HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եթե «ՆովԷյրը» նոր օդանավ ձեռք չբերի, Երեւանի ու Կապանի միջեւ 4-5 ամիս օդային կապ չի լինի

Երեւան-Կապան-Երեւան թռիչքները առժամանակ դադարեցվել են «ՆովԷյր» ավիաընկերության միակ ինքնաթիռի՝ տեխսպասարկման մեջ գտնվելու հետեւանքով:

19 ուղեւորի համար նախատեսված, չեխական արտադրության L-410UVP-E20 օդանավը (ՀՀ գրանցումը՝ EK-4117) վերջին անգամ Երեւանից Կապան է մեկնել ու վերադարձել սեպտեմբերի 2-ին: Սեպտեմբերի 3-4-ին ինքնաթիռը Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուրգաս (Բուլղարիա)-Բռնո (Չեխիա) երթուղով հասել է Չեխիա, որտեղ այժմ տեխնիկական սպասարկում է անցնում:

Նկատենք, որ Համո Սահյանի անունը կրող օդանավն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին եւս տեխսպասարկման նպատակով գտնվում էր չեխական Կունովիցեում, որը L-410 տիպի ինքնաթիռների «ծննդավայրն» է:

«Հետքի» հարցին, թե ինչու է օդանավն ապրիլին Հայաստան վերադառնալուց 5 ամիս անց կրկին մեկնել Չեխիա, «ՆովԷյր» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանել է, որ օդանավի տեխնիկական սպասարկման ծրագրով նախատեսված են թռիչքաժամային եւ օրացուցային տեխսպասարկման աշխատանքներ։ Գարնանը EK-4117-ը Չեխիայում անցել է տեխսպասարկում 300 թռիչքաժամ շահագործվելուց հետո. «Քանի որ վերջին շրջանում էականորեն ավելացել է ինքնաթիռի շահագործման տեմպը, պլանային սպասարկման անհրաժեշտությունը հաճախակիացել է»։

Կարեն Վարդանյանը՝ աջից, 24.08.2025, Կապան, primeminister.am

Հիշեցնենք, որ «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան առեւտրային (կոմերցիոն) չվերթերը մեկնարկել է 2023-ի օգոստոսին: Նախապես դրանք իրականացվում էին երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ չորեքշաբթին, իսկ այս տարվա գարնանից թռիչքներն իրականացվում են ամեն օր՝ բացի շաբաթ եւ կիրակի օրերից: Ավիաընկերության ղեկավարից տեղեկացել ենք նաեւ, որ կա չարտերային (ոչ կանոնավոր, ըստ պատվերի) թռիչքների որոշակի պահանջարկ:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի սկզբին նորից Չեխիա մեկնելուն, Կ. Վարդանյանը հայտնել է, որ այժմ օդանավն անցնում է 10 տարվա օրացուցային տեխնիկական սպասարկում։

«Հետքը» նախկինում պարբերաբար անդրադարձել է թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի հիմնանորոգմանն ու վերաշահագործմանը, թե՛ «ՆովԷյր» ընկերության կողմից Երեւան-Կապան-Երեւան չվերթի իրականացմանը: Հիշեցնենք, որ L-410UVP-E20 օդանավն արտադրվել է 2015-ին ու նույն տարում կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն (այսինքն՝ առաջին անգամ է անցնում 10 տարվա օրացուցային տեխսպասարկում):

Օդանավը Հայաստան է տեղափոխվել 2018-ի օգոստոսին, իսկ 2019-ի փետրվարին գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում որպես EK-4117: Այն ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով, ներկայում սեփականատերը ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամն է: Վերջինս այս տարվա մարտին դարձել է նաեւ «ՆովԷյր» ՍՊԸ-ի սեփականատեր: 

Հատկանշական է, որ ինքնաթիռը Հայաստան բերվելուց միայն 5 տարի անց՝ 2023-ի օգոստոսին, սկսեց ավիահաղորդակցություն իրականացնել Երեւանի ու Կապանի միջեւ, ինչի համար որ գնվել էր:

EK-4117-ը՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանում, 09.08.2024, հեղ.՝ Մարիուս Հյոպներ, russianplanes.net

Գրել ենք, որ 2023-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղով տեղափոխել է 207 ուղեւորի, իսկ 2024-ի ընթացքում՝ 1365 հոգու (80 չվերթ): Ընդ որում՝ սա ինքնաթիռ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է կատարում, Երեւան-Կապան-Երեւանն էլ առայժմ միակ ներքին չվերթն է մեր երկրում:

2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, ըստ Կարեն Վարդանյանի, EK-4117-ն իրականացրել է 95 չվերթ եւ տեղափոխել 2096 ուղեւոր: Փաստորեն, 9 ամսում կատարվել է ավելի շատ չվերթ, եւ տեղափոխվել է ավելի շատ մարդ, քան ամբողջ 2024-ի ընթացքում:

EK-4117-ի սրահը, Երեւան-Կապան թռիչք, 09.08.2024, հեղ.՝ Մարիուս Հյոպներ, russianplanes.net

«Հետքի» հարցին, թե որքան ժամանակով է միակ օդանավը դուրս եկել շարքից, «ՆովԷյրի» ղեկավարն արձագանքել է. «Մասնագիտական սպասարկում իրականացնող կազմակերպությունը մեզ առաջարկել է պլանային սպասարկման աշխատանքներն իրականացնել 4-5 ամիս ժամկետում»:

Այս ֆոնին տեղեկություններ կային, որ ավիաընկերությունը հետաքրքրված է ֆրանս-իտալական ATR 72 տիպի ինքնաթիռ վարձակալելու տարբերակով: «ՆովԷյրի» տնօրենը չի հերքել, որ նման բան կա. «Մենք բանակցում ենք մի շարք ընկերությունների հետ՝ փոխարինող օդանավ վարձակալելու նպատակով։ Դիտարկում ենք նաեւ մատնանշված տիպի ինքնաթիռ ժամանակավոր վարձակալելու հնարավորությունը։ Փոխարինող օդանավը պետք է համապատասխանի «Սյունիք» օդանավակայանի առանձնահատուկ աշխարհագրական եւ տեխնիկական պայմաններին եւ բավարարի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) սահմանած բոլոր պահանջներին»։

Նշենք, որ ATR 72-ներն արտադրվում են 1980-ականների վերջից եւ L-410-ի նման տուրբոպտուտակային շարժիչներով ինքնաթիռներ են, բայց շատ ավելի տարողունակ են, քան չեխական օդանավերը: Կան տարբեր մոդիֆիկացիաներ, սակայն ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված ATR 72-ի նստատեղերի ստանդարտ քանակը 72 է (առավելագույնը՝ 78):

Ցանկացած ընտրության համար, սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմի պայմանները: Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերին այս աեորոդրոմը սերտիֆիկացվել է 2B դասի, ինչը նշանակում է, որ այն կարող է ընդունել համեմատաբար փոքր օդանավեր: Իսկ ուղեւորային համալիրի թողունակությունը ժամում մինչեւ 100 ուղեւոր է:

Կապան-Երեւան թռիչք, syunik.aero

Ի վերջո, ե՞րբ կվերսկսվեն Երեւան-Կապան-Երեւան թռիչքները: Կ. Վարդանյանի պատասխանը հետեւյալն է. «Թռիչքները վերսկսվելու են փոխարինող օդանավ վարձակալելուց հետո։ Սակայն եթե չհաջողվի համապատասխան օդանավ վարձակալել, ապա չվերթը կվերսկսվի մեր օդանավի տեխնիկական աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո»։ Սա նշանակում է, որ նոր ինքնաթիռ չվարձակալելու դեպքում Երեւանի ու Կապանի միջեւ 4-5 ամիս օդային կապ չի լինի:

«ՆովԷյրի» տնօրենը չի ասում, թե արդյոք առաջիկայում կամ հեռանկարում ծրագրում են սկսել այլ ուղղություններով թռիչքներ, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս: Նշում է, որ դա կոմերցիոն գաղտնիք է, ուստի ներկայում նպատակահարմար չի գտնում այս թեմայով լրացուցիչ ինֆորմացիա տալը: Բայց հավելում է, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է սպասարկել միջազգային չվերթեր։

«Հետքը» գրել է, որ Կապանի եւ Սիսիանի օդանավակայանները ՀՀ միջազգային օդային դարպասների վերածելու գաղափար կա ներկայում, եւ Կապանն առավել մոտ է դրան: Իր հերթին Կարեն Վարդանյանը, որը նաեւ Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, ասում է, որ եթե պետության կողմից միջազգային չվերթեր սպասարկելու խնդիր դրվի, ապա տեխնիկական որոշ ադապտացումներից հետո «Սյունիքը» կարող է միջազգայինի կարգավիճակ ստանալ եւ սպասարկել միջազգային չվերթեր։

Նախկինում գրել ենք, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթն իրականացվում է վիզուալ թռիչքի կանոններով (VFR), ինչը նշանակում է, որ պարտադիր պայման է բարենպաստ եղանակը, այլապես չվերթը չի կայանա: Եվ նման բան պարբերաբար պատահում է: Սակայն աշխատանքներ են կատարվում՝ Երեւանն ու Կապանն իրար կապող չվերթը սարքավորումներով թռիչքի կանոններով (IFR) իրականացնելու համար: Այսինքն՝ այդ դեպքում կարող են թռիչքներ կազմակերպվել նույնիսկ ոչ այնքան նպաստավոր եղանակային պայմաններում: 

«Սյունիքում» արդեն տեղադրվել է ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարք, ձեռք է բերվել VOR/DME ռադիոփարոս: Սա հնարավորություն կտա Կապանի օդանավակայանում վայրէջքի գնալ ոչ միայն վիզուալ տեղորոշիչների օգնությամբ, այլեւ սարքավորումներով: 

Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Միհրան Խաչատրյանն անցյալ տարի «Հետքին» հայտնել էր, որ VOR/DME ռադիոփարոսը տեղադրվելու է Սիսիանի ու Գորիսի միջակայքում գտնվող Հարժիս գյուղում: Դա կօգնի Երեւանից մինչեւ Հարժիս հասնել նաեւ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում: Հարժիսից մինչեւ Կապանի Աճանան գյուղն ընկած հատվածում օդանավը պետք է դուրս գա ամպերից, եւ Աճանանի վրա օդաչուներն արդեն վիզուալ կտեսնեն լուսային փարոսը: Այն, ըստ Միհրան Խաչատրյանի, տեղադրվելու է գյուղապետարանի շենքի վրա: Փարոսը հեռավար է միացվելու «Սյունիք» օդանավակայանի կարգավարների կողմից (օդանավակայանից մինչեւ Աճանան 4 կմ է): Լուսային փարոսն անցնելուց հետո օդանավը պետք է թեքվի աջ (արեւմուտք) կամ ձախ (արեւելք): Երկու ուղղությամբ էլ տեղադրվելու են 3x5 մ չափերի վահանակներ, որոնք պետք է անդրադարձնեն Աճանանի փարոսից եկող լույսը, այսինքն՝ տեղանքին անծանոթ օդաչուների համար դրանք լինելու են կողմնորոշիչներ՝ օգնելով հասկանալ, թե որտեղ է շրջադարձի կետը. վահանակներին հասնելուց հետո օդանավը պետք է շրջադարձ կատարի դեպի աերոդրոմ՝ վայրէջքի համար: 

EK-4117-ի Երեւան-Կապան թռիչքը, 09.08.2024, հեղ.՝ Մարիուս Հյոպներ, russianplanes.net

Մ. Խաչատրյանի տեղեկացմամբ՝ VOR/DME ռադիոփարոսը 2024-ի աշնանն արդեն Հայաստանում էր, դրա համար նախատեսված հողատարածքն արդեն տրամադրված էր, իսկ լուսային փարոսն ու վահանակներն պետք է տեղադրեր ԶՊՄԿ-ն, որի բարեգործական հիմնադրամը ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 % սեփականատերն է (այլ կերպ ասած՝ ԶՊՄԿ-ին են պատկանում Կապանի օդանավակայանի կոնցեսիոներ ընկերության կեսը, Երեւանն ու Կապանն իրար կապող ավիաընկերությունը, ինչպես նաեւ դրա առայժմ միակ ինքնաթիռը): 

Քանի որ Կ. Վարդանյանը նաեւ «Սյունիք» օդանավակայանի գլխավոր տնօրենն է, նրանից հետաքրքրվել էինք, թե ներկայում ինչ ընթացքում են VOR/DME ռադիոփարոսի, Աճանանի լուսային փարոսի եւ շրջադարձի վահանակների տեղադրման աշխատանքները: Նա հայտնել է, որ ռադիոփարոսի տեղադրման եւ շահագործման մասով իրավասու չէ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ այդ աշխատանքներն իրականացնում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն (ենթարկվում է ՔԱԿ-ին), իսկ ահա Աճանանի լուսային փարոսի եւ շրջադարձի վահանակների տեղադրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Վերադառնանք «ՆովԷյրին»: Ինչպես ասվեց, այս տարվա գարնանը փոխվել է ընկերության սեփականատերը: Նախկին փաստացի տերը՝ ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ Արամ Նովելի Մարությանը ընկերությունն օտարել է ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամին (փաստաթղթերով նախկին տերը Մարությանի գործընկեր Տիգրան Շահվերդյանն էր):

Կարեն Վարդանյանից, որը «ՆովԷյրի» տնօրեն է նշանակվել այս տարվա հունիսին, հետաքրքրվել էինք, թե արդյոք նոր սեփականատերը չի պլանավորում անվանափոխել ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն կրում է Արամ Մարությանի հոր անունը: Ի պատասխան՝ Վարդանյանն արձագանքել է. «Մենք չունենք հավաստի տեղեկություն ընկերության անվանման պատմության եւ նշանակության մասին։ Այս պահին նոր սեփականատերը չի պլանավորում ընկերության ռեբրենդինգ, քանի որ «ՆովԷյր» անվանումը ճանաչելիություն ունի գործընկերների եւ հաճախորդների շրջանում»։

Նոր սեփականատիրոջ օրոք ավիափոխադրողը թարմացրել է իր պաշտոնական կայքը, որտեղ, ըստ Վարդանյանի, կարելի է նաեւ առցանց եղանակով տոմսեր ձեռք բերել:

Առաջին լուսանկարում՝ EK-4117-ը՝ Երեւանի երկնքում, 12.08.2024, հեղ.՝ Յակոբ Լանո, planepotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter