HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան պայքար»-ի գործով հանրային մեղադրողները ներկայացրին հետազոտման ենթակա ապացույցների ցանկը

Հունվարի 8-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Այսօր հանրային մեղադրողները ներկայացրին դատարանում հետազոտվելիք ապացույցների ցանկը։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Մինչ հանրային մեղադրողները կներկայացնեին ապացույցները, պաշտպանները նշեցին՝ պետք է կոնկրետ անձանց մասով ներկայացվեն, թե որ ապացույցներն են, ըստ մեղադրանքի կողմի, վերդիկտ կայացնելու համար նշանակություն ունեցող, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա պաշտպանությունն ըստ դրա կառուցել։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրն այս փուլում ոչ թե արարքի ապացուցվածությունն է, այլ՝ ապացույցների ներկայացումը դատարանին և դրանց հետազոտման հերթականության սահմանումը։

Հանրային մեղադրողներն առաջարկեցին հետազոտել ԱԱԾ-ից ստացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների նյութերը, գաղտնի քննչական գործողությունների արդյունքները, հեռախոսային հաղորդակցության վերահսկման, ներքին և արտաքին դիտում իրականացնելու մասին արձանագրությունները։

Ըստ դատախազի՝ այս ապացույցները կարևոր նշանակություն ունեն փոխադարձ կապերը, մեղադրյալների վարքագիծը, դիտավորությունը, հավաքներ կազմակերպելու և հանցավոր մտադրության ձևավորման փաստը հաստատելու համար։

«Դրանցով հիմնավորվում են նրանց կողմից հանցավոր գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ թվաքանակի խմբեր հավաքագրելու, դրանց կազմում նախկին զինվորականների և ոստիկանության ծառայողների ներգրավելու, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ արգելափակելու, պետական մարմինների և ուժային կառույցների գործունեությունը խաթարելու, Երևանի տարածքում հաղորդակցության և կապի միջոցների, այլ հաղորդակցության ուղիների, հոսանքի սնուցման լարերը վնասելու, բռնությամբ զուգորդված հարձակում կատարելով՝ պետական շենքեր ներխուժելու, ըստ անհրաժեշտության՝ տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, համապատասխան շենքերի մուտքերը բեռնատար ավտոմեքենաներով կամ աղբի, քարի կույտերով փակելու, ՀՀ-ում քաոսային իրավիճակ ստեղծելու, ինչպես նաև հանցավոր մտադրությունն իրականացնելու համար գործիք հանդիսացող պայթուցիկներ, ծխահան սարքեր, պետական մարմինների ներկայացուցիչների կողմից օրինական դիմադրության հանդիպելու դեպքում նրանց նկատմամբ կիրառման ենթակա այլ առարկաներ ձեռք բերելու եղանակով ահաբեկչությամբ իշխանությունը զավթելու, բռնություն գոծադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու ենթադրյալ արարքների հանգամանքները»,- նշեց հանրային մեղադրողը։

Նա նաև անդրադարձավ հայտնի ձվածեղի տեսանյութին՝ ասելով, որ «Տիկտոկ» սոցիալական ցանցից վերցված ձվածեղի տեսանյութի զննությամբ հիմնավորվում է, որ մեղադրյալ Արմեն Ալեքսանյանն այցելել է Գալստանյանի բնակության վայր և ստացել է դրական գնահատականներ նշված տեսանյութը նկարահանելու համար, ինչը վկայում է նրա կողմից հիշյալ գործընթացներին ներգրավվածության և առնչության մասին։ «Տեսանյութը կարևոր նշանակություն ունի մեղադրյալի կողմից իրադարձություններին մասնակցելու փաստը հաստատելու գործում»,- նշեց Հայկ Հովհաննիսյանը։

Բջջային օպերատորներից ստացված զննության արձանագրությամբ էլ, ըստ մեղադրողների, հիմնավորվել է, որ մեղադրյալները տարբեր ժամանակահատվածներում եղել են փոխադարձ կապի մեջ թե՛ միմյանց, թե՛ գործով անցնող մի շարք վկաների հետ։

Բացի այդ, հանրային մեղադրողի խոսքով, մեղադրյալների բնակության վայրերից հայտնաբերվել են առարկաներ, փաստաթղթեր, ձեռագրեր, որոնք զննվել են և ճանաչվել որպես իրեղեն ապացույց։

Նշվածները, ըստ հանրային մեղադրողի, կարևոր նշանակություն ունեն հանցավոր խմբի գործունեության նախապատրաստման փուլերը, կապերը բացահայտելու տեսանկյունից։

««Սրբազան պայքար» շարժման շրջանակում անձերի հավաքագրման, խմբերի ձևավորման, ցուցարարների միավորման, անհնազանդության ակցիաների կազմակերպման, հանդիպումների և նախաձեռնությունների վերաբերյալ տասնյակ վկաների ցուցմունքներն, ըստ էության, հաստատում  են՝ Գալստանյանի բնակության  վայրում կային հանդիպումներ անցկացնելու, զանգվածային հավաքներ կազմակերպելու, մարդկանց խմբերով հավաքագրելու, շարժման գաղափարաբանությունը տարածելու, հեռախոսակապով շարունակական շփումներ ապահովելու փաստերը։ Չնայած վկաների մի մասը հերքել է մասնակցությունը հիշյալ գործընթացներին, սակայն բջջային հեռախոսների վերծանումները, խուզարկությունները և օպերատիվ տվյալները հակասում են վկաների ցուցմունքներին։ Հիշյալ ապացույցները համակցությամբ ցույց են տալիս մեղադրյալների միջև առկա, համակարգված նպատակային և շարունակական փոխգործակցությունն, ինչպես նաև՝ գործողությունների նախապատրաստման փուլերը»,- հայտնեց դատախազը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը, լսելով կողմերին, հանրային մեղադրողներից պահանջեց նշել, թե գործի որ հատորների մասին է խոսքը, ինչպես նաև՝ համառոտ անդրադառնալ, թե որ ապացույցը մեղադրյալներից ում է վերաբերում։

Դատարանի պահանջը կատարելու համար հանրային մեղադրողներին ժամանակ տրվեց, և նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հունվարի 15-ին՝ ժամը 15.00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter