Սննդի անվտանգության ոլորտում առավել հաճախ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը
2025 թվականին Սննդի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է հազարից ավելի պլանային ու արտապլանային ստուգումներ, ինչպես նաև՝ հինգ հազարից ավելի դիտարկում ու մշտադիտարկում: Համակարգային ու ընթացիկ դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 423 խախտում:
2024 թվականին իրականացված ստուգումների թիվը գրեթե հավասար է 2025-ին: Մինչդեռ դիտարկումներն իրականացվել են երկու անգամ ավելի քիչ, քան 2025-ին: Չնայած այս տարբերությանը, 2024-ին գրանցված խախտումների թիվն ավելի շատ էր, քան 2025-ինը:
Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականցրած ստուգումների 40%-ը սննդամթերքի արտադրությունների ստուգումներն են, 30%-ը՝ հանրային սննդի կազմակերպություններինը, 25%-ը՝ իրացման կետերինը, իսկ 5%-ը՝ սպանդանոցներինն ու կենդանաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներինը:
Վերջին երկու տարիներին ՍԱՏՄ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ամենաշատը խախտվում են սանիտարահիգիենիկ պահանջները: Ըստ քանակի՝ հաջորդները սանիտարական գրքույկի, ուղեկցող փաստաթղթերի բացակայությունն է, մակնշման անհամապատասխանությունը և ՎՎՀԿԿ (Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր) համակարգի ներդրման բացակայությունը:
Որոշ խախտումներ հանգեցրել են քաղաքացիների առողջության համար առավել վտանգավոր հետևանքների: 2025 թվականի ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման 21 դեպք, թունավորվել է 81 մարդ:
Ամենաքիչ արձանագրված խախտումները վերաբերել են պահման պայմանների անհամապատասխանություններին և պետական գրանցման բացակայությանը:
Գլխավոր լուսանկարը՝ ՍԱՏՄ կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել