HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

6100 տոննա ադրբեջանական բենզին և 1500 տոննա դիզել ճանապարհվել է Հայաստան

2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ դեպի Հայաստան ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Սա Հայաստան ներմուծվող ադրբեջանական վառելիքի երկրորդ խմբաքանակն է։ Առաջինը ներմուծվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Պետական եկամուտների կոմիտեից «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դեկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 1215 տոննա բենզին, որի ընդհանուր արժեքը կազմել է 873 հազար դոլար։ 

«Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան ադրբեջանական բենզին է ներմուծել երկու ընկերություն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն: Ran Oil-ը պատկանում է ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, իսկ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն փոխկապակցված է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Արդյոք նույն ընկերություններն են ներմուծում երկրորդ խմբաքանակը, դեռևս հայտնի չէ։ 

Ինչպես գրել ենք, վերջին տարիներին Հայաստանը տարեկան 200 հազար տոննայից ավելի բենզին է ներկրել։ Շուկայի ծավալների և խոշոր խաղացողների մասին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Մաքս օիլ» (ապրանքանիշը՝ Max Oil), «Սի փի էս էներջի գրուպ» (CPS), «Ֆլեշ»(Flash), «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ները վերջին տարիներին առաջատարների դիրքերում են։ 

Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է ներմուծվել նաև հացահատիկ։ Գևորգ Պապոյանի հաղորդած տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter