HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ն ազդարարում է արբիտրաժի հաղթանակի մասին, իսկ Կառավարությունը ներքին օրենսդրությամբ առաջնորդվելն է շեշտում

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։ Սակայն, Կառավարությունը «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին» նշում է, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Մասնավորապես՝ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։ 

Ըստ պաշտպանության խորհրդի՝ 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ 

«Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Կառավարությունն էլ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ռոմանոս Պետրոսյանն այժմ իրականացնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գործառույթները:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ  «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, 2025թ. հունիսի 17-ին news.am կայքի հարցազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ում արված գրառումը:

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ 2025թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կարող է ազգայնացվել, եթե մեկ ամսվա ընթացքում չներկայացվեն հստակ մեխանիզմներ՝ քաղաքացիներին հասցված վնասի փոխհատուցման համար։ Ըստ նրա՝ արդեն մշակվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրենքի նախագիծը:

Նույն օրը Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Ս. Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է:

Հուլիսի 2-ին իրավապահները խուզարկել են «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։ Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի Երևանում գտնվող տանը հուլիսի 8-ի վաղ առավոտյան իրականացրել են քննչական գործողություններ։ Իրավապահները միաժամանակ քննչական գործողություններ են իրականացրել նաև  ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում։ Քննչական կոմիտեից չմեկնաբանեցին տեղեկությունը։ 

2025թ. հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հրատապ քննարկվեց, այնուհետև ընդունվեց  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը:  Սրանցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին  նոր լծակներ տրվեցին։ Մասնավորապես՝ հարուցվում է վարչական վարույթ, երբ առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

«Էներգետիկայի մասին» օրենքում էլ ավելացվել է կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։

Թեև նշված փաթեթում որևէ կերպ չէր շոշափվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  անունը, սակայն ընդդիմադիր պատգամավորներն ու փորձագետների մի մասը համոզված էին՝ այս օրենսդրական փոփոխությունները ուղղված են ՀԷՑ-ը ներկա սեփականատերերի «ձեռքից վերցնելուն» և պետականացնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter