Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար
Մեր բացահայտումները՝
- Շրջակա միջավայրի նախարարությունը 2020-25թթ․-ին իրականացնում էր 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը։ Ծրագրի բյուջեից 803 մլն դրամ պետք է հատկացվեր Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) արդիականացմանը։ Կայանը շահագործման պետք է հանձնվեր 2025թ․ երրորդ եռամսյակում։
- Նշված ժամանակամիջոցում ոչ թե Գավառի ԿՄԿ-ն արդիականացրին, այլ՝ ԿՄԿ կառուցեցին Գավառ համայնքի Նորատուս գյուղի մանկապարտեզի համար։
- 2025թ․ դեկտեմբերի 9-ին նույն դոնորները՝ ԵՄ-ն և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) Գավառում ազդարարեցին 7,5 մլն եվրո արժողությամբ «EU4Sevan+» ծրագրի մեկնարկի մասին։ Նպատակը դարձյալ նույնն է՝ բարելավել Սեւանա լճի ավազանում ջրային ռեսուրսների կառավարումն ու կեղտաջրերի մաքրումը։ Ծրագիրը Գավառի ԿՄԿ-ն արդիականացնելու, ինչպես նաև Գավառագետ, Մասրիկ, Վարդենիս և Մարտունի գետերի մաքրությունն ապահովելու նպատակ չունի։
- Ջրային կոմիտեն Ասիական զարգացման բանկի հետ Սևանի ողջ ավազանի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության կեղտաջրերի հեռացման համակարգի նախնական նախագծման աշխատանքներ է կատարել։ Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը և ներդրումային փաթեթը ներկայացվել է վարչապետի աշխատակազմին։ Վարչապետը դեռևս որոշում չի ընդունել՝ ԿՄԿ-ներ կառուցե՞լ, թե՝ ոչ։
- Գավառի համայնքապետարանը նույնպես Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է համայնքում կեղտաջրերը մաքրելու և կենտրոնական կոլեկտոր կառուցելու համար ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունները։ Այն դեպքում, երբ համայնքի կենտրոնացված կոյուղու համակարգը սպասարկում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, երբ նույն նպատակով ԵՄ-ն արդեն երկրորդ հնգամյա ծրագիրն է սկսում։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ մարտին ավարտեց 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ լցվող կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն էր, կեղտաջրերի մաքրումն ու կառավարումը։
Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու նպատակով Կառավարությունը 2022թ․ դեկտեմբերի 8-ին հաստատել է «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․ կառավարման պլանը»։ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորումով իրականացվող «EU4Sevan» ծրագիրը, որը 2020թ․ սեպտեմբերից իրականացնում էին Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), պետք է լուծումներ գտներ կառավարման պլանում տեղ գտած օրախնդիր հարցերին։
Կառավարման պլանում լճի աղտոտման մի քանի հիմնական պատճառ է նշվում՝ կեղտաջուր, աղբ, որը հիմնական գործոնն է, արհեստական ձկնաբուծություն լճում, անասնապահություն, հողօգտագործում, ջրային ռեսուրսների ոչ խնայողաբար օգտագործում և այլն:
Ծրագրի իրականացման երրորդ տարում, 2023թ․ վերջին Գիտությունների ազգային ակադեմիայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրները քննարկելիս «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները ներկայացրել են ծրագրի արդյունքները։ Քննարկման մասնակիցներն ակնհայտորեն դժգոհել են, որ տասնամյակներ խոսվում է նույն խնդիրների մասին, բայց դրանք լուծելու համար ոչինչ չի արվում:
Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ղեկավարող Բարդուխ Գաբրիելյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնողները ոչ մի նոր բան չեն ներկայացնում:
«Քանի՞ կմ կոյուղի է կառուցվել, քանի՞ մաքրման կայան է տեղադրվել, քանի՞ տոննա լվացքի փոշի է փոխարինվել անվտանգ փոշիով ․․․»,- հարցրել էր հանձնաժողովի անդամներից Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
Լեյբնիցի անվան քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ներքին ջրերի ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ, բնապահպան Մարտին Փուշը մասնակիցներին հուսադրել էր՝ ասելով, որ Սևանա լճի բոլոր խնդիրները լուծելի են: Նա ներկայացրել էր Գերմանիայի փորձը․ 60 տարի առաջ Գերմանիայում նույն իրավիճակն էր՝ գետերն աղտոտված էին, լճերը` ծաղկած: Օրինակ՝ Կոնստանցի լճի փրկության լավագույն լուծումը եղել է կոյուղաջրերի մաքրման կայաններ և կոյուղատարեր կառուցելը:
«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․-ի կառավարման պլանը» նույնպես նախատեսում է արդիականացնել Սևանա լճի ավազանում գտնվող երեք համայնքների՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս, կեղտաջրերի մաքրման կայանները: Հաշվարկել են նաև ԿՄԿ-ներն արդիականացնելու ծախսերը, ժամանակացույց են կազմել։ Նշված ԿՄԿ-ների վերակառուցման հնարավորության վերաբերյալ ասվում է, որ ի սկզբանե նախատեսվել է կայանները կառուցել որպես եռաքայլ՝ նախնական, մեխանիկական և կենսաբանական մաքրման համալիր, և այդ նպատակի համար տրամադրվել է համապատասխան տարածք:
Կառավարությունում համոզված են, որ այդ ԿՄԿ-ներն արդիականացնելուց հետո երեք քաղաքների մաքրված կեղտաջրերն անվտանգ կլինեն լճի համար, կարող են նաև օգտագործվել ոռոգման և տեխնիկական նպատակներով: Այդ համոզումն ունեին նաև «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները։
2023թ․ մայիսի 23-ին Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր է ստորագրվել Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջև։ Նախատեսվում էր Գավառի ԿՄԿ-ն համալրել կեղտաջրերի պարզեցման HUBER ֆիրմայի կառուցվածքով, որը, նրանց համոզմամբ, ավելի արդյունավետ կդարձնի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը: Կայանի արդիականացումն իրականացվելու էր «EU4Sevan» ծրագրի շրջանակում։ Նախնական հաշվարկներով՝ դրա համար կպահանջվեր 803 մլն դրամ, ԿՄԿ-ն պետք է շահագործման հանձնվեր 2025թ․-ի 3-րդ եռամսյակում։
Նշված ժամանակամիջոցում՝ 2025թ․ հուլիսի 23-ին, շահագործման հանձնվեց ոչ թե Գավառի արդիականացված ԿՄԿ-ն, այլ Գավառ համայնքի Նորատուս գյուղի թիվ 2 մանկապարտեզի կեղտաջրերի մաքրման կայանը։ «Նոր կայանը կմաքրի կեղտաջրերը ոռոգման չափանիշներին համապատասխան և թույլ կտա մաքրված ջուրն անվտանգ վերօգտագործել ոռոգման նպատակներով՝ նպաստելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը»,- կայանի բացման ժամանակ հայտնել են «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները։
Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի կենսաբանական կայանն, ըստ էության, հնգամյա ծրագրի միակ շոշափելի ձեռքբերումը դարձավ։
Մինչդեռ, «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․ կառավարման պլանի» համաձայն (էջ՝ 112, աղյուսակ 85), 2025թ․-ի 4-րդ եռամսյակում պետք է սկսվեր Մարտունի քաղաքի ԿՄԿ-ի արդիականացումը (արժեքը՝ 712 մլն 866 հազար դրամ) և շահագործման հանձնվեր 2026թ․-ի 4-րդ եռամսյակում։ Վարդենիս քաղաքի ԿՄԿ-ն (արժեքը՝ 643 մլն 713 հազար դրամ) պետք է արդիականացվի և շահագործման հանձնվի 2027 թվականի 4-րդ եռամսյակում։
Վարչապետը դեռևս չի կողմնորոշվել՝ Սևանա լիճը պե՞տք է մաքրել կեղտաջրերից
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին խնդրել էինք հայտնել, թե ինչ արդյունքներ է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Արդյունքները ներկայացնելու փոխարեն նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը թվարկել է 39 միջոցառում, որոնք իրականացվել են ծրագրի ընթացքում։ Մինչև իսկ «մշակվել է Սևանա լճի մինչև 2050թ. երկարաժամկետ ազգային տեսլականը»։ Սակայն, թվարկված միջոցառումներից ոչ մեկը չի նպաստել օրախնդիր համարվող հարցի լուծմանը՝ Սևանա լիճ լցվող կոյուղաջրերի մաքրմանը։ Անգամ Գավառի ԿՄԿ-ի արդիականացումը, որը պետք է արվեր «EU4Sevan» ծրագրի բյուջեով, չարվեց։
Նախարարության գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԿՄԿ-ն արդիականացնելու համար կատարված աշխատանքները՝
- մշակվել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի մեխանիկական երկրորդ բլոկի նախագծման տեխնիկատնտեսական առաջադրանքը, որի նախագծման համար մրցույթ է հայտարարվել։
- 2023թ․ մայիսի 23-ին Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր է ստորագրվել Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («ECOServe» ծրագիր) միջև։
- Իրականացվել է «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգ և հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագիրը». այն հանձնվել է Ջրային կոմիտեին՝ ընթացք տալու համար:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ դեկտեմբերի 12-ին «Սևանա լճի ու հարակից ջրհավաք ավազանների կեղտաջրերի և ջրային ռեսուրսների կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված» նոր ծրագիր է սկսել։ 7,5 մլն եվրո արժողությամբ «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում` հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) նոր հնգամյա ծրագիրը դարձյալ ֆինանսավորում են Եվրոպական միությունը (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։
ՇՄՆ-ն հայտնում է, որ այն EU4Sevan ծրագրի շարունակությունն է, ծրագիրն իրականացնելու է GIZ-ը, համակարգող մարմինն այս անգամ Ջրային կոմիտեն է։
2025թ․ դեկտեմբերի 9-ին Գավառում «EU4Sevan+» ծրագրի մեկնարկի մասին ազդարարելիս կրկին հայտարարվեց, որ ծրագիրը հիմնված է «EU4Sevan» ծրագրի փորձի վրա եւ նպատակ ունի բարելավել ջրային ռեսուրսների կառավարումն ու կեղտաջրերի մաքրումը Սեւանա լճի ավազանում, ինչպես նաեւ՝ աջակցել Հայաստանին հաղթահարել ջրային ոլորտի մարտահրավերները։
«ԵՄ-ն շարունակելու է պաշտպանել Սեւանա լիճը՝ Հայաստանի համար էկոլոգիական եւ տնտեսական կենսական ռեսուրսը, որը ծառայում է որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, պահպանում է կենսաբազմազանությունը եւ հնարավորություններ է ընձեռում ձկնորսության, հանգստի եւ զբոսաշրջության համար»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը հայտնել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանից փորձեցինք պարզել՝
- Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի մեխանիկական բաղադրիչը գոնե այս՝ ավելի մեծ բյուջե ունեցող ծրագրով, արդիականացվելո՞ւ է։
- Գավառ քաղաքի և հարակից գյուղերի կեղտաջրերը հավաքելու համար կոյուղու կոլեկտոր կառուցվելո՞ւ է դեպի մաքրման կայան, քանի որ, մասնագետների պնդումով, քաղաքի կոյուղաջրերի 75%-ը կոլեկտորի բացակայության պատճառով չի մտնում ԿՄԿ և անգամ մեխանիկական մաքրման չի ենթարկվում։
«Ջրային կոմիտեին ներկայացվել են «EU4Sevan+» ծրագրի համատեքստը, ընդհանուր նպատակները, որտեղ դեռևս ներկայացված չէ Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի մեխանիկական բաղադրիչն արդիականացնելու, ինչպես նաև՝ Գավառագետ, Մասրիկ, Վարդենիս և Մարտունի գետերի մաքրությունն ապահովելու նպատակով միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն»,- պատասխանել է ՋԿ նախագահը։
Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրել է նաև, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Լուծումներ, որոնք նպաստում են Սևանա լճի բնապահպանական կայունությանը և աղետներին դիմակայունությանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարվանից մեկնարկել են ամբողջ Սևանի ավազանի տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության, կեղտաջրերի հեռացման համակարգի նախնական նախագծման և այլ աշխատանքներ։
«Արդյունքում, իրականացված աշխատանքն ամբողջ ծրագրի համար, ներառյալ երեք փուլերը, այդ թվում՝ 1-ին փուլի մանրամասն նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) և ներդրումային փաթեթը, Հանրային ներդրումային կոմիտեի ձևաչափով ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Հետագայում, եթե որոշվի իրականացնել գոյություն ունեցող երեք՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, կեղտաջրերի մաքրման կայանների ընդլայնման և արդիականացման (մեխանիկական մաքրումից անցում կենսաբանական մաքրման) աշխատանքները, ապա, համաձայն վերոգրյալ նախագծի ՏՏՀ-ի, անհրաժեշտ կլինի կառուցել, այդ թվում՝ Գավառ քաղաքի համար կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգեր և հեռացվող կեղտաջրերն ուղղորդել ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր կառուցվող ԿՄԿ-ներ»,- հայտնել է ՋԿ նախագահը։
Արամազդ Ղալամքարյանի տեղեկացմամբ, հիշյալ նախագծի համաձայն՝ Սևանի ավազանի կեղտաջրերի ամբողջական հավաքման և մաքրման համար անհրաժեշտ է արդիականացնել ինչպես գոյություն ունեցող երեք ԿՄԿ-ները, այնպես էլ իրականացնել նախապես ընտրված ագլոմերացիաների կեղտաջրերի ապակենտրոն մաքրում՝ կառուցելով ևս 42 փոքր ԿՄԿ։
Գավառի համայնքապետարանը նույնպես ԱԶԲ-ի հետ քննարկում է լոկալ մաքրման կայաններ տեղադրելու համար ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունները
Նախորդ՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում 2024թ․ փետրվարին համաձայնագիր էին ստորագրել նաև Գավառի համայնքապետարանը և ծրագիրն իրականացնող կողմերից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը։ Այն կոչվում է «Գավառի կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրման համար տեղային լուծումների տեղադրման համաձայնագիր»։
Մեր հարցին, թե համայնքապետարանն ի՞նչ գործողություններ պետք է իրականացներ համաձայնագրի շրջանակում, և ի՞նչ է արվել մինչև հիմա, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը թվարկել է մի քանի գործողություն։ Դրանց վերաբերյալ, որպես տեղական ինքնակառավարման մարմին, իր լիազորությունների ու պարտավորությունների շրջանակում որոշումներ է կայացրել։
Օրինակ, Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի համար կառուցված ԿՄԿ-ն համայնքի գույքացանկում ընդգրկելը։ «Գավառ համայնքին է հանձնվել «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքում տեղադրված կեղտաջրերի մաքրման կայանը, որը դեռևս գտնվում է կարգաբերման-թողարկման փուլում»,- հայտնել է համայնքի ղեկավարը։
Մեր մյուս հարցին՝ համայնքապետարանն, արդյոք, Գավառ քաղաքում կոյուղու կոլեկտոր կառուցելու ծրագիր ունի։ Եթե ոչ, ի՞նչ լուծում են տեսնում քաղաքի կեղտաջրերի 75%-ը մաքրման կայան հասցնելու համար։
Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ պետական բյուջեի միջոցներով կառուցվել է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտոր՝ 800 գծամետր երկարությամբ, որի արժեքը կազմում է 40 320 000 դրամ։ Սպասարկելու է 400 տնտեսությունների։ «Միայն Գավառ քաղաքում կենտրոնական կոյուղացման ծածկույթը կազմում է 57%, իսկ մնացած բնակավայրերում այն գրեթե բացակայում է»,- հայտնել է համայնքի ղեկավարը։
Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կենտրոնացված կոյուղու համակարգը սպասարկում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որը համայնքում առաջացած կեղտաջրերի միայն առաջնային մեխանիկական մաքրում է կատարում։ Հարցի կարևորությունը գիտակցելով՝ համագործակցում են միջազգային տարբեր դոնորների հետ, փորձում համատեղ ուժերով լուծել կեղտաջրերի մաքրման հարցը։ «Համայնքապետարանը հավանություն է տվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) առաջարկին՝ հարցի հնարավոր լուծման տարբերակ դիտարկել լոկալ մաքրման կայանների տեղադրումը»,– հայտնել է համայնքի ղեկավարը։
Վերջինս տեղեկացնում է, որ Գավառ խոշորացված համայնքից առաջացող կեղտաջրերի արդյունավետ կառավարման հարցը քննարկել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ։ «Արդյունքում՝ բանկն իրականացրել է ծրագրի իրագործելիության գնահատում և նախնական նախագծերի պատրաստում՝ Սևանա լճի ավազանի բոլոր 11 բնակավայրերում ամբողջությամբ նոր կոյուղու համակարգ և կեղտաջրի մաքրման կայաններ կառուցելու, իսկ Գավառ քաղաքում` գոյություն ունեցող կոյուղու համակարգի և կեղտաջրի մաքրման կայանի ընդլայնման համար, որը ներառելու է նաև կեղտաջրի կենսաբանական մաքրում՝ ազոտի և ֆոսֆորի հեռացմամբ»,- տեղեկացնում է համայնքի ղեկավարը։
Գ․ Մարտիրոսյանի խոսքով, հաշվի առնելով նախնական նախագծով նախատեսված աշխատանքների մեծ ծավալը և պահանջվող ֆինանսական միջոցները՝ դիտարկվել է աշխատանքներն իրականացնել փուլային եղանակով և ներդրումային ծրագրերի միջոցով, որի ուղղությամբ համայնքապետարանը ԱԶԲ-ի հետ համատեղ քննարկում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունները։
Սևանա լիճը աղտոտումից փրկելու հարյուրավոր փաստաթղթեր են հաստատվել՝ օրենք, ռազմավարություն, հայեցակարգ և այլն, այդ թվում՝ ներկա վարչակարգի կառավարման շրջանում։ Միլիոնավոր դոլարներ և եվրոներ արժեցող բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, նաև՝ վարկեր են ներգրավվել Սևանա լիճը աղտոտումից փրկելու համար, բայց բոլորն ավարտվել են անարդյունք։ ՋԿ-ի նախագահի պատասխանը հուշում է, որ Սևանը փրկելու հերթական նախագծերը կավարտվեն առանց արդյունքի, որովհետև վարչապետը դեռևս չի կողմնորոշվել՝ Սևանա լիճը պե՞տք է մաքրել կեղտաջրերից։
Լուսանկարները՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից, Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել