Բագրատ Ասատրյան. «Թոշակների հետվճարները, մյուս գործիքները իբրև շոու են կիրառվում»
«Արդյունքների մասին խոսելը վաղ է, քանի որ առայժմ սա ընդամենը Ադրբեջանը Նախիջևանին կապող միջոց է լինելու։ Այն լուծումները, որ ամերիկացիները և մասնավորապես՝ Թրամփը, առաջարկել են, կարծես բարոյական օժանդակություն է Հայաստանի Հանրապետությանը, որը նվազեցնում է ռազմական սպառնալիքները»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը ի պատասխան հարցի, թե ինչ է տալու Հայաստանին «Թրամփի ուղի» նախագիծը (TRIPP)։
Ըստ նրա՝ սա այլընտրանք էր Զանգեզուրի միջանցքին։ Այն խաղաղության քողի տակ էր ներկայացվում, բայց միշտ ուղեկցվում էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով և գործողություններով։
Ասատրյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է «բացվի աշխարհի առաջ»՝ ճանապարհներ, կոմունիկացիաներ։ Բացվելուց առաջ պետք էր լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց Հայաստանը բախվեց 90-ականներին՝ խաղաղություն, հարևանների հետ համագործակցություն և այլն. «Շատ ցավոտ է, բայց պետք է իրականությունը գնահատենք. այս վերջին զարգացումների ելակետը եղել է ջախջախիչ պարտությունը, որ մենք կրեցինք 2020 թվականին։ Սա այս շղթայի ուղղակի շարունակությունն էր»։
«Այսօր էլ, եթե Հայաստանի քարտեզը դնենք մեր առաջ, Ադրբեջանը մի տարածքում է դիրքավորվել, որից ամենակարճ ռազմական ճանապարհը կարող էր ունենալ Նախիջևանի հետ։ Այս վիճակում, իմ կարծիքով, սա լավագույնն էր, որովհետև եթե այլընտրանքի մասին խոսենք, Ադրբեջանը չէր թաքցնում, ասում էր՝ եթե չանեք, մենք կգնանք ռազմական ճանապարհով այս խնդիրը լուծելու»,- նշում է Ասատրյանը։
Ըստ նրա՝ առայժմ անիմաստ է խոսել տնտեսական բովանդակության և հնարավորությունների մասին, որովհետև Հայաստանն այստեղ որոշիչ դեր չունի, և անորոշությունները շատ են։ Սկզբնական շրջանում Ադրբեջանն է որոշելու՝որքան ապրանք է այդ ճանապարհով Նախիջևան տեղափոխելու, արդյոք խնդիր դնելու է այդ ճանապարհն օգտագործել ավելի երկարաժամկետ ծրագրերի համար։
Հայտնի չէ նաև՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 26% բաժնեմասը, որը պատկանելու է Հայաստանին և մնացած մասը՝ ԱՄՆ-ին, ի՞նչ է տալու Հայաստանին։ Հայաստանն ավելի մեծ ակնկալիքներ պետք է ունենա, ըստ Բագրատ Ասատրյանի, քան ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունից շահույթ ստանալն է, առաջին հերթին՝ ապաշրջափակում։
Պետք է հաշվի առնել նաև փաստը, որ Ադրբեջանը մեր տարածաշրջանում արդեն գործուն տնտեսական ուժ է դարձել, որի հետ հաշվի են նստում՝ ելնելով այն իրական հնարավորություններից, որ ունի Ադրբեջանը՝ գազ, նավթ և այլն։
«Եթե Հայաստանը կարողանա այս ժամանակահատվածում ոտքի կանգնել, ապա այս և մնացած ծրագրերը կունենան իմաստ, բովանդակություն ու հեռանկար»,- ասաց տնտեսագետը։
Հարցազրույցի ընթացքում Բագրատ Ասատրյանի հետ խոսել ենք նաև Իրանում ստեղծված իրավիճակի և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին՝ ինչի՞ հաշվին է աճում տնտեսությունը, ինչպե՞ս են բանկերը ռեկորդային շահույթներ ստանում, և ինչպե՞ս է այդ տեմպը նվազում, կրթության՝ առանցքային խնդիր լինելու մասին, բնակչության կենսամակարդակի և ժողովրդագրական լուրջ խնդիրների մասին։
Ասատրյանի վերլուծության համաձայն՝ 2025 թվականը Հայաստանի ժողովրդագրական պատմության ամենավատ տարիներից մեկն է։ Էապես նվազում է ծնելիությունը, աճում՝մահացությունների ու ամուսնալուծությունների թիվը։
«Իշխանությունները ուզում են ցույց տալ, որ ժողովրդի մասին են մտածում, միշտ առաջ են բերում միտքը, որ բարեկացությունն աճել է, սակայն մարդկանց մի մեծ խումբ կտրված է տնտեսական աճից ու բարեկեցությունից։ Նրանց առօրյան օրվա հացը հայթայթելն է, փոքր պահանջները բավարարելը»,- ասում է տնտեսագետը։
Նրա հաշվարկներով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում Հայաստանում կենսաթոշակներն աճել են 15-20%-ով, մինչդեռ գնաճն առնվազն 35% է: Փաստ է, որ կենսաթոշակների աճը գնաճի տեմպերին համարժեք չէ։
Աշխատավարձների աճը, որը ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը, ևս վիճելի է։ Այն պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աշխատող մարդկանց զգալի մասը ստվերից դուրս է բերվել։ Այսինքն՝ աշխատավարձների ներկայացվող պաշտոնական աճը չի արտացոլում իրական եկամուտները և թվաբանական տեղաշարժ է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել