HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցական ճաշարաններում հաճախ արձանագրվող խախտումը աշխատակիցների պարբերական բժշկական զննության բացակայությունն է

Սննդի անվտանգության տեսչական մարմնի վերջին երկու տարիների ստուգումները ցույց են տալիս, որ Հայաստանի դպրոցների ճաշարաններում ամենահաճախ կրկնվող խախտումը ճաշարաններում աշխատողների պարբերական բժշկական զննության և միջատների ու կրծողների դեմ պայքարի բացակայությունն է։ 

2025 թվականին (դեկտեմբերի 18-ի դրությամբ) Հայաստանի դպրոցների ճաշարաններում Սննդի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է ընդամենը 7 ստուգում։ Նախորդ տարի ՍԱՏՄ-ն իրականացրել էր 10 ստուգում։ 

2024 թվականին ստուգումներն ընդգրկել են երեք մարզ՝ Վայոց ձոր, Սյունիք և Տավուշ։ 

Վայոց ձորի մարզում ստուգվել են Ջերմուկ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Ջերմուկ քաղաքի կրթահամալիրի, Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանները։ 

Սյունիքի մարզում ստուգվել են Կապան քաղաքի 10-րդ, 11-րդ, 12-րդ միջնակարգ դպրոցների, Կապան քաղաքի Դավիթ Բեկ միջնակարգ դպրոցի, Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի և Ճակատեն գյուղի հիմնական դպրոցի ճաշարանները։  

Տավուշի մարզում դպրոցական մեկ ճաշարան է ստուգվել՝ Դիտավան գյուղի հիմնական դպրոցինը։ 

2024 թվականի ստուգումների արդյունքում բացահայտված 7 խախտումներից երկուսը եղել են Վայոց ձորի դպրոցներում՝ Գլաձորի միջնակարգ դպրոցի, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան հիմնական դպրոցի ճաշարաններում, 5 խախտում էլ արձանագրվել է Սյունիքի մարզում՝ Կապանի 11-րդ, 12-րդ և Դավիթ Բեկի անվան միջնակարգ դպրոցների, Օխտարի և Ճակատենի դպրոցների ճաշարաններում։ 

Նշված ճաշարաններից հինգում բացակայել է բժշկական պարբերական զննության մասին նշումը, սրան զուգահեռ երեք ճաշարաններում չի պահպանվել կրծողների դեմ պայքարի պարբերականությունը։ 

Խախտումներ չեն եղել Դիտավանի հիմնական դպրոցում, Ջերմուկ քաղաքի կրթահամալիրում և Կապանի 11-րդ դպրոցում։  

2025 թվականին ստուգումներն անցկացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Վայոց ձորում ստուգվել է դպրոցական 5 ճաշարան՝ Վայք քաղաքի հիմնական դպրոցի, Գոմքի, Գնդեվազի, Արտավանի և Հերհերի միջնակարգ դպրոցներինը։ Եվս երկու ստուգում իրականացվել է Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքի Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 դպրոցում և Ծովասար գյուղի Բ․ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում։ 

2025 թվականին խախտում է հայտնաբերվել երեք ճաշարանում, երեքում էլ՝ բժշկական պարբերական զննության խախտում։ 

Գնդեվազի, Գոմքի, Արտավանի և Մարտունու դպրոցների ճաշարաններում խախտումներ չեն գրանցվել։ 

Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ խախտում թույլ տված պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն՝ տուգանք։ Որևէ դպրոցի խոհանոցի գործունեություն չի կասեցվել։ 

Կառավարության սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշման 55-րդ կետի համաձայն՝ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և ունենա սանիտարական գրքույկ։ 

Հ․Գ․ Կրթության նախարարության տվյալներով՝ Հայաստանում գործում է 1299 դպրոց, իսկ ճաշարանների և բուֆետների ընդհանուր թիվը 1501 է։ 

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter