Իրանահայ նախկին պատգամավոր. «Իրանի քայքայումն ու անկայունությունը շատ լուրջ հետեւանքներ կունենան բոլորիս համար»
2025 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս Իրանի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը: Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ցույցերն սկսվել էին տնտեսական, մասնավորապես՝ իրանական ռիալի արժեզրկման թեմայով հենց առեւտրականների շրջանում: Սակայն երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, այդ թվում՝ 2025 թ. Իրան-Իսրայել պատերազմից հետո չարդարացված սոցիալական ընկալումներն ու սպասելիքները կանխատեսելի էին դարձրել իրավիճակը: Բողոքի ցույցերն արագ տարածվել են Իրանի նահանգներում: Տնտեսական հարցերին զուգահեռ՝ ցույցերն ստացել են քաղաքական բնույթ եւ աստիճանաբար վերածվել են բռնությունների:
Ռ. Բեգլարյանը նշում է, որ իրավիճակը բարդացրել են արեւմտյան, մասնավորապես՝ ամերիկյան ու իսրայելական լրատվամիջոցների կողմից տարածվող հռետորաբանությունն ու քայլերը:
Ցույցերի սկզբում, ըստ «Հետքի» զրուցակցի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը փորձել էր լեզու գտնել տարբեր արհեստակցական միությունների, առեւտրականների հետ, ինչը դրական արդյունք ունեցավ, սակայն հետզհետե բողոքի ցույցերը ծավալվեցին: «Անցյալ շաբաթ երկրի գլխավոր առաջնորդը՝ այաթոլլահ Խամենեին, հստակեցրեց, որ պետք է զանազանել տնտեսության բաժնում ձեռնարկատերերի արդարացի բողոքը նրանցից, որոնք խուլիգանական շարժումներով փորձում են վնասել ժողովրդի կյանքն ու ունեցվածքը, ինչու չէ՝ նաեւ համակարգի կայունությունը»,- ասում է իրանահայ նախկին պատգամավորը:
Հունվարի 8-ի գիշերվանից Իրանում համացանցը խափանվել է, երկրում տիրող իրավիճակի մասին լուրերը ցաքուցրիվ են տեղ հասնում: Մեր զրուցակիցը նշում է, որ լուրերից մեկի համաձայն՝ Թեհրանի քաղաքապետը հայտարարել է, որ վնասվել են կառավարական շենքեր, ավտոբուսներ, պետական ավտոմեքենաներ: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ հստակեցնելով, որ Իրանի որեւէ արդար քաղաքացի իրեն թույլ չի տա այրել հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի արձանը, հարձակվել մզկիթների վրա, ռիսկի ենթարկել իրանցիների կյանքն ու ունեցվածքը: «Այս ամենը, ըստ իս, ցուցանիշ է, որ իշխանությունը կփորձի կտրուկ միջոցներով հնարավորինս շուտ վերահսկելի դարձնել իրավիճակը»,- նկատում է Ռոբերտ Բեգլարյանը:
Իրանահայ գործիչը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք Իրանի գործող իշխանությունը կկարողանա կայուն մնալ օրեցօր ծավալվող ցույցերի ֆոնին: Բեգլարյանը նշում է, որ, այնուամենայնիվ, իշխանության պահպանման հավանականությունը բարձր է, եթե արտաքին աշխարհից միջամտություն չլինի:
«Իհարկե, չեմ կարող կանխագուշակել, թե ինչ կլինի, բայց ժողովուրդն ասում է, որ փոփոխություն է պետք ներսից, իշխանությունն ինքը, Իսլամական Հանրապետությունը պետք է փորձի լեզու գտնել եւ վերանայի իր արտաքին ու ներքին քաղաքական սկզբունքները»,- ասում է Մեջլիսի նախկին պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ ժողվորդի շրջանում տեսակետ կա, որ գործող կառավարման համակարգն արդյունավետ չի աշխատում, եւ լուրջ բարեփոխումների կարիք կա ոչ միայն քաղաքական, այլեւ վարչարարական, սոցիալական առումով:
Անդրադառնալով արեւմտյան մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ հետախուզական տվյալներով՝ Իրանի գերագույն առաջնորդը հավանական է, որ կլքի երկիրն ու ապաստան կգտնի Ռուսաստանում, «Հետքի» զրուցակիցը նման տեղեկությունները համարում է ինֆորմացիոն պայքարի դաշտի արգասիք:
Իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելով՝ Ռոբերտ Բեգլարյանն ասում է. «Կարծում եմ՝ իշխանությունը զլացել է, թերացել է եւ լրջագույն ճկունություն պետք է ցույց տա: Երկիրը վատ սոցիալ-տնտեսական պայմանների մեջ է, մշակութային ընկալումները բոլորովին փոխվել են: Կարելի է ասել, որ Իրանի ժողովուրդը կրոնական ժողովուրդ է, բայց հայացքները, առաջնահերթություններն այն չեն, ինչ 15 տարի առաջ էր: Ինձ թվում է, որ իշխանությունը նաեւ տառապում է ժամանակին եւ ճիշտ որոշում կայացնելու պրոցեսից: Դա, իսկապես, լուրջ հարց է»: Ավելացնում է, որ երկիրը քաղաքական, սոցիալական, վարչարարական, ենթակառուցվածքային լուրջ բարեփոխումների կարիք ունի: «Պետք է շատ արագ շարժվել, հատկապես վերջին տարում տեսել ենք ջրային ռեսուրսների հարցը: Այս ամենը ցույց է տալիս, որ վարչարարական առումով չեն կարողացել արդյունավետ գործել»,- նկատում է իրանահայ նախկին պատգամավորը:
Ըստ Ռ. Բեգլարյանի՝ ի տարբերություն նախկինում կազմակերպված սոցիալական ցույցերի, այս ցույցերը բովանդակային եւ ծավալային առումով ավելի խիստ ու բարդ են: Կարեւոր հանագամանք է արտաքին ուժերի առկայությունը, որոնք բացեիբաց փորձում են իրադարձություններն իրենց ցանկալի հունի մեջ գցել եւ իրենց ուզածով կառավարելի դարձնել իրավիճակը:
«Կարծում եմ՝ ճիշտ չէ սա, ավելին՝ Իրանի իշխանությանը կպարտադրի ավելի խիստ հանդես գալ: Բոլորին հասկանելի է, որ սպառնալիքները լուրջ են եւ միտված են Իրանի կայունությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելուն: Եթե արտաքին ուժերը ճիշտ գնահատական տային Իրանի ներքին կյանքին եւ թողնեին, որ երկիրը հունի մեջ ընկներ, գուցե ուրիշ արդյունք լիներ: Բայց, ըստ շատերի ու նաեւ ըստ իս, նրանք կարծում են, որ Իրանը թույլ վիճակում է, ու կարող են վերջնական լուծում գտնել: Դա, կարծում եմ, իշխանությանը կդրդի կարծրացնել իր դիրքերը»,- մեկնաբանում է Ռոբերտ Բեգլարյանը:
Արդյոք Իրանը կդիմակայի արտաքին ճնշումներին ու վտանգներին: Իրանահայ գործիչն ասում է. «Պետք է որ դիմակայի, որովհետեւ Իրանի քայքայումն ու անկայունությունը շատ լուրջ հետեւանքներ կունենան բոլորիս համար՝ թե՛ իրանցիների, թե՛ իրանահայերի, թե՛ Հայատանի եւ հայաստանցիների: Սրանք բոլորը կունենան անկանխատեսելի հետեւանքներ»:
Առկա պայմաններում, ըստ «Հետքի» զրուցակցի, իրանահայերը փորձում են հնարավորինս ձեռնպահ մնալ գործընթացներին ներքաշվելուց: Ընդգծում է, որ իրանահայության համար կարեւորը երկրի կայունությունն ու զարգացումն է: Բեգլարյանը նշում է, որ մինչեւ համացանցի խափանումն իր ստացած տվյալներով՝ իրանահայության շրջանում զոհ չկար:
Թե ինչ ազդեցություն կունենա Իրանի թուլացումը Հայաստանի վրա, մեր զրուցակիցն արձագանքում է, որ այդ ֆոնին տարբեր երկրներ կփորձեն ավելի շատ հարվածել Հայաստանին: Դրանց թվում Բեգլարյանը նշում է Իսրայելը, որը, ըստ նրա, ո՛չ Իրանի, ո՛չ Հայաստանի լավն է ցանկանում: Ըստ իրանահայ գործչի՝ չի բացառվում, որ Իրանը կոշտացնի նաեւ իր դիրքորոշումը TRIPP-ի հարցում:
«Զարմանում եմ այն իրանցիների վրա, թե՛ դրսի, թե՛ ներսի, որոնք մտածում են, որ եթե Իսրայելի պես մի երկիր հարվածի, վնասի, ապա Իրանը կարող է բարենորոգումների գնալ եւ տնտեսապես ավելի զարգացած համակարգ ստեղծել,- ասում է Ռոբերտ Բեգլարյանն ու հավելում,- մինչեւ վերջերս Իրանի հյուսիսարեւմտյան թրքախոս նահանգներում ցույցեր չկային կամ քիչ էին, զանգվածային չէին: Մեկնաբանություն կարդացի, որ Թուրքիան, ըստ որի՝ Իսրայելը փորձում է հեգեմոն դառնալ տարածաշրջանում, կարծում է, որ Իրանի վնասումն ու ամբողջականության խաթարումը լուրջ խնդիր կստեղծի տարածաշրջանում: Հետեւաբար, թուրքերն էլ փորձում են Իրանի ներսում խլրտումներ չհրահրել: Հակառակն էլ կա՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանը կանխարգելեց այդ նահանգներում համատարած քայքայիչ քայլերը: Երբ փորձում ես փազլի մասերը հավաքել, հասկանում ես, որ տարածաշրջանը կարող է բարդ իրավիճակում հայտնվել, եթե Իրանին լուրջ վնասներ հասցվեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել