HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1 տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է

Ապօրինի ճանապարհով Հայաստան նորմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանին, Սամվել Գալուստյանին և Գագիկ Բադալյանին:

Նշված անձինք մեղադրվում են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) 2023թ. մայիսի 17-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծել «Կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ): 2023թ. մայիսի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Թմրամիջոցը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում:

Օրեր անց՝ մայիսի 24-ին, ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 1 տոննա «Կոկաինի» գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Մրգենի» ՍՊԸ-ի ներմուծումների և գնման բաժնի պետի նկատմամբ։ Ընկերությունը փոխկապակցված է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ: Վերջինս մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ:

2023 թվականի մայիսի 27-ին Միհրան Պողոսյանը տեսանյութ տարածեց 1 տոննա թմրանյութ ներկրելու վերաբերյալ։ Պողոսյանը հայտարարել էր, թե «...ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես», ինչպես նաև՝ «...խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին իր անունով բացել կազմակերպություն, անձամբ լինել տնօրեն, քանի որ ես ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը կազմակերպել իմ անունով։ Ուզում եմ նշել, որ Լևոն Աթաջանյանը ոչ մի ֆունկցիոնալ պարտականություն կազմակերպությանում չի ունեցել և չի կատարել։ «Մրգենի» կազմակերպության գործունեությունն ամբողջությամբ կազմակերպվում և վերահսկվում է իմ կողմից, ամենօրյա ռեժիմով»։

Նշենք, որ քրեական գործը մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին: 2025թ. դեկտեմբերի 26-ին կայացել է առաջին նախնական դատական լսումը: Հաջորդ նիստը նշանակվել է 2 ամիս անց՝ 2026թ. փետրվարի 24-ին:

Լուսանկարը՝ էկրանակադր 1 տոննա թմրամիջոցը հայտնաբերելու վայրի տեսագրությունից

MEDIA (1).jpg (389 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter