HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսից դէռ շատ բան կարելի է յուսալ հօգուտ ազգին. Հովհաննես Խան Մասեհեան (մաս 1)

Հարսնացուի փնտրտուքով

Իշխան Վարդան Արղութեանը՝ ցարական Ռուսաստանին ցկյանս ծառայած դիվանագետը և էությամբ արվեստագետը, Թիֆլիսի «Մշակ»-ի խմբագրապետ Համբարձում Առաքելեանը, Թիֆլիսի թերևս ամենից գեղեցիկ կառույցի՝ Եկամտաբեր տան, նաև նավթահանքերի ու անսահման այլ հարստությունների տեր Ալեքսանդր Մելիք Ազարեանցը 1903-ից սկսած լծվել էին միևնույն անհետաձգելի գործին՝ հարսնացու գտնելու Եվրոպական տարբեր երկրներում, այդ պահին Գերմանիայում, Պարսկաստանի դեսպանատան պաշտոնյա Հովհաննես Խան Մասեհեանի համար: Մասեհեանն այդ ժամանակ արդեն 39 տարեկան էր և երբեք ամուսնացած չէր եղել: Վաղուց ժամանակն էր:  Պաշտոնն էլ չէր ներում ավելի ազատ կյանքով ապրելու: Տանը աղախիններ ուներ, գուցե նաև գաղտնի ծառայությունների ուշադրության տակ էր,  վերջապես կար հասարակություն, որի աչքից և ականջից ոչինչ չէր վրիպում: Եվրոպացի աղջկա հետ ամուսնանալու տարբերակը ի սկզբանե չէր քննարկվում. դա բացառվում էր: Միայն հայ կին: «...Ես չէի ուզի եվրոպացի օրիորդի հետ ամուսնանալ, եթէ ոչ այդ խնդիրը կարելի էր շատ գոհացուցիչ կերպով այստեղ լուծել...»: 1903 թվականին, Բեռլինից նամակներ գրեց Համբարձում Առաքելեանին՝ խնդրելով արագացնել գործը. «... Գործը շատ դանդաղ է գնում, և ես կ’ուզէի այդ մասին շուտով մի ելքի հասնել»: Բացի այն, որ մարդը բնականորեն ամուսնանալ էր ուզում, նաև Պարսկաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, երբ կառավարության ղեկավարը  հրաժարական տվեց` եվրոպական ներդրողների համար պարսկական շուկա մուտքը դյուրացնելու և թանկություններ բերելու համար ամբաստանությամբ,  ենթադրելի էր, թե ինքն էլ կարող էր շուտով ետ կանչվել իր դիվանագիտական առաքելությունից: «...Գուցէ ինձ շուտով Պարսկաստան կոչեն, և ես կ’ուզէի Թեհրան վերադառնալուց առաջ իմ ամուսնութեան խնդիրը մի տեսակ կարգադրել: ...Այս պատճառների համար ես հարկ եմ տեսնում իմ ամուսնութեան գործը մի քիչ vivement (արագ) առաջ տանել: Խնդրեմ աշխատէք Ձեր ասած օրիորդի պատկերը լուսանկարից ստանալ և ուղարկել ինձ...»:    Հարկավոր էր մտածել նաև հնարավոր հանդիպման կազմակերպչական հարցերի մասին. «...որ ես եւ օրիորդը մոտից ծանօթանանք միմյանց, և որքան էլ կողմնակի նայողներին այդ partie-ն յարմար թուի, այնուամենայնիվ հարկաւոր է, որ անձնապէս բաւական ճանաչենք միմյանց այդքան կարեւոր քայլ անելուց առաջ»: Միևնույն ժամանակ, այդ հանդիպումը պետք էր այնքան նրբորեն և դիվանագիտորեն գլուխ բերել, որ անարդյունք լինելու պարագային, աղջիկը վիրավորված չզգար իրեն: «... յարկաւոր չէ այնքան առաջ գնալ, որ հետո նահանջելու տեղ չը լինի...»: Հովհաննեսը մտածում էր իր ապագա կնոջ փնտրտուքը շարունակել Պոլսում, «...Եթէ այդ կողմից յույսս կտրեմ,... Այսպէս թէ այնպէս, ինձ պէտք է կամ այս մի քանի տարուա մէջ այդ խնդիրը լուծել և կամ բոլորուին մէկ կողմ դնել:...»

Կարծես գործը գլուխ գալու վրա էր

Եվ ահա, վերոհիշյալ պատվարժան պարոնայք, փնտրում էին այդ աներևույթ կնոջը Թիֆլիսի և Բաքվի հայտնի ընտանիքներում, մինչև որ Մոսկվայում ոնց որ թե նշմարվում է մի հարմար, ինչպես ինքն էր ասում partie՝ թեկնածու: Համադրելով գրած նամակներում շոշափվող անունը, կարելի է մեծ հավանականությամբ ասել, որ խոսքը Լազարեան ճեմարանի տեսուչ Գևորգ Քանանեանի խորթ աղջկա՝ Մարիամ Ակիմովա (Ակիմեանց)-Քանանեանի մասին է: Մարիամի մեծ հայրը Մոսկվայում հայտնի բարերար, կրթության և արվեստների ջատագով Հովհաննես Անանով-Հովնանեանն էր, որի մոսկովյան երբեմնի կալվածքներից մեկի տարածքում դեռևս 1887-ին մի նրբացք կառուցվեց իր անունով՝ (Անանևսկի պերեուլօկ) :   

Հանդիպման հարցը կազմակեպելը դյուրին չէր: Բանն այն է, որ Մասեհեանը «իբրև charge d’ affaire» չէր կարող երկար բացակայել Բեռլինից և հասնել  Մոսկվա կամ Կիսլովոդսկ՝ հավանական հարսնացուին տեսնելու: Բայց կարող էին ժամադրվել Կարլսբադում կամ Փարիզում, որպեսզի հարկ եղած պահին, 24 ժամում ներկայանար ետ՝  ծառայության: Բայց երևի դա էլ շատ պատշաճ չէր լինի աղջկա և նրան ուղեկցող մոր՝ Վարվառա Քանանյանի համար. իրենց ծանր տեղը թեթևացնել, հասնել Եվրոպա՝ առանց ամուսնության հստակ երաշխավորության: Մի խոսքով՝ այս հանդիպումը այնքան ձգձգվեց, որ 1905-ին  ցարական Ռուսաստանում գլուխ բարձրացրին հեղափոխական տրամադրություններ, այնուհետև սկսվեցին ազգամիջյան բախումներ:  Հանդիպումը չկայացավ: Փոխարենը՝ Մարիամ Ակիմեանց-Քանանեանին նկատեց ռուս հայտնի նկարիչ Վալենտին Սերովը և ստեղծեց այս երիտասարդ կնոջ հրաշալի դիմանկարը:  1929-ին, այդ բացառիկ տաղանդով արված դիմանկարը և Քանանեանների  անձնական մեծ հավաքածուից շատ այլ կտավներ, Վարվառան նվիրաբերեց Հայաստանի Ազգային պատկերասրահին: Թեև բոլշևիկյան կարգերի հասատումից հետո նյութապես սուղ վիճակում էին և կարող էր դրանք վաճառել: Այսպես, պաշտոնի բերումով, Եվրոպային «գամված» Մասեհեանը չկարողացավ ինքը գնալ Մոսկվա, մայր և աղջիկ Քանանեաններն էլ չհասան Բեռլին: Պարսկաստանին  ծառայելու պարտավորության մեջ Մասեհեանը կորցրեց իր անձնական կյանքը կարգավորելու հնարավորությունը՝ մնալով հավերժ ամուրի:

IMG_1992.jpeg (51 KB)

Ղաջարական Շահի ոսկերիչ Ծատուրը

Այդ երկրին անմնացորդ ծառայելու գործը, ըստ երևույթին ընտանեկան  գիծ էր: Իր հայրն էլ՝ Ծատուր Խան Մասեհեանը, 50 տարի Պարսից շահի ոսկերչապետն էր: Նրա կոչում էին  Էբրահիմ Զարգարբաշի: Էբրահիմ անունը նրան տրվել էր ապահովական նկատառումներով՝ խանդոտ և ազգայնամոլ պարսիկներից պաշտպանելու համար: Ծատուր Խանը, որ պատվով շարունակում էր Շահ Աբբասի ժամանակներից այս երկրի ոսկերչությունը զարգացնող հայ վարպետների  արվեստը, ադամանդների ու զմրուխտների, հակինթների ու փիրուզների և թանկարժեք այլ գոհարեղենի լեզուն հասկացող և ոսկին ու արծաթը իրեն հպատակեցնող մի կախարդ էր: Երբ որդիներից Հովհաննեսը գրեթե 10 տարեկան էր, 1875-ին, Իրանի 30-րդ շահի՝ ղաջարական դինաստիայից Նասր Էդ Դինի համար նա մի չքնաղ գլոբուս պատրաստեց 34 կգ մաքուր ոսկին և 51366 հատ մեծ ու փոքր աննման քարերը համադրելով՝ բացառիկ վարպետությամբ և ճաշակով:

Երվանդեանների պատվարժան ցեղը

Հովհաննեսի մորենական կողմն էլ՝ Երվանդեանները,  բավական հայտնի և հարգված էին Պարսկաստանում: Նրա մոր՝ Աննայի եղբայրը՝ Անտոն Խան Երվանդեանը ոչ ավել, ոչ պակաս թագաժառանգի դաստիարակն ու ուսուցիչն էր, նաև Թավրիզում արքունական թարգմանիչը: Մի մարդ, որ տիրապետում էր բազմաթիվ լեզուների և թարգամանություններ էր անուն նաև: Նա բնակվում էր Թավրիզում, ուր տեղափոխվեց Հովհաննեսը Թեհրանի առաջին հայկական Հայկազեան դպրոցում ուսանելուց հետո և 3 տարի պարսից թագաժառանգ Նասր Էդ Դին Միրզայի հետ կողք-կողքի կրթություն ստացավ մորեղբոր մոտ: Հետո մեկնեց Փարիզ՝ Collège de France-ում գրականություն, իմաստասիրություն, իրավունք, քաղտնտեսություն ուսանելու: Նրան բարձունքներ էին սպասվում:

Վինձորյան պալատում

Փարիզում ուսանելուց հետո Թեհրան վերադառնալով, Հովհաննեսը ուսուցչության անցավ նույն այդ Հայկազեան դպրոցում և, իր բազմաթիվ լեզուների՝ ֆրանսերենի, գերմաներենի, իտալերեին, արաբերենի ռուսերենի, հունարենի, թրքերենի գերազանց իմացության շնորհիվ, հրավիրվեց  արքունիք՝ թարգմանչի պաշտոնով: Շահի և իր ընտանիքի մտահորիզոնը լայնացնելու համար, նա պարսկերեն թարգմանեց եվրոպական գեղարվեստական գրականության լավագույն նմուշներից: 1887-ին, Մեծն Բրիտանիոյ գահին արդեն 50 տարի բազմած Վիկտորյա թագուհին, նշում էր իր գահակալության ոսկե ամյակը: Եվ աշխարհի չորս ծագերից Վինձորյան պալատ եկած 50 արքաների և արքայազների կողքին, պարսից պետական պատվիրակության մեջ Հովհաննես Խան Մասեհեանն էր, որին վստահված էր Հեսամ-օլ-Սալթանիի թարգմանիչը լինելու պատիվը։ Մասեհեանը դեռ էլի առիթներ կունենա  ոչ միայն պետական պաշտոնի բերումով Լոնդոնում լինելու, այլև իր «գործազրկության» շրջանին, աչքերը փչացնելու հաշվին, այստեղ՝ Բրիտանական գրադարանում ուսումնասիրություններ անելու, նաև  տեղեկություններ հավաքելու Բրիտանական թանգարանում պահվող  չնաշխարհիկ նմուշների, հատկապես իր սիրած չինական հախճապակյա իրերի, արևելյան գորգերի և այլնի մասին, նաև տաքուկ հարաբերություն ունենալու անդիմադրելի մի կնոջ հետ, որը Հովհաննեսին հանդիպելու համար հաճախ Փարիզից Լոնդոն կգա: Բայց  շատ առաջ չանցնեք: Հաջորդ անգամ Լոնդոն գալը կապված էր  կրկին Վիտորյա թագուհու հետ: Այս անգամ արդեն ոչ թե որպես թարգման, այլ որպես Պարսից շահի անձնական ներկայացուցիչ, իսկ առիթը թագուհու գահակալության ադամանդե տարելիցն էր՝ 1897-ին: Այս առիթով կազմակերպված էր հրաշալի շքերթ՝ մասնակցությամբ թագավարության հպատակության տակ գտնվող բոլոր երկրներից Լոնդոն բերված զորամիավորումների: Ահա Հովհաննես Խան Մասեհեանը այնտեղ էր: Մինչ այդ էլ՝ 1896-ին, Պարսից արքունիքի կողմից գործուղվել էր Պետերբուրգ՝ մասնակցելու Նիկոլայ II ցարի թագադրմանը։ Նրան պաշտանական նոր անուն տրվեց Հովհաննես Խան Մոսսաէդ:

...դիւրին բան չէ գօտեմարտի բռնուել անգլո-սաքսոն հանճարի հետ

Խոսքն անշուշտ Վինձորի տիրակալուհու մասին չէր: Ավետիք Իսահակեանը նկատի ուներ Շեքսպիրին, որի գործերի փառահեղ թարգմանիչը դարձավ Մասեհեանը: Լոնդոն` իր առաջին գործուղումից երկրորդն ընկած միջակայքում՝ 1887-97թթ., նա արդեն թարգմանել էր «Համլէտ»ը՝  գրական և մշակութային մեծ լուսավոր պայթուն առաջացնելով: Գուցե Շեքսպիրի հայրենիքում ինչ-որ թրթիռներ օգնել էին նրան այդ գործը լավագույնս գլուխ բերելու: 1894թ., երբ Հայոց հրատարակչական ընկերության կողմից լույս ընծայվեց «Համլէտը» Հովհ. Թումանեանը 25 տարեկան էր: Մի վերլուծական հոդված գրեց. լեզվի իր  նուրբ ընկալումներից ելնելով որոշ դիտողություններ արեց և  ծանոթագրությունների պակասի մասին ակնարկեց հոդվածում, որոնք 1921 թ. Մասեհեանը հաշվի առավ Վիեննայում թատերգության  երկրորդ   հրատարակության ժամանակ:

«Իմ լիասիրտ յարգանքը պ. Յովհ.Խան Մասեհեանին, որ հայերէնի է վերածում Շէքսպիրը, հայկական  աղքատ հողում պատուաստում է , Գէօթէի  խօսքերով ասենք, էն հսկայական կաղնին, որի մօտ միանում ու որից բաժանուում են գրականութեան բոլոր ճիւղերը: ...էս տեսակ մի ուժ է պ. Մասեհեանը: Ի՜նչ արժանավայել ճոխութեամբ խօսում է հայոց լեզուն Դանիայի արքայազնի բերանում, ինչ ուժով կարողանում է տալ Շեքսպիր կոչուած տիտանի երկար շունչն ու մռունչը»:

գլխավոր լուսանկարը՝ oldpik.com-ի

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter