Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Այս մասին «Հետք»-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Դրանց էլ ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, 2025թ. հունիսի 17-ին news.am կայքի հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառումը:
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ 2025թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարող է ազգայնացվել, եթե մեկ ամսվա ընթացքում չներկայացվեն հստակ մեխանիզմներ՝ քաղաքացիներին հասցված վնասի փոխհատուցման համար։ Ըստ նրա՝ արդեն մշակվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրենքի նախագիծը:
Նույն օրը Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ս. Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է: Ընթացքում կալանքի ժամկետը երկարացվել է, և մինչ օրս գտնվում է անազատության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել