Սամվել Կարապետյանի կալանքը փոխվեց տնային կալանքով ու գրավով
Այսօր՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է: Կիրառվել է տնային կալանք և գրավ: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
«Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի՝ տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը՝ Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը:
Նշենք, որ Քրեական դատավարության 289-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2025թ. հունիսի 17-ին news.am կայքի հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Հաջորդ օրը Սամվել Կարապետյանը կալանավորվեց:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին փոփոխվել և նոր մեղադրանք էր առաջադրվել Սամվել Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել