծ ընտանիքներից ժառանգություն մնացած ուշագրավ լուսանկարներ, պատմական վկայություններ, նամակներ, ձեռագործ պարագաներ։ Ցուցանմուշները 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերից չորս հայ ընտանիքների անցած երկար և բարդ ճանապարհի նյութեղեն վկայություններն են՝ ժամանակի իրադարձությունների համատեքստում։
Ցուցադրության մեջ ներկայացված են չորս ընտանեկան ճյուղեր, որոնք խաչվում են Արմինե Տեր-Ղևոնդյանի սերնդի հետ։ Նրա հոր հայրական ճյուղը՝ Տեր-Ղևոնդյանները, մոտ երկու հարյուր տարի շարունակ եղել են Մարաշ քաղաքի հոգևորական վերնախավը։ Հոր մայրական կողմը՝ Չորբաջյանները, Մարաշի մեծահարուստ գերդաստաններից մեկն է եղել։ Մոր հայրական կողմը՝ Դևեջյանները, Արաբկիրից են, մայրական կողմը Այնթափ քաղաքում հայտնի Խաչատուրյան ընտանիքն է։
Ցուցադրությանը ներկայացված ժառանգությունը բազմաշերտ է։ Դրանցից մեկը լուսանկարներն են։ Օրինակ՝ 1946թ.-ին Բեյրութի նավահանգստից Բաթումի մեկնող ներգաղթյալ հայերին տեղափոխող «Տրանսիլվանիա» նավի լուսանկարները, որտեղ երևում են հայրենադարձների լիահույս դեմքերը։
Սիրիայի և Լիբանանի հայերի ներգաղթի կոմիտեի նախագահը Արմինե Տեր-Ղևոնդյանի մորական պապ, Պրահայի համալսարանի շրջանավարտ, Բեյրութում «Առավոտ» թերթի հիմնադիր Հրանտ Դևեջյանն էր։ Այս նավով է 1946 թ.-ին նա իր ընտանիքի հետ ներգաղթել Խորհրդային Հայաստան։ 1949 թ.-ին Հրանտ Դևեջյանն անհայտ հանգամանքներում սպանվել է։
Ցուցադրության մեջ մեծ տեղ են զբաղեցնում ձեռագործ իրերը։ Ներկայացված են Արմինե Տեր-Ղևոնդյանի մարաշցի և այնթափցի տատերի և նրա մոր ձեռքի աշխատանքները, ասեղնագործությունները։
Ցուցադրության կենտրոնում մկրտության մանկական հագուստն է, Արմինե Տեր-Ղևոնդյանի տատն այն պատրաստել է 1937թ.-ին՝ Հալեպում, Սուրբ քառասնից մանկանց առաջնորդական եկեղեցում, դստեր մկրտության առթիվ։ Հագուստի վրայի ծաղիկները մետաքսե թելով ձեռագործ են։
«Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում է պատրաստել, միշտ դա լսել եմ մորիցս ու պատկերացրել, որ երևի գիշերներն էլ է աշխատել ու այդ պատկերը միշտ գալիս է աչքիս առաջ, որ մի փոքր ճրագի լույս է ունեցել, մի կողմից աշխատել է, մյուս կողմից ճոճել է օրորոցը, և արդյոք այդ պահին ինքը երբևէ պիտի պատկերացներ, որ դրանից իննսուն տարի անց պիտի ցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, և իր թոռնուհին, որ պիտի կրեր իր անունը, այդ մասին պիտի խոսի, կամ արդյոք կմտածեր, որ դրանից հետո բոլոր սերունդները պիտի մկրտվեն այդ հագուստով»,- ասում է Արմինե Տեր-Ղևոնդյանը։
Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում անընդհատ ստեղծել և ստեղծագործել է, հետո գաղթել՝ այդ ամենը թողնելով հերթական երկրում։ Բռնագաղթի և ջարդերի հետևանքով հարյուր հազարավոր հայ արհեստավորներ կորցրեցին իրենց ձեռքի աշխատանքները, դրանք հափշտակվեցին, վաճառվեցին՝ երբեք չնշելով, որ հայի գործեր են։
Արմինե Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ այս ցուցադրության առանցքում ընտանեկան ժառանգության պահպանության և արդիականացման կարևորության գիտակցումն է։
«Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև 2026թ.-ի մարտ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել