HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Ձմեռ պապին

9-ամյա Գոռը բակում ճյուղեր է մասնատում: Բոբին՝ նրա շունը, անհանգիստ ձգվում է դեպի տղան՝ թաթերը դնում ուսին: Գոռը շանը խնդրում է հեռու մնալ, որ գործն արագ անի:

Տղան բարակ ճյուղերն ու փայտի կտորները տուն է տանում վառարանի համար:

Գոռի մորը՝ Դիանային, հանդիպեցինք գյուղի եկեղեցու մոտ: Մեկ շաբաթ է՝ նա աշխատում է հացի փռում: 39-ամյա Դիանան գործից մի պահ դուրս էր եկել՝ մեզ հանդիպելու: Հողաթափերով էր, առանց վերարկուի ու առանց ժպիտի: Նա ժպիտն ու լիարժեք ուրախությունը, կարծես, թողել է հարազատ բնակավայրում՝ Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում:

Մասիսի Նորաբաց գյուղում ենք՝ Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների տանը: Հյուրասենյակում բոլորը հավաքվել են վառարանի ջերմության շուրջ: Գոռը նստել է բազմոցին, նրա կողքին կրտսեր քույրն է՝ Անահիտը, իսկ ավագ երեխաները ներսուդուրս են անում:

Տան վարձակալության համար ամսական 150 հազ. դրամ են վճարում: Տանտերը սկզբում 100 հազար էր ասել, բայց երբ Գրիգորյանները պետք է տեղափոխվեին, մտափոխվել էր՝ 50 հազարով բարձրացնելով վարձը: Ընտանիքն այլընտրանք չի ունեցել:

Հյուրասենյակում լսվում է այրվող փայտի ճարճատյունը, որը շուտով Գոռի ուրախ զրույցների մեջ կորում է:

Գոռն առավոտից փորձել էր վերանորոգել հեծանիվը, բայց չէր ստացվել: Հեծանիվին նոր շղթա է պետք, բայց դրա համար գումար դեռ չեն նախատեսել:

Ծնողներն ու ավագ երեխաները լուռ են, բայց Գոռը բոլորի փոխարեն հասցնում է պատմություններ պատմել: Անսպասելի կետից է սկսում զրույցը:

-Ես ասեմ ձեզ՝ խոզերս թողել եմ Ղարաբաղում: Ի՞նչ եմ բերել՝ մի հատ ավտո եմ բերել, մեկ էլ մարդկանց:

-Գոռ, ամենաշատն ի՞նչ ես կարոտում:

-Խոզերիս, որ մնացին Ղարաբաղում,- պատասխանում է, հետո արագ ուղղում,- է՜, չէ, հեծանիվս:

Բայց քիչ անց նորից մտափոխվում է. «Չէ, խոզերիս»:

Գոռի տատն ու պապը, Դիանան ու 5 երեխաները 2023-ի աշնանը մի հնամաշ «06»-ով են տեղափոխվել Արցախից, իսկ հայրը՝ Արթուրը, տրակտորով է եկել ծանոթներից մեկի հետ: Դիանան ասում է՝ ամուսնուն զգուշացրել էին, որ բենզին կարող է չլինի, թող դիզվառելիքով աշխատող տրակտորը վերցնի, որ ընտանիքը կարողանա տեղափոխել:

-Գոռ, ինչո՞վ էիր զբաղվում Արցախում,- նրա կողքին նստելով՝ հարցնում եմ ես:

-Պապայի հետ խոզեր եմ պահել, հեծանիվ եմ քշել, ընկերներիս հետ եմ խաղացել,- պատասխանում է ու ժպտում:

-Բա հիմա ի՞նչ ես անում:

-Չարություն, ի՞նչ եմ անում,- լռությունը պայթում է ծիծաղով, որը կրակի կտորների պես լցվում է հյուրասենյակում:

-Օրինակ՝ ի՞նչ չարություն ես անում:

-Ի՞նչ իմանամ, է,- ծիծաղում է 9-ամյա տղան ու շարունակում- չեմ թողնում, որ տխրեն, բայց դե տխրում են:

Տան մեծերը նորից լուռ են: Պապը՝ Սուրիկ Գրիգորյանը, հոգոց է հանում: Աշանում մեխանիզատոր էր, գյուղտեխնիկա ուներ, վարուցանք էր անում:

Կինը՝ Զոյա Գրիգորյանը, երբեմն լրացնում է ամուսնու պատմածը: Ուղիղ 50 տարի միասին ապրել են Աշանում եւ չեն պատկերացրել, որ մի օր ամեն ինչ թողնելու են, դուրս գան:

2023 թ. սեպտեմբերի 19-ը սովորական օր էր թվում: Տիկին Զոյան լոլիկի պահածոներ, հոնի կոմպոտ էր պատրաստում, ամուսինն էլ այգում էր, երբ լսեցին արկերի պայթյունների ձայնը:

Նրանց 7 երեխաներից կրտսերը Գոռի հայրն է՝ Արթուրը, որն ապրում էր Աշանում՝ ծնողներից փոքր-ինչ հեռու: Նա այդ օրը պիտի հացահատիկ աղար հարեւան գյուղում, հետո վերադառնար ու բարձրանար դիրքեր: Արթուրն աշխարհազորից էր: Դիանան էլ մաքրուհի էր աշխատում գյուղի զինանոցում, որտեղ աշխարհազորի զենքերն էին պահում:

Արթուրը սովորականի պես տուն էր եկել, Գոռն ու Իլոնան իջել էին այգում ընկույզ հավաքելու, Վարդուհին ու Զոյան էլ դեռ դպրոցում էին: Այդ ժամանակ երեխաներից ամենափոքրը՝ Անահիտը, վազել էր մոր մոտ, ասել՝ «մամ, խփում են»: Անահիտը նոր էր ընդունվել առաջին դասարան: Դիանան սկսել էր հանգստացնել երեխաներին, թե խփում են, որ կարկուտ չգա:

Երբ Վարդուհին ու Իլոնան եկել էին դպրոցից, ընտանիքը գնացել էր հարեւանի տուն, որտեղ ավելի ապահով էր: Ամբողջ գիշեր անցել էր կրակոցների, արկերի ու ռումբերի պայթյունների տակ: Դիանան ասում է՝ մտածում էին, որ ադրբեջանական զորքերը Աշան են մտնելու: Ամենաշատը վախեցել էին երեխաները, եւ նրանց վախերը մինչ օրս դեռ չեն անցել:

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Արթուրն արդեն առաջնագծում էր, բայց նրանց դիրքն արդեն գրավված էր: «Պոստն արդեն վերցրել էին, տղերքը նահանջել էին 1,5 կմ: Բայց կարողացան բոլորին փրկել, զոհ չունեինք»,- ասում է 38-ամյա Արթուր Գրիգորյանը: Երեք օր նրանք դիրքերում էին մնացել մինչեւ զանգել էին ու ասել, որ հետ քաշվեն, ծանր զենքը թողնեն տեղում, իսկ թեթեւն իջեցնեն գյուղ:

«Մինչեւ վերջին օրն էլ ասում էի՝ գնալու ենք քաղաք, նորից հետ գանք, չենք պատկերացրել, որ Ղարաբաղից պիտի դուրս գանք»,- նշում է Արթուրը:

Մինչեւ 2020 թ. պատերազմը Աշանում Գրիգորյանների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր՝ հացահատիկ ու բանջարեղեն էին աճեցնում: Տրակտորներ ունեին, կարիքի մեջ չէին:

2019 թ. Արթուրն իրենց տան դիմաց գտնվող մի հին տուն էր առել ու դարձրել գոմ: Հավ, ճագար ու խոզ էր պահում:

2023-ի բռնագաղթի մասին զրույցի ժամանակ 76-ամյա Սուրիկ Գրիգորյանը խոր հոգոց է հանում ու դուրս գալիս հյուրասենյակից: Ծանր դադար է, վառարանից լսվում է արդեն մարող կրակի ձայնը:

-Ամեն ինչ թողեցինք, եկանք, բայց աչքիս չի երեւում ոչինչ, մենակ մեր գերեզմանների համար եմ մտածում՝ ախպեր ունեի, հերս ու մերս, երեխա…,- սա ասելուց հետո Դիանան նայում է հեռու ինչ-որ կետերի, հետո աննկատ սրբում աչքերը:

Հարեւան սենյակից լսվում են երեխաների ձայները: Տոնածառը զարդարել են, նամակներն ուղարկել Ձմեռ պապին:

-Ես Ձմեռ պապիկից խնդրել եմ սամակատ, Արցախ գնալ ու մեկ էլ արջուկ խաղալիք,- ասում է 8-ամյա Անահիտը:

-Ես էլ՝ պուլտով «06», էլեկտրական սամակատ, բայց դե մոռացա, որ դրա փոխարեն ուղղակի հեծանիվ գրեմ,- ասում է 9-ամյա Գոռը:

15-ամյա Զոյան զարդեր է խնդրել, 14-ամյա Վարդուհին՝ ականջակալ, 13-ամյա Իլոնան՝ հագուստ եւ, ինչպես ինքն ասում, «մի փոքրիկ նվեր»:

Քիչ անց Գոռը հարեւան սենյակից բերում է տոնածառն ու դնում հյուրասենյակի փոքր սեղանին: Զոյան սառը խոհանոցում սուրճն է դնում գազօջախին, իսկ Դիանան մի բուռ կոնֆետ է դնում սեղանին: Մինչ սուրճը կեփի, շրջում ենք տան սենյակներով:

-Պահարաններ չունե՞ք,- հարցնում եմ Դիանային:

-Չէ, խանութից ձվի, տարբեր ապրանքների արկղեր եմ բերում, որ գոնե շորերը գետնին չմնան,- ասում է նա:

Սենյակները ցուրտ են, երբեմն տաքացուցիչ են միացնում կարճ ժամանակով, որ հոսանքի գումարը շատ չլինի:

Տան վարձը վճարում են արցախցի երեխաներին տրվող աջակցության գումարով: 

Արթուրը Նորաբացից փոքր-ինչ հեռու 100 հազ. դրամով անասնագոմ է վարձակալել, որտեղ արդեն մեկ տարուց ավելի խոզ է պահում: Խոզերը մորթում է, գոմի վարձը վճարում, կեր գնում:

Եթե գումարը հերիքում է, պատրաստի կեր է գնում, եթե ոչ, ինքն է պատրաստում: 2024-ի աշնանը Կարմիր խաչից 400 հազ. դրամ աջակցություն էր ստացել, որով էլ խոզեր է ձեռք բերել: Գումար ստացել է եւս մի աջակցության ծրագրով ու նորից խոզեր է գնել: Նպատակ ունի կենդանիների թիվը շատացնել:

Արթուրի «06»-ով հասնում ենք գոմ, որը Նորաբացից մի 6 կմ հեռավորության վրա է: Արթուրն ասում է, թե մի քիչ ուշացել է. սովորաբար շուտ է գալիս, գոմի դուռը բացում, օդափոխում: Տանիքը կաթկթում է, տարածքը խոնավ է: Նորածին գոճիների համար տաքություն ապահովող լույսեր է միացրել, ծածկել վրանով:

Խոզերի ամբողջ խնամքն Արթուրի ուսերին է, նաեւ Գոռն է օգնում:

Ցույց է տալիս դեղերը, որ ամեն ամիս գնում է: Ասում է՝ նույնիսկ եթե այդ ամիս դրանք պետք չլինեն, միեւնույնն է՝ գնում է, քանի որ եթե հանկարծ կենդանին հիվանդանա, ու դեղ չլինի, մինչեւ խանութից գնա բերի, խոզը կարող է սատկել:

Գոմի նախամուտքում երկու մեծ սարք է դրված: Դրանցից մեկով կերն է խառնում՝ գարի, ցորեն, եգիպտացորենն ու թեփ, մյուսով մանրացնում է:

Ամանորի նախօրեին Արթուրը մորթ է անելու, բայց գումարը տուն չի մտնի. որոշել է 20 գոճի գնել ու կեր, բայց ժպտում է՝ Նոր տարվա սեղանի միսը կունենան:

Արթուրի նպատակը ֆերմա ունենալն է: «Ուզում եմ էնպիսի արդյունքի հասնեմ, որ [տնեցիները] կոստյումը հագած գնան-գան: Սա մենակ Գոռի համար չէ, բոլորի համար է»,- գոմի բակում ասում է Արթուրը:

Շղթայով կապված Բոբին մոտենում է Արթուրին, նա շոյում է շանն ու նայում Գոռին: 9-ամյա տղան նորից ճյուղեր է կտրատում, որոնցով պիտի տաքացնի հյուրասենյակը:

Գոռը երեւի չի էլ պատկերացնում, որ վառարանից ավելի շատ ինքն է ջերմություն տալիս ընտանիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter