
Երեւան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
«ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երեւան-Կապան-Երեւան չվերթի կատարմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին:
Նկատենք, որ այս հիմնադրամին է պատկանում նաեւ այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար եւ ապահովում է Երեւանի ու Կապանի օդային կապը: Հիշեցնենք, որ 2015 թ. արտադրված ինքնաթիռը Հայաստան է տեղափոխվել 2018-ին հենց արտադրող ընկերությունից, իսկ օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել է 2019-ին: L-410-ը ձեռք էր բերել ԶՊՄԿ-ն, որը նաեւ ֆինանսավորել է Կապանի օդանավակայանի վերակառուցումը: Այդուհանդերձ, ի սկզբանե ինքնաթիռի սեփականատեր էր նշվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» երեւանյան ՍՊԸ-ն, սակայն շատ չանցած սեփականատեր գրանցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Այս հիմնադրամը նաեւ Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է (մնացած 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, որը պետական կազմակերպություն է):
Այսպիսով՝ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը ոչ միայն Կապանի «Սյունիք» օդանավայայանի կոնցեսիոներ ընկերությունում մասնակցություն ունի, այլեւ Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն իրականացնող օդանավի սեփանակատերն է, վերջերս էլ դարձել է ինքնաթիռը շահագործող ավիաընկերության սեփականատերը:
Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը «ՆովԷյրը» վաճառել է ԶՊՄԿ-ին
Համո Սահյանի անունը ստացած եւ EK-4117 գրանցումը կրող L-410 օդանավի առաջին (2019-2020 թթ.) շահագործողն «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» (Atlantis Armenian Airlines) ավիաընկերությունն էր, որն ընդգրկված էր «Ատլանտիս» խմբի մեջ: Խմբում ներառված ընկերությունների փաստացի տերը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանն է: 2020-ի աշնանը Մարությանն Atlantis Armenian Airlines-ը օտարեց այլ անձանց՝ փոխարենը հինելով «ՆովԷյր» ընկերությունը, որն էլ դարձավ L-410 ինքնաթիռի նոր շահագործողը: «ՆովԷյրն», ըստ էության, Մարությանի հոր անունն է կրում:
Այդուհանդերձ, «Ատլանտիս» խմբի ոչ բոլոր ընկերություններում է որպես սեփականատեր երեւում Արամ Մարությանի անունը: Դրանցից մեկը հենց «ՆովԷյր» ՍՊԸ-ն է, որի միանձնյա տերերը հիմնադրումից՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր, ըստ փաստաթղթերի, եղել են Մարությանին փոխկապակցված անձինք՝ Սուրեն Ավագյանը (2020 թ.), Արսեն Ասլանյանը (2020-2022 թթ.), Տիգրան Շահվերդյանը (2022-2025 թթ.): Վերջինս, մասնավորապես, Մարությանի բիզնես գործընկերներից է, ու ժամանակին եղել է Atlantis Armenian Airlines-ի ֆինանսական տնօրենը:
Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, Շահվերդյանի փոխարեն «ՆովԷյր» ՍՊԸ-ի միակ սեփականատեր է գրանցվել ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է կոմբինատի հասցեում՝ Քաջարան քաղաքում:
«ՆովԷյրը» մեկ ամսից ավելի Կապան չի թռել
Երեւանյան «ՆովԷյր» ավիաընկերությունը չնայած հիմնադրվել է 2020-ի աշնանը՝ թիրախում ունենալով մայրաքաղաքի ու Սյունիքի մարզկենտրոնի օդային կապի ապահովումը, միայն 2023-ի օգոստոսից է սկսել մարդատար թռիչքները Երեւան-Կապան-Երեւան ուղեգծով: Ընդ որում՝ վերջին անգամ նման թռիչք կայացել է այս տարվա փետրվարի 26-ին:
Հիշեցնենք, որ «ՆովԷյրն» ու դրա L-410 օդանավը միակն են հայկական ավիացիայում, որ իրականացնում են ներքին չվերթեր, իսկ ինքնաթիռ շահագործող հայկական մյուս օպերատորներն աշխատում են միջազգային երթուղիների վրա:
EK-4117-ը՝ Երեւանի երկնքում, 12.08.2024, հեղ.՝ Յակոբ Լանո (planepotters.net)
Փետրվարի 26-ին Կապանից վերադառնալուց հետո EK-4117-ը կանգնած էր «Զվարթնոցում»: Մարտի 20-21-ին օդանավը Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուխարեստ (Ռումինիա)-Կունովիցե (Չեխիա) երթուղով մեկնել է «հայրենիք»: Բանն այն է, որ L-410 օդանավերն արտադրվում են Կունովիցեում, եւ պատահական չէ, որ «ՆովԷյրի» ինքնաթիռը հենց այստեղ է մեկնել: Նպատակը օդանավի վրա C-check կոչվող տեխսպասարկման աշխատանքների իրականացումն է: Սրանք պարտադիր պլանային աշխատանքներ են, որոնք ներկայում հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Ապրիլի 9-10-ին EK-4117-ը Կունովիցե-Բուրգաս (Բուլղարիա)-Սամսուն-Երեւան ուղեգծով վերադարձել է Հայաստան:
Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ EK-4117-ը տեխսպասարկման աշխատանքների համար մեկնում է Չեխիա: Մասնավորապես 2022-ի գարնանը եւս օդանավը նկատել էին Կունովիցեի օդանավակայանում:
EK-4117-ը՝ Կունովիցեի օդանավակայանում, 26.05.2022, հեղ.՝ Յան Լեկեշ (plane.cz)
Այսպիսով՝ «ՆովԷյրի» միակ օդանավի վրա տեխնիկական աշխատանքների կատարումը հանգեցրել է նրան, որ Երեւանի ու Կապանի միջեւ օդային հաղորդակցությունն առժամանակ դադարեցվել է:
Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Երեւան-Կապան-Երեւան երթուղով իրականացվել է 26 չվերթ, իսկ 2024-ի ընթացքում՝ 80 չվերթ: Եթե 2023-ին տեղափոխվել է 207 ուղեւոր, ապա 2024-ին Երեւանի ու Կապանի օդային կապից օգտվել է 1365 մարդ:
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա, ըստ թռիչքերին առցանց հետեւող flightradar24.com կայքի, հունվար-փետրվար ամիսներին իրականացվել է Երեւան-Կապան-Երեւան երթուղով 20 չվերթ, որից 13-ը՝ հունվարին, 7-ը՝ փետրվարին: Մարտին թռիչքներ չեն եղել, չնայած «Զվարթնոց» օդանավակայանի մարտ ամսվա չվացուցակում նշվել է, որ «ՆովԷյրը» մինչեւ ամսի 29-ը դեպի Կապան հետադարձով չվերթեր ունի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբի եւ ուրբաթ: Իսկ ահա «Զվարթնոցի» ապրիլյան չվացուցակում «ՆովԷյրի» թռիչքների մասին ինֆորմացիա չկա:
Առաջիկայում դեպի Կապան թռիչքները կվերսկսվեն
Flightradar24.com կայքում Երեւան-Կապան-Երեւան չվերթը ապրիլի 11-ից սկսած նշված է ամեն օր (ինչպես ասվեց, փաստացի փետրվարի 26-ից այս կողմ չվերթեր չեն եղել): «Զվարթնոց» օդանավակայանի կայքի առցանց չվացուցակում եւս ամեն օր նշվում է այս չվերթը, սակայն հետո ավելացվում է «չեղյալ» նշումը:
Պարզելու համար, թե երբ են վերսկսվելու թռիչքները, մենք զանգահարեցինք «ՆովԷյրի» կայքում նշված հեռախոսահամարին, որն «Ատլանտիս» խմբի ընկերությունների կոնտակտային համարն է:
«Ատլանտիս» խմբից տեղեկացրին, որ իրենք այլեւս կապ չունեն «ՆովԷյր» ավիաընկերության հետ, ինչն իսկապես այդպես է, քանի որ օպերատորն այլեւս պատկանում է ԶՊՄԿ-ին: Այդուհանդերձ, «Ատլանտիսից» մեզ փոխանցեցին, որ առաջիկայում «ՆովԷյրը» վերսկսելու է Երեւան-Կապան-Երեւան չվերթերը, բայց եթե նախկինում դրանք իրականացվում էին երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ապա այսուհետ թռիչքներ լինելու են ամեն օր: Միաժամանակ հայտնեցին, որ այս պահին տոմսեր դեռ չեն վաճառվում, քանի որ «ՆովԷյրը» նոր գրասենյակ է բացելու Երեւանում՝ դուրս գալով «Ատլանտիս» խմբի հասցեից (Սայաթ-Նովայի 29), որտեղ գործում է նաեւ Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանի գրասենյակը:
Առաջին լուսանկարում՝ EK-4117-ը՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանում, 09.08.2024, հեղ.՝ Մարիուս Հյոպներ (russianplanes.net)
Մեկնաբանել