Տունը չկա, գումարը՝ նույնպես. «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ն գումարը չի վերադարձնում քաղաքացուն
Արամ Ցականյանը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում էկո տնակ ձեռք բերել։ Այդ նպատակով նա վարկ էր ձևակերպել և 2024 թ. դեկտեմբերի 27-ին 4.850.000 դրամ կանխավճար փոխանցել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ին: Ընկերության սեփականատերը Իրինա Բիջոյանն է:
Կնքված պայմանագրով՝ ընկերությունը պարտավոր էր կանխավճարը ստանալուց հետո 80 օրվա ընթացքում տնակը հանձնել գնորդին։ Սակայն մոտ երկու ամիս անց Ցականյանը պարզել է, որ դեռ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Քանի որ Հայաստանից պետք է մեկներ, «Էկո պրոյեկտ»-ի նկատմամբ վստահությունը կորցնելով, որոշել է լուծարել պայմանագիրը։ 2025 թվականի փետրվարի 25-ին Արամ Ցականյանը դիմում է ներկայացրել պայմանագիրը լուծարելու և գումարը վերադարձնելու պահանջով։ Անցել է գրեթե մեկ տարի, սակայն գումարը չի վերադարձվել։
Ցականյանը մի քանի անգամ հանդիպել է ընկերության տարբեր աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, թե կվերադարձնեն գումարը, այն չեն ծախսել։ 2025 թվականի մայիսի 12-ին ընկերության տնօրենը՝ Իրինա Բիջոյանը, գրավոր պարտավորվել է մինչև նույն թվականի օգոստոսի 8-ը վերադարձնել Ցականյանի ամբողջ գումարը։ Ժամկետը լրացել է, սակայն գումարը դեռ չեն փոխանցել։
«Հետքը» զանգահարեց ընկերության սոցիալական էջում նշված հեռախոսահամարով։ Մոտ 10 օր սպասեցինք, որ մեզ հետ կապ հաստատի տնօրենը, սակայն նա այդպես էլ չզանգահարեց։ Կազմակերպության վաճառքի մենեջերը՝ Զեփյուռ Թորոսյանը, պատասխանեց մեր հարցերին։ Նա նշեց, որ ըստ պայմանագրի՝ ընկերությունը պարտավոր է 25 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել գումարը։ Սակայն Ցականյանի գումարը չեն փոխանցել:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ պատճառն այն է, որ Արամ Ցականյանը սպառնացել է դիմել դատարան, և իրենք որոշել են սպասել դատական գործընթացին՝ անտեսելով պայմանագրային ժամկետը և տնօրենի ստորագրած պարտավորագիրը։
Հարցին՝ թե ինչու են խախտել պայմանագրի և պարտավորագիր կետերը, Զեփյուռ Թորոսյանը չկարողացավ պատասխանել։
Արամ Ցականյանը «Էկո պրոյեկտ»-ից միակ տուժածը չէ, ՍՊԸ-ի դեմ ներկայում 13 դատական գործ կա, հիմնականում՝ պայմանագիրը լուծարելու և գումարի բռնագանձման պահանջով։ Արամ Ցականյանի փաստաբանի խոսքով, կնքված պայմանագիրը միակողմանի է, ամեն ինչ գրված է հօգուտ կազմակերպության։ «Ընկերությունը պետք է կատարեր իր պարտավորությունները, ոչ թե սպասեր՝ քաղաքացին դիմի դատարան»,- ասում է փաստաբանը։
Արամ Ցականյանը դիմել է դատախազություն, որն էլ քննությունից հետո գործն ուղարկել է դատարան։
Ֆեյսբուք սոցիալական հարթակում 5 էջ կա (ուսանողի էկո տունը Երևանում, էկո նորակառույցներ էկո բնակարաններ, Արին Բերդ բնակելի թաղամաս, Արին Բերդ բնակելի էկո կոմպլեքս, Արին Բերդ վարձով բնակելի թաղամաս), որոնցով գովազդվում են էկո տնակները։ Այդ թաղամասում հողատարածքի արժեքը 20.000 դրամ է 1քմ-ի համար, ձեռք բերման նվազագույն մակերեսը 100 քմ է (այսինքն՝ 100քմ հողամասի արժեքը 2 մլն դրամ է)։ Սակայն հողատարածքը տրամադրվում է կառավարման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, առանց սեփականության փաստաթղթի։ Տնակների արժեքը տարբեր է, կախված նյութից (քար, փայտ)՝ այն կարող է տատանվել 160 - 250 հազար դրամի սահմաններում՝ առանց վերանորոգման։ Մեզ հետ զրույցում ընկերության աշխատակիցը նշեց, որ տնակը պատրաստ է լինում 3-5 ամսում։
Այս պահին էլ սոցիալական ցանցերում ակտիվ գովազդվում է «Էկո պրոյեկտ»-ի արտադրանքը։ Ընկերությունը մրցույթ է կազմակերպել բլոգերների համար։
Հաղթողը կշահի էկո տնակ Արին Բերդում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել