
Ցրել անորոշությունը...նոր անորոշություններով
Մայիսի 31-ի հանրահավաքում ՀԱԿ-ը հստակություն չմտցրեց հասարակությանը հետաքրքրող հիմնական բոլոր հարցերում:
Դա հանրահավաք էր` կրկին ջրբաժանի խնդիրը հետաձգելու, ավելի ճիշտ` այն առհասարակ քաղաքական օրակարգից հանելու համար: Կարելի է ասել` իշխանության եւ Կոնգրեսի միջեւ սկսված երկխոսությունը որակական այլ, Տեր-Պետրոսյանի դիպուկ բնորոշմամբ եւ բացահայտմամբ` «երկուստեք խաղի» այնպիսի հարթություն է տեղափոխվում, որի ողջ իմաստը ոչ թե հաղթանակ տանելն է լինելու, այլ ընդամենը խաղը շարունակելը:
«Նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը` կրկնելով, թե իրենց համար օրակարգային ընդամենը մեկ հարց կա` արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը:
Որպես գործընթացի շարունակություն ՀԱԿ-ն ակնկալում է, որ իշխանությունն իր հերթին պատվիրակության կազմ որոշի, իր օրակարգը ներկայացնի, որպեսզի հետագայում դրանց շուրջ բանակցություններում կոնսենսուսային, միջանկյալ ինչ-որ լուծում գտնեն եւ շարժվեն դրա շուրջ ձեռք բերված փոխհամաձայնությունների հենքի վրա:
Այլ կերպ ասած` Տեր-Պետրոսյանը իշխանությանը կոնկրետ երկընտրանք է առաջարկում. կամ երկխոսությունը շարունակվում է ֆորմալ հարթությունում, այսինքն` անմիջականորեն, կամ գործընթացը չի շարունակվում, եւ կողմերը վերադառնում են ելման դիրքեր:
Տեր-Պետրոսյանի կատարած այս քայլն, իհարկե, հետաքրքրական է: Փաստացի նա պրոցեսների հետագա պատասխանատվությունը թողնում է իշխանության վրա` փորձելով նրան թելադրել շարունակել խաղալ խաղի իր կանոններով: Բայց քանի որ այդ երկխոսության ողջ իմաստը լինելու է արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկումը, ստացվում է, որ անկախ նրանից` ինչ օրակարգ կներկայացնի իշխանությունը, նա համաձայնում է երկխոսությունը շարունակել հենց արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ:
Իշխանությունը շարունակում է պնդել, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ քաղաքական եւ ոչ էլ իրավական նախադրյալներ կան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Տեր-Պետրոսյանի առաջադրած հայեցակարգն իշխանության համար ընդունելի չէ: Բայց վերջինս նաեւ չի կարող հայտարարել, թե ճանապարհի կեսից ետ է դառնում:
Հետեւաբար, կամ ձգտելու է խաղալ ժամանակի վրա, կամ փոխել երկխոսության իմաստը` ներկայացնելով բացարձակապես այլ օրակարգ, որը որեւէ աղերս չի կարող ունենալ արտահերթ ընտրությունների հետ, այսինքն` որոնց շուրջ կոնսենսուսային, փոխզիջումային լուծում չի կարող գտնվել առհասարակ:
Այս իմաստով ՀԱԿ-ը երկու չափազանց լուրջ բացթողում կամ խոցելի տեղ ունի: Առաջինն այն 12 պահանջներն են, որոնք իշխանությանն առաջադրվեցին մարտին եւ հենց Տեր-Պետրոսյանի ջանքերով հետագայում մղվեցին երկրորդ պլան:
Եթե իշխանությունը, ուղղակի թե անուղղակի կերպով, հայտարարի, որ իբրեւ բանակցությունների հիմք ընդունում է այդ պահանջներում արտացոլված հիմնախնդիրների լուծումը, ապա ՀԱԿ-ը չի կարող որեւէ լուրջ առարկություն ներկայացնել, չի կարող մերժել դրանք օրակարգում ընդգրկելու առաջարկը եւ չի կարող հրաժարվել դրանց կատարման շուրջ քննարկումներից, որոնք ոչ միայն շատ ավելի խորքային են ու իրականացման տեսանկյունից ավելի դժվար, այլեւ, այդքանով հանդերձ, ավելի ժամանակատար:
Այսինքն, եթե որպես երկխոսության հիմք ընդունվեն այդ պահանջները, երկխոսության գործընթացը կարող է ոչ միայն ամիսներ, այլ անգամ տարիներ ձգվել: Թերեւս դա է պատճառը, որ մայիսի 31-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանն այդ պահանջների մասին խոսում էր ոչ իբրեւ պահանջերի, այլ ընդամենը` «երկխոսության ընթացքին զուգահեռ», իրենց մշտական ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի, այսինքն` ձգտում էր նսեմացնել դրանց նշանակությունը:
Երկրորդ` Տեր-Պետրոսյանը խուսափեց երկխոսությունը շարունակելու եւ տրամաբանական հանգուցալուծման հասցնելու հստակ ժամկետներ նշել, ինչը խիստ տարօրինակ է` հաշվի առնելով երկու իրողություն: Նախ` դա չի բխում ՀԱԿ-ի որդեգրած նախապայմանային մարտավարությունից, երկրորդ` չի համապատասխանում Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքին, թե երկար մտածելու կամ ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ անցկացնելու ժամանակ չկա, քանի որ «մինչեւ հերթական ընտրությունները Հայաստան երկրից կարող է բան մնացած չլինել»:
Եվ եթե նկատի ունենանք, թե ինչպիսի խտացված գույներով նա ներկայացրեց Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ այն հանգամանքը, որ դրա հաղթահարման միակ ելքը համարեց արտահերթ ընտրությունները, ապա առնվազն սպասելի էր, որ նա պետք է շտապեր եւ երկխոսւթյունը հստակ ժամկետներում ավարտելու խնդիր դներ, ինչը, սակայն, չարեց:
Մայիսի 31-ի հանրահավաքով Կոնգրեսը իշխանությանը կրկին մանեւրելու, ժամանակ ձգձգելու հնարավորություն տվեց` առանց դրա դեմն առնելու որեւէ կոնկրետ մեխանիզմ նախանշելու: Միաժամանակ այս մեթոդաբանությունը նաեւ ՀԱԿ-ին է մանեւրելու հնարավորություն տալիս` թույլ տալով, արտահերթ ընտրությունների գաղափարն օգտագործելով, նախապատրաստվել հերթական ընտրություններին:
Այս մոտեցումը երկուստեք ձեռնտու տարբերակ է: Այն լիովին բավարար տարբերակ է նաեւ միջազգային հանրության համար, որը ՀԱԿ-ին սկսում է դիտարկել որպես ինքնառաջադրված «գործիք»` իշխանության նկատմամբ ճնշումների գործադրման առումով` հաշվի առնելով այն զարգացումները, որոնք արդեն իսկ տեսանելի են դառնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Տեր-Պետրոսյանն ինքը հաստատեց, որ այս պահին Հայ ազգային կոնգրեսը պատրաստ չէ կտրուկ գործողությունների, այսինքն` կրիտիկական զանգված ապահովելու:
«Իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել»,- հայտարարեց նա` հաստատելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` հանրահավաքում արտահայտած այն միտքը, թե իրենց հիմնական խնդիրը հետագա հանրահավաքների մարդաշատությունն ապահովելն է:
Սակայն արդյո՞ք նման մարտավարությամբ հնարավոր կլինի լուծել այս հարցը: «Հիմա, հիմա» կամ արտահերթ ընտրություններ պահանջող լայն զանգվածները, որոնք Կոնգրեսի հրավերով կանոնավոր գալիս են հանրահավաքներին եւ արագ գործողություններ ակնկալում, նման անորոշության, երկակի զգացողությունների, անվստահության խորացման պարագայում իրապես կարող են հիասթափվել, որքան էլ Տեր-Պետրոսյանը համոզվածությամբ պնդում է, թե այդպիսի դատողություններ անելը «ժողովրդին վհատեցնելու, հուսալքելու եւ Կոնգրեսի նկատմամբ անվստահություն սերմանելու» նպատակ են հետապնդում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել