Տուլուպը
Հերթափոխը հանձնող տղերքից մեկը խնդրեց, որ շան ձագերին լավ նայենք, ասացինք՝ լավ, կնայենք։ Թաղել երեքին միասի՞ն, թե առանձին փոսերում. օրեր հետո սա էր լինելու շան ձագերի հետ կապված միակ հարցը։ Երեք հազար մետր բարձրության վրա հողը սառած էր, բահերը՝ բութ։
Հասանք դիրք։ Հարցեր ենք տալիս մեզ ուղեկցող սպային, որը թափքին կանգնած հրահանգ էր տալիս զենք-զինամթերք իջեցնող նորեկներին։
-Խախա՞նդ են էս կողմերը։
-Մեկ-մեկ կրակոցներ լինում են, բայց ընդհանուր հանգիստ է։
-Իսկ էս կողմերում որտեղո՞վ է անցնելու սահմանը, երբ էն զատումներով գան էստեղ։
-Էդ զատումով որ գնա, էս դիրքը, որ բարձրանում եք, իրենց է անցնելու, բայց բլինդաժը մնում է մեզ մոտ։ Քարտեզներով, որոնցով պիտի անեն էդ սահմանազատումը, գիծն անցնում է էս երկուսի մեջտեղով։
-Այսինքն տասչորս օր պահելու ենք դիրք, որը պետք է հետո տա՞նք։
-Այսինքն՝ արագ իջեցրեք էս ամեն ինչը, որ հանձնում-ընդունումը օրը ցերեկով անենք։
Իջնող հերթափոխն ամեն պահի կարող էր պայթել սպայի հարցերից։ Խրամուղին լցված էր 14 օրվա չտրորված ձյան շերտով։ Հանձնում-ընդունումն արեցինք։ Մեզ փոխանցեցին զենք-զինամթերք, մեկ տուլուպ և շան երեք հյուծված ձագ։ Դիրքերից իջնող մեքենաներից մեկը շուռ եկավ ճանապարհին, զոհեր չկան։
Հավաքներով եկած տասներեք դիրքապահ և ոչ մի զինվորական, առջևում՝ մարտական հերթապահության երկու շաբաթ։
«Մոտս խունկ կա»,-ասաց Էդոն։ Օծեցինք դիրքն ու բլինդաժը, խորհրդավոր ընթրեցինք ու անցանք դիրքը մաքրելուն։
Հերթապահությունն անցնում էր սահուն, ըստ մեր մշակած նոր կանոնադրության, հիմքում անցած ծառայության ու պատերազմի հիշողություններն էին։ Մեր ինքնավար դիրքային կյանքը հսկվում էր վերադասի կողմից կապի միջոցով: Դժվարանցանելի մեր բարձունք ոչ ոք չէր գալիս, նույնիսկ դիմացի սարին դիրքավորված հակառակորդը, որին դիտարկում էինք օր ու գիշեր։
Ուտելիքի առատությունից խոհարար կարգված Գեղամը կարողանում էր պատրաստել ճաշատեսակներ ոչ միայն հայկական խոհանոցից, այլև իտալական, երբեմն՝ ֆրանսիական։ Միայն շան ձագերն էին վատ սնվում, իսկ վերջին շաբաթը սկսեցին փսխել։ Մի գիշեր էլ ձագերին անշնչացած գտանք, կուճուրած մարմինները՝ տուլուպի մեջ, որը գցել էինք վրաները, որ չմրսեն: Հետո պետք է պարզվեր՝ էնտերիտը աղիքային հիվանդություն է, չպատվաստելու դեպքում անկում են, հետո էինք իմանալու։
Երեքով էինք արթուն, Անդոն շուն չէր սիրում, ասաց՝ չի կպնի, Գեղամը շատ էր սիրում, հուզված էր, մնացի ես։ Տուլուպի մեջ գրկեցի երեքին էլ ու իջեցրի ձոր։ Վերադարձա բահի հետևից, երկուսը ծխում էին, ես դեռ գործ ունեի անելու։ Բահով վերադարձա շների մոտ, մտածեցի՝ առանձին երեք փոս փորել, բայց հողը պինդ էր։ Քերեցի որքան կարող էի՝ մի փոքր խոռոչ: Տուլուպով փաթաթված շներին դրեցի այնտեղ ու ծածկեցի հողով։ Նայեցի շուրջս, հիշեցի սպայի ասած սահմանազատման գիծը. շները կմնա՜ն հայրենիքում։
Մեկ շաբաթից եկան մեզ փոխարինելու, դիրքերը մաքուր էին, զենք-զինամթերքը՝ տեղը, չկար միայն տուլուպը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել