HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանը 2025-ին սպասարկել է 2105 ուղեւորի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2025 թ. սպասարկել է 2105 ուղեւորի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզկենտրոնի օդային դարպասը 2017-2020 թթ. վերակառուցումից հետո սկսել է ուղեւորներ ընդունել 2023-ի օգոստոսից:

Եթե 2023-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին օդանավակայանից օգտվել էր 207 ուղեւոր, ապա 2024-ին այդ թիվը 1365 էր:

2025-ին, փաստորեն, «Սյունիք» օդանավակայանը նոր նշաձող է սահմանել, սակայն պետք է նկատի ունենալ, որ եղել են ամիսներ, երբ ընդհանրապես կամ գրեթե ուղեւոր չի տեղափոխվել: Օրինակ՝ մարտին ու դեկտեմբերին ուղեւորների թիվը եղել է 0, հոկտեմբերին՝ 1, նոյեմբերին՝ 8: Փոխարենն ամռան ամիսներին եռանիշ ցուցանիշներ են գրանցվել, այդ թվում՝ օգոստոսին ուղեւորների թիվը եղել է 608:

Passengers: YUK (2024-2025)
Infogram

Այս վայրիվերումների գլխավոր պատճառն այն է, որ «Սյունիք» օդանավակայանից օգտվում է միայն «ՆովԷյր» ավիաընկերությունը, որն իրար է կապում Երեւանն ու Կապանը: Ընդ որում՝ ավիափոխադրողն առայժմ ունի միայն 1 օդանավ (L-410 տիպի, որը տեղավորում է 19 ուղեւոր), որը, սակայն, 2025-ի սեպտեմբերին մեկնել է Չեխիա՝ տեխսպասարկման եւ մի քանի ամսով դուրս է եկել շարքից: Տարեվերջյան անկումը պայմանավորված է L-410-ի բացակայությամբ (հոկտեմբեր-նոյեմբերի ուղեւորները տեղափոխվել են այլ փոխադրողի կողմից):

Համեմատության համար ասենք, որ 2025-ին օդային ճանապարհով Երեւանից Կապան է մեկնել 1111 մարդ, հակառակ ուղղությամբ Երեւան է ժամանել 994 հոգի:

Հիշեցնենք, որ «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն ի սկզբանե կատարում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ չորեքշաբթին, իսկ 2025-ի գարնանից չվերթերը կատարվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին (կարեւոր է նշել, որ թռիչքներն իրականացվում են միայն բարենպաստ եղանակային պայմաններում, այլապես չեղարկվում են): Ավիաընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը «Հետքին» հայտնել է, որ կա նաեւ չարտերային (ոչ կանոնավոր, ըստ պատվերի) թռիչքների որոշակի պահանջարկ: 

Կապանի օդանավակայանը 2017-ին 25 տարով անհատույց կոնցեսիոն կառավարման է հանձնվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որի 50 տոկոսի սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամն է: Այս հիմնադրամն է նաեւ «ՆովԷյր» ընկերության եւ դրա միակ ինքնաթիռի սեփականատերը: 

Լուսանկարը՝ primeminister.am-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter