HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպահայ լրագրող․ «Հալեպի բնականոն կյանքը կամաց-կամաց վերադառնում է»

«Հալեպի բնականոն կյանքը կամաց-կամաց վերադառնում է։ Մարդիկ քայլ առ քայլ վերադառնում են իրենց գործերին, ճանապարհները բացվել են, հիմա փոխադրվելն ավելի հեշտ է»,- «Հետքի հետ հեռախոսազրույցում ասում է հալեպահայ լրագրող, «Հայ-սիրիական հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Հովիկ Շեհիրյանը։

2025 թ․ տարեվերջին, Շեհիրյանի տեղեկացմամբ, երբեմնի հայաշատ Հալեպ քաղաքում բախումներ էին սկսվել Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդերի միջեւ։ Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ ծննդին ընդառաջ ժամանակավոր հրադադարի համաձայնություն էր ձեռք բերվել, սակայն այն, ըստ Շեհրիյանի, խախտվեց ավելի շուտ, քան ենթադրվում էր։

«Հետքի» զրուցակիցը պատմում է, որ հունվարի 6-ին գնացել էին Հալեպի հայկական եկեղեցի, մասնակցել սուրբծննդյան պատարագին, բայց ժամեր անց բախումները վերսկսվել էին։ Ըստ Շեհիրյանի՝ կողմերը երկուստեք միմյանց են մեղադրում բախումներ սկսելու մեջ։ Դրանք հիմնականում ընթանում էին Հալեպի քրդաբնակ երկու շրջաններում՝ Շեյխ Մաքսուդում (Sheikh Maksoud) եւ Աշրաֆիեում (Ashrafieh)։ 

«Հետքի» զրուցակիցը նշում է, որ այս շրջաններում կան նաեւ ընտանիքներ հայ կաթողիկե համայնքից։ Քրդաբնակ շրջանների ուղղությամբ արձակված հրթիռները, ըստ Հովիկ Շեհիրյանի, հիմնականում հասնում էին նաեւ հայկական շրջաններ։ Կան վնասված բնակարաններ, բայց մեր զրուցակիցն ասում է, որ հայկական շրջանները մեծ վնասներ չեն կրել: 

«Քրդական շրջաններում գտնվում են քրիստոնեական, մասնավորապես՝ հայկական գերեզմանատները։ Այնտեղ կարող ենք հասնել նոր կարգադրություններով ավելի դյուրին ճանապարհով, որովհետեւ մեր գերեզմանատները եղել են ճիշտ բախումների ճակատին։ Դրանց հետեւանքով ամենաշատը վնասվել է ասորիների թաղամասը»,- նշում է Հ. Շեհիրյանը։

Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջանները, որոնցում գտնվում էին քրդական ուժերը, տեղակայված են բլրի վրա: Այդտեղից, մեր զրուցակցի փոխանցմամբ, թիրախավորվում էր Հալեպ քաղաքն ու դրա կենտրոնը։

Բախումների օրերին հայ համայնքն սկսել էր սնունդ եւ դեղորայք ամբարել։ Հալեպահայ լրագրողն ասում է, որ, ընդհանրապես, նման դեպքերում մարդիկ սկսում են սննդի ու դեղորաքի պաշար հավաքել, քանի որ չգիտեն, թե որքան են տեւելու բախումները։ Ըստ Շեհիրյանի՝ նման վիճակում են ոչ միայն հայերը, այլեւ ամբողջ ժողովուրդը: Նրա փոխանցմամբ՝ բախումների ժամանակ Հալեպի հայկական բժշկական կենտրոնները փակ են եղել, բայց հունվարի 10-ից հետո նորից անցել են բնականոն աշխատանքի։ Իրենց հոգեւոր առօրյային են վերադարձել նաեւ հայկական եկեղեցիները։

Ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո հունվարի 11-ի առավոտյան քրդական վերջին ուժերը դուրս են եկել Հալեպից: Նկատենք, որ 2024-ի դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումից հետո՝ 2025-ի մարտին, Սիրիայի նոր իշխանություններն ու երկրի հյուսիսարեւելյան շրջանները վերահսկող քրդական ուժերը համաձայնության էին եկել, որ վերջիններիս բոլոր ռազմական կարողություններն ու քաղաքացիական ենթակառուցվածքները ինտեգրվելու են սիրիական պետությանը: 

Հալեպի լուսանկարները՝ SANA լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter